Ռոսատոմը բարենպաստ քամի է որսում
վերադառնալ բովանդակությանըՌոսատոմի հողմաէներգետիկ ուղղության խնդիրն է՝ դիվերսիֆիկացնել պետկորպորացիայի առաջարկը ցածր ածխածնային էներգետիկայի ոլորտում։ Ստորաբաժանումը, որը սկսվել է Ռուսաստանում սարքավորումների արտադրության տեղայնացմամբ, այժմ ինքնուրույն դուրս է գալիս արտաքին շուկաներ։
Ռոսատոմի կառուցվածքում հողմաէներգետիկ ստորաբաժանումը ստեղծվել է 2017 թվականի սեպտեմբերին, նրա գործունեությունը կառուցված է երեք ուղղություններով։ Առաջինը՝ հողմակայանների ստեղծումն է՝ թույլտվություն ստանալուց և նախագծումից մինչև շահագործման հանձնելը։ Երկրորդը՝ հողմակայանների շահագործումն ու էլեկտրաէներգիայի վաճառքն է, այդ թվում՝ կանաչ սերտիֆիկատների համակարգի միջոցով։ Երրորդը՝ հողմակայանքների համար բաղադրամասերի արտադրությունն է։ Այսպիսով, Ռոսատոմի կառուցվածքը կուտակել է բոլոր առանցքային իրավասությունները, որոնք անհրաժեշտ են երկրում հողմաէներգետիկայի համակողմանի զարգացման համար։
Շինարարություն
Ռոսատոմը նշանակալից խաղացող է Ռուսաստանի հողմաէներգետիկ շուկայում։ Պետկորպորացիան երկրի հարավային շրջաններում կառուցել և շահագործում է ինը հողմակայան։ Վերջին օրինակը՝ 35 ՄՎտ հզորությամբ Տրունովսկայա հողմակայանի երկրորդ հերթն է, որը 2024 թվականի մարտին սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել միասնական էներգահամակարգին։ Ռոսատոմի հողմակայանների ընդհանուր հզորությունը 1035 ՄՎտ է։
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Նովոլակսկայա հողմակայանի (Դաղստանի Հանրապետություն) կառուցման համար՝ 300 ՄՎտ հզորությամբ։ Ակնկալվում է, որ աշխատանքները կսկսվեն այս տարի։ Մինչև 2027 թվականը Ռոսատոմի հողմակայանների պարկը կաճի մինչև 1,7 ԳՎտ:
Շահագործում
Կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան՝ Ռոսատոմը պատասխանատու սպառողներին վաճառում է հողմակայաններում արտադրված էլեկտրաէներգիան։ Մասնավորապես, պայմանագրեր են կնքվել «Սիբուր» հոլդինգի և «Դելո» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված կառույցների հետ։
Այս տարվա փետրվարին հողմաէներգետիկ ստորաբաժանման ձեռնարկությունները միացել են ռուսական արտադրության ատրիբուտների և էլեկտրաէներգիայի ծագման վկայագրերի համակարգին։ Նման վկայագրերը, որոնք նշում են արտադրության աղբյուրը, արտադրված էլեկտրաէներգիայի քանակը և այլն, հաստատում են, որ էլեկտրաէներգիան ստացվել է էներգիայի վերականգնվող աղբյուրներից։
Բաղադրիչների արտադրություն
Ռոսատոմն իր մեքենաշինական հարթակում արտադրում է հողմակայանքների բաղադրիչներ: Վոլգոդոնսկում գտնվող ստորաբաժանման գործարանը արտադրում է հանգույցներ, գոնդոլներ, գեներատորներ և հովացման համակարգեր: Արտադրության նախագծային հզորությունը՝ տարեկան 120 տուրբին է, ընկերությունը դրան հասել է 2020 թվականին։
Ռոսատոմն արտադրում է գեներատորներ՝ առանց փոխանցումատուփերի, դրանք ավելի պարզ, հուսալի և խնայող են, քանի որ սարքավորումների խափանումները և էներգիայի կորուստները նվազում են, ինչը հատկապես կարևոր է քամու միջին արագության պայմաններում (ինչպես Ռուսաստանում):
Բացի այդ, Ռոսատոմը մտադիր է հիմնել քամու գեներատորների շեղբերի արտադրություն։ Սպասվում է, որ մինչև այս տարվա վերջ պետկորպորացիայի կոմպոզիտային ստորաբաժանումը կսկսի մոտ 50 մ երկարությամբ հողմային շեղբեր արտադրել ձեռնարկության արտադրական հզորությունը՝ տարեկան 450 շեղբ։
Ռոսատոմը նաև աշխատում է հողմային էլեկտրակայանների գեներատորներ ստեղծելու համար անհրաժեշտ հաստատուն մագնիսների արտադրության ստեղծման ուղղությամբ։ Այդ մասին առավել մանրամասն գրել ենք Newsletter-ի նախորդ համարում։
Հողմակայանների վերահսկումն ու կառավարումն ավտոմատացնելու համար հողմաէներգետիկ ստորաբաժանումը մշակել է ներմուծումից անկախ ծրագրային լուծում, որը թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել տեղեկատվություն յուրաքանչյուր կայանքի աշխատանքի վերաբերյալ՝ արագ արձագանքման և վերլուծության համար:
Բացի այդ, Ռոսատոմը կառուցում է մատակարարման տեղական շղթաներ՝ համագործակցելով մոտ 70 ռուսական ընկերությունների հետ, որոնք արտադրում են հողմակայանքների աշտարակներ, գոնդոլների պատյաններ և շրջանակներ, ռոտորի և ստատորի լամիցված թիթեղներ և այլն:
Ելք դեպի նոր շուկաներ
Ունենալով Ռուսաստանում հողմաէներգետիկ նախագծերի ստեղծման համակարգային իրավասություններ, Ռոսատոմն առաջարկում է այլ երկրներում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ արտադրական կայանքներ կառուցել՝ դրանով իսկ նպաստելով նրանց էներգետիկ ինքնիշխանության ստեղծմանը։
Արտասահմանում հողմակայաններ ստեղծելու Ռոսատոմի ծրագիրը ներառում է մինչև 2030 թվականը մինչև 5 ԳՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերի կառուցում։ Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ ԱՊՀ երկրները, Վիետնամը, Մյանման և Թուրքիան։
Այսպես, «Ատոմէքսպո-2024» համաժողովում, որն անցկացվել է այս տարվա մարտին Սոչիում, Ռոսատոմը համաձայնագիր է ստորագրել Ղրղզստանի էներգետիկայի նախարարության հետ մինչև 1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայանների վերականգնվող էներգիայի օբյեկտների կառուցման ներդրումային նախագծի մշակման և իրականացման վերաբերյալ։ Այս համաձայնագրի իրականացումը սկսվել է Իսիկ-Կուլի շրջանում հողմակայանի կառուցման փորձնական նախագծով, որի վայրում ավարտվել են հնագիտական և երկրաբանական հետազոտությունները և իրականացվում են քամու չափումներ։ Շարունակվում են հողմակայանի նախագծման նախապատրաստական աշխատանքները, նախաձեռնվել է Ղրղզստանի նախարարի կաբինետի հետ ներդրումային նախագծի համաձայնեցման և ստորագրման աշխատանք։ Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել լրացուցիչ տեղամասեր՝ մինչև 900 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ արտադրական օբյեկտների ստեղծման համար։ Ծրագրերի իրականացումը կբարելավի վերջնական սպառողներին էներգիայի մատակարարման որակն ու հուսալիությունը և կդիվերսիֆիկացնի երկրի էներգետիկ հաշվեկշիռը:
Բացի այդ, 2023 թվականին Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Zeya & Associates-ի հետ ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ Կենտրոնական Մյանմայի Մանդալայ շրջանում 200 ՄՎտ հզորությամբ հողմակայանի կառուցման նախագիծ իրականացնելու վերաբերյալ: 2023 թվականի վերջին տեղադրվել է քամու չափման համալիր՝ ընտրված տեղամասերում քամու ներուժը գնահատելու համար: Ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակվել և համաձայնեցվել է Մյանմայի էներգետիկայի նախարարության հետ: Այս տարի հողմաէներգետիկ ստորաբաժանումը սկսեց բանակցել Մյանմայի էներգետիկայի նախարարության հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանների շուրջ: Ծրագիրը կնպաստի տարածաշրջանում էներգիայի հասանելիության մակարդակի բարձրացմանը և երկրի էներգետիկ համակարգում կանաչ արտադրության տեսակարար կշռի ավելացմանը:
«Ռոսատոմը շահագրգռված է Ռուսաստանի բարեկամ երկրներում վերականգնվող էներգետիկայի նախագծեր իրականացմամբ։ Մենք ունենք բոլոր անհրաժեշտ իրավասությունները հողմակայանների կառուցման և շահագործման համար»,- վստահ է Ռոսատոմի հողմաէներգետիկ ստորաբաժանման ղեկավար Գրիգորի Նազարովը։