Եվս 10 տարով
վերադառնալ բովանդակությանըՀայաստանը սկսել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու նախագծի գործնական փուլը։ Զուգահեռաբար երկրում ակտիվ քննարկումներ են ընթանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շուրջ, միգուցե այն կլինի ռուսական դիզայնի։
Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները գործնական փուլ են մտնում։ Այս մասին լրագրողներին ասել է երկրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
«Մի շարք իրավական, բյուրոկրատական (գործընթացներից), կառավարության որոշումներից հետո մենք հասնում ենք գործնական փուլ»,- ընդգծեց նախարարը։
Ներկայում 440 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱԷԿ-ը ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 30%-ը։ Կայանի նախագծային ժամկետը լրացել է 2016թ.։ Ռոսատոմի մասնակցությամբ իրականացված լայնածավալ արդիականացման շնորհիվ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Սեպտեմբերի կեսերին ՀՀ կառավարությունը հաստատել է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ծրագիրը։
«Մյուս առանցքային նպատակն է օգտագործել այս ամբողջ ժամանակահատվածը նոր էներգաբլոկի ստեղծման վրա աշխատելու համար, որպեսզի երբ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը ավարտվի, նորը պատրաստ լինի։ Աշխատանքներ են տարվում նաև այս ուղղությամբ»,- ասաց Գնել Սանոսյանը։
Ատոմային էներգիայի զարգացումը՝ մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ անվտանգության ռազմավարության պահանջն է, հիշեցրել է ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, հաղորդում է «ԱրմԻնֆո»-ն։ Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման խնդիր է դնում և բանակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Կորեայի հետ։
Այս առնչությամբ Մարջանյանը հիշեցրեց, որ վերջերս ամերիկյան NuScale Power ընկերությունը, որի հետ փաստացի բանակցություններ էին վարվում, հայտարարեց Այդահոյում իր տեսակի մեջ առաջին ատոմակայանի կառուցման՝ VOYGR-6, որը բաղկացած է 77 ՄՎտ 6 բլոկներից ընդհանուր 462 ՄՎտ հզորությամբ նախագծից հրաժարվելու մասին։
Մարջանյանն ընդգծեց, որ Հայաստանի համար նոր ատոմային էներգաբլոկի նախագծման առավել ընդունելի տարբերակը ռուսական նախագծման բլոկներն են, որոնք ապացուցել են իրենց անվտանգությունն ու արդյունավետությունը ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհի շատ երկրներում։ «Վերջերս Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի ատոմային էներգետիկայի հիմնախնդիրներին, որին մասնակցում էին այս ոլորտի ականավոր գիտնականներ և մասնագետներ։ Քննարկումների արդյունքներով ապացուցվել է հայ մասնագետներին ծանոթ ռուսական ՋՋԷՌ տիպի էներգաբլոկի արդյունավետությունը, որն ունակ է աշխատել 100 տարի»,- հիշեցրեց Մարջանյանը։
2023 թվականի սկզբին Ռուսաստանը Հայաստանի համար կազմել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում (նախատնտեսական ուսումնասիրություն)՝ ՋՋԷՌ-1200 ռեակտորով ատոմակայանի նախագծի համար։ Սա անվտանգության 3+ սերնդի կայան է՝ պաշտպանվածության մի քանի աստիճաններով:
Ռուս և հայ ատոմագործները փոխգործակցում են ոչ միայն էներգետիկ ոլորտում։ Վերջերս Հայաստանից վեց մասնակիցներ դարձան Ռոսատոմի Global Atomic Quiz – 2023 միջազգային վիկտորինայի հաղթողներ: Վիկտորինան ավանդաբար անցկացվել է նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրը: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 10000 մարդ աշխարհի ավելի քան 60 երկրից: Գիտահանրամատչելի վիկտորինայի ձևաչափը թույլ է տալիս բոլորին ոչ միայն ստուգել իրենց հորիզոնները, այլև նոր բան սովորել մարդու կյանքի տարբեր ոլորտներում խաղաղ ատոմի կիրառման մասին: Մրցույթի հաղթող է դարձել ամենաշատ միավորներ հավաքած 100 մասնակից: Նրանք ստացել են արժեքավոր մրցանակների։