ՊՄՏՀ-2024. միջազգային համագործակցությունը շարունակվում է
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#278Հունիսի 2024

ՊՄՏՀ-2024. միջազգային համագործակցությունը շարունակվում է

վերադառնալ բովանդակությանը

Պետերբուրգյան տնտեսական համաժողովի ընտացքում Ռոսատոմը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, պետկորպորացիայի թոփ-մենեջերները բանակցություններ են վարել առանցքային շահագրգիռ կողմերի հետ և մասնակցել նիստերի, որտեղ քննարկվել են նոր տնտեսական կապերի կառուցումը: Ընդհանուր առմամբ, Ռոսատոմը, չնայած պատժամիջոցների աննախադեպ ճնշմանը, շարունակում է մեծացնել համագործակցությունը միջազգային հանրության հետ։

Համաձայնագրեր

Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը երեք հուշագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոյի էներգետիկայի, հանքերի և քարհանքերի նախարար Յակուբա Զաբրե Գուբայի հետ։ Առաջինը վերաբերում է ատոմային էներգետիկայում կադրերի կրթությանն ու վերապատրաստմանը: Կողմերը կզարգացնեն փոխգործակցությունը մասնագիտացված ուսումնական հաստատությունների միջև, կկազմակերպեն կարճաժամկետ կրթական ծրագրեր, կբարձրացնեն դասախոսների որակավորումը, կմշակեն կրթական և գիտական ​​գրականություն և կփոխանակվեն ուսանողներով։ Միջոցառումների նպատակը՝ Բուրկինա Ֆասոյի ատոմային ոլորտի համար ապագա կադրերի պատրաստումն է։

Երկրորդ հուշագիրը ուղղված է միջուկային ենթակառուցվածքների գնահատմանը և զարգացմանը։ Աշխատանքներն ընթանալու են ՄԱԳԱՏԷ-ի մոտեցումներին ու առաջարկություններին և Ռոսատոմի լավագույն փորձին համապատասխան։ Երրորդը ուղղված է ատոմային էներգետիկայի նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի ձևավորումանը և Բուրկինա Ֆասոյի բնակիչներին տեղեկացմանը՝ միջուկային տեխնոլոգիաների առավելությունների մասին, այդ թվում ոչ էներգետիկ, որոնք կիրառվում են բժշկության և գյուղատնտեսության մեջ:

Ռոսատոմի մեքենաշինական ստորաբաժանումը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Գվինեայի Հանրապետության գործընկերների հետ՝ նախատեսելով համագործակցություն երկրին էներգամատակարարման համար լողացող էներգաբլոկերի նախագծի շուրջ։ Կողմերը կքննարկեն Գվինեայի Հանրապետության համար ՌԻՏՄ-200 ռեակտորային կայանքներով լողացող էներգաբլոկերի ստեղծման հնարավորությունը, որոնք արդեն ապացուցել են իրենց գործառնական արդյունավետությունը, և կմշակեն նախագծի ժամկետներն ու պայմանները։ «Աֆրիկյան տարածաշրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը շատ սուր է, և մեր հիմնական նպատակն է արագ, հուսալի և էկոլոգիապես մաքուր լուծում ապահովել մեր գործընկերների համար: Ստորագրված հուշագիրը վկայում է աշխարհում մեր տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրության մասին»,- ասել է մեքենաշինական ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ապտեկարևը։

«Ռոսատոմը» և Hainan Yangpu NewNew Shipping Co. բեռնափոխադրող չինական ընկերությունը պայմանավորվել են երկու երկրների նավահանգիստների միջև ամբողջ տարվա ընթացքում կոնտեյներային գիծ կազմակերպել՝ օգտագործելով Հյուսիսային ծովային երթուղու ջրային տարածքը: «Անցյալ տարի ընկերությունը յոթ չվերթ է իրականացրել ՀԾԵ-ով, այս տարի ակնկալում ենք 12-ը»,-նշել է «Ռոսատոմի» Արկտիկայի զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Պանովը:

Բանակցություններ

Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ «Հունգարիան տասնամյակներ շարունակ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ ատոմային էներգետիկայի ոլորտում, և մենք գոհ ենք այս համագործակցությունից։ Առանց ատոմային էներգետիկայի մենք չէինք կարողանա ապահովել մեր երկրում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարումը», — հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է Պետեր Սիյարտոն։ Նա հիշեցրել է, որ ատոմին մասնաբաժին է ընկնում Հունգարիայում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի կեսը, իսկ երկրում միակ ատոմակայան «Պակշ»-ի միջուկային վառելիքը Ռուսաստանից է մատակարարվում: «Միջուկային վառելիքի դեմ պատժամիջոցների սահմանումը բացարձակապես անհնարին կդարձնի մեր երկրի անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ իսկ պատճառով մենք ոչ միայն չենք աջակցում միջուկային էներգետիկայի նկատմամբ պատժամիջոցներին, այլ նաև շահագրգռված ենք միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության հետագա բարելավմամբ, պարզապես այն պատճառով, որ նման համագործակցությունը համահունչ է մեր ազգային շահերին»,- եզրափակեց նախարարը։

Ռոսատոմի ղեկավարը հանդիպել է նաև Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը և լիթիումի արդյունաբերության ոլորտում ձոծգորժակցությունը։ Ալեքսեյ Լիխաչովը խոսել է Բոլիվիայի Էլ-Ալտոյում Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման ընթացքի մասին և հաստատել պլանավորված ժամկետներում դրա բոլոր օբյեկտների շինարարությունն ավարտելու ծրագրերը։

Նիստեր

«Ռուսաստան — Լատինական Ամերիկա» նիստում «Ռուսատոմ – միջազգային ցանց» մասնավոր հաստատության (Ռոսատոմի մաս) գլխավոր տնօրեն Վադիմ Տիտովը նշել է, որ պետկորպորացիայի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ուղղություններով։ «Ռոսատոմը երկար տարիներ ներկա է Լատինական Ամերիկայի շուկաներում և առաջարկում է տեխնոլոգիական լուծումների լայն տեսականի: Մենք արդեն մատակարարում ենք ուրանի արտադրանք վառելիքի համար Բրազիլիայի և Մեքսիկայի ատոմակայաններին և տեսնում ենք էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարներ։ Ակտիվորեն աշխատում ենք Բոլիվիայում. կառուցում ենք Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոն, մշակում ենք լիթիումային նախագծեր»,- ասել է Վադիմ Տիտովը։ Լատինական Ամերիկայի շուկայում պետկորպորացիայի առանցքային ոլորտներից մեկը` միջուկային բժշկությունն է։ Անցած տարվա արդյունքներով, Պետկորպորացիայի իզոտոպային արտադրանքի արտահանումն աճել է 15%-ով, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի երկրներ մատակարարումների հաշվին։

Օտարերկրյա նոր գործընկերների հետ կապեր հաստատելու թեման ընդհանուր առմամբ ՊՄՏՀ-ի ըթացքում առանցքային էր։ Ռոսատոմը նաև այս ոլորտում ունի զարգացած իրավասություններ և կարողություններ. պետկորպորացիան գործում է աշխարհի 60 երկրներում, շատերում կան տարածաշրջանային գրասենյակներ: Այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք հասկանում են տեղական միջավայրը, ճանաչում են հիմնական շահագրգիռ կողմերին, և Ռոսատոմը պատրաստ է կիսվել այս ենթակառուցվածքով: «Մենք մեր առաքելությունը տեսնում ենք որպես գլոբալ ինտեգրատոր, որը ներդրում է առաջադեմ լուծումներ մարդկանց, երկրների և մոլորակի լավագույն կյանքի համար: Մենք մեր աշխատանքը չենք դիտարկում միայն որպես բիզնես։ Մեզ համար սա առաջին հերթին հարգանքի և հավասարության վրա հիմնված համագործակցություն է, որում մենք առատաձեռնորեն կիսում ենք մեր գիտելիքներն ու տեխնոլոգիաները»,- «Տեխնոլոգիական հորիզոն. Ոչ ռեսուրսային արտահանման մոդելներ» նիստի ժամանակ հայտարարեց Ռոսատոմի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Զարգացման և միջազգային բիզնես բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

Ալեքսեյ Լիխաչով. «Տեխնոլոգիան և գիտությունը չեն կարող դառնալ մարդկության հիմնարար զարգացման շարժիչ առանց երրորդ հարթության՝ բարոյական արժեքների։ Աշխարհը, իմ կարծիքով, պետք է կառավարի արդարության հետ կապված գաղափարը, բայց ոչ սոցիալիզմի կամ կոմունիզմի գռեհիկ ըմբռնմամբ, այլ մարդկային զարգացման համար արդար, հավասար պայմաններ ստեղծելու, նրա տաղանդները առավելագույնս բացահայտելու իմաստով։ Այն արդիական է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ռուսաստանի երիտասարդների համար»: