Հիմնվելով ԲՐԻՔՍ–ի հարթակին
վերադառնալ բովանդակությանըԱտոմային տեխնոլոգիաները դարձել են հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻՔՍ գագաթնաժողովի թեմաներից մեկը։ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Եգիպտոսի ղեկավարները քննարկել են ԱԷԿ–րի կառուցման հարցը, Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը մեկնաբանել է շինարարությունները Հնդկաստանում և Եգիօտոսում։ Բացի այդ, գագաթնաժողովից առաջ անցկացվել են նեղ մասնագիտացված միջոցառումներ, որոնց մասնակցել է նաև Ռոսատոմը։
Կառուցումը շարունակվում է
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Աքքույու» ԱԷԿ–ի իրագործման առաջընթացը։ «Համատեղ առաջնային նախագիծը՝ թուրքական առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցումն է։ Բոլոր չորս էներգաբլոկներում միաժամանակ Շուրջօրյա աշխատանքներ են կատարվում», — ասել է Վլադիմիր Պուտինը։
Իրանի ղեկավար Մասուդ Պեզեշկիանի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը երկու երկրների առաջնահերթություններից է համարել «Բուշեր» ԱԷԿ–ի շուրջ համագործակցությունը։
Մեկ այլ լայնածավալ նախագիծ՝ եգիպտական «Էլ-Դաբաա» ԱԷԿ–ի կառուցումը, դարձավ Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահների քննարկման առարկան։ «Մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը 2018 թվականին ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո, հատկապես խոշոր նախագծերի իրականացման առումով», — ասել է Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթահ Սիսին։
Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ արեւմտյան պատժամիջոցները էական ազդեցություն չեն ունեցել «Էլ-Դաբաա» նախագծի իրականացման վրա։ «Առաջին հերթին Եգիպտոսի ղեկավարության և նույնիսկ, համարձակվում եմ ասել, Եգիպտոսի ժողովրդի կամքն իրականացնել այս նախագիծն այնքան բարձր է, մենք այնքան ոգեշնչված ենք սերնդային այնպիսի լուրջ խնդիրով, որ լուծումներ ենք գտնում», — մեկնաբանել է շինարարության առաջընթացը Ալեքսեյ Լիխաչովը։ Նա նաև ուրվագծեց Հնդկաստանում «Կուդանկուլամ» ԱԷԿ–ի կառուցման հեռանկարները. «Երկու բլոկներ աշխատում են արդյունաբերական ձևաչափով, երկու բլոկները գտնվում են պատրաստության բարձր աստիճանի վրա, մենք ակնկալում ենք գործարկման ընթացակարգեր 2025-2026 թվականներին»:
Միջուկային հարթակ
Գագաթնաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների խոշորագույն մասնագիտացված ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները քննարկել են գլոբալ ատոմային արդյունաբերության համար կարևոր նախաձեռնություն՝ միջուկային էներգետիկայի նոր հարթակ։ Նոր միավորման էությունը բացատրեց Ալեքսեյ Լիխաչովը. «Միավորման գրեթե բոլոր երկրներում ատոմային էներգետիկայի ոլորտում նախագծեր են իրականացվում։ ԲՐԻՔՍԻ-ի շատ անդամներ այսօր հանդիսանում են միջազգային միջուկային շուկայի տեխնոլոգիական շարժիչ ուժեր: Ուստի մենք առաջարկում ենք միավորել ուժերը ԲՐԻՔՍ ատոմային պլատֆորմի շրջանակներում՝ միջուկային տեխնոլոգիաների զարգացմանն ու ներդրմանը աջակցող ընկերությունների, պրոֆեսիոնալ միջուկային համայնքների և հասարակական կազմակերպությունների կամավոր դաշինք»,- ասել է Ալեքսեյ Լիխաչովը։
Պլատֆորմի հիմնական նպատակն է` ԲՐԻՔՍ և ԲՐԻՔՍ+ շուկաներում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների էներգետիկ և ոչ էներգետիկ կիրառման լավագույն փորձի և առաջադեմ մոտեցումների մշակումն ու ներդրումը, միջուկային նախագծերը խթանող մեխանիզմների և մոդելների զարգացումը:
Ներկայումս, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, աշխարհում գործում է 440 բլոկ՝ մոտ 395 ԳՎտ ընդհանուր հզորությամբ, կառուցվում է ևս 63 բլոկ՝ 66,1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ: Ռուս փորձագետների կարծիքով, մինչև 2050 թվականը ԲՐԻՔՍ երկրներին բաժին կհասնի աշխարհում էներգիայի արտադրության և սպառման առնվազն կեսը։ Ատոմը մեծ նշանակություն ունի միավորման երկրների էներգետիկ հաշվեկշիռների համար. մինչև 2030 թվականը ատոմակայանների համաշխարհային պարկի ավելացման առնվազն երկու երրորդը կապահովեն ԲՐԻՔՍ երկրները։
Միջուկային արդյունաբերության զարգացման բրազիլական ասոցիացիայի (ABDAN) վերահսկիչ խորհրդի փոխնախագահ Օրպետ Պեյշոտուն վստահություն է հայտնել, որ նոր հարթակի շրջանակներում համագործակցությունը արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար։ Որպես օրինակ նա բերեց Բրազիլիան. «Մենք այն քիչ երկրներից ենք, որոնք ունեն միջուկային վառելիքային ցիկլի բոլոր տարրերը: Բայց մենք աջակցության կարիք ունենք, ֆինանսավորման կարիք ունենք, և մենք գիտենք, որ այն կարող ենք ստանալ ԲՐԻՔՍ երկրների հետ համագործակցության միջոցով: Նոր հարթակը մեծ հնարավորություններ է բացում մեզ համար», — ասաց Օրպետ Պեյշոտուն:
Այլ ուղղություններով
Ռոսատոմը ակտիվորեն մասնակցում է ԲԻՔՍԻ-ի տարբեր միջոցառումներին։ Այսպես, հոկտեմբերին Ռոսատոմի ներկայացուցիչները մասնակցեցին ԲՐԻՔՍ գիտակրթական կոնգրեսին՝ նվիրված էկոլոգիայի և կլիմայի փոփոխությանը։ Դրա թեմաներից էր պրոֆիլային մասնագետների պատրաստումը։
Սեպտեմբերին Ալեքսեյ Լիխաչովը, ելույթ ունենալով ԲՐԻՔՍ VI երիտասարդական էներգետիկ գագաթնաժողովում, դասախոսություն կարդաց միավորման երկրների էներգետիկ ոլորտում Ռուսաստանի ներդրման մասին: «Գլխավոր խնդիրը, որը պետք է լուծվի էներգետիկ անցումն ապահովելու համար՝ փոխել գլոբալ էներգետիկ հաշվեկշիռը ածխածնից ազատ էներգետիկայի օգտին։ Իսկ ատոմային էներգետիկան այստեղ միանշանակ առանցքային դեր է խաղալու»,- ասաց նա։
Ռուսական Իննոպոլիսում կայացած ԲՐԻՔՍ թվային ֆորումում կապի նախարարների հանդիպմանը ռուսական կողմը ներկայացրել է Ապագա տեխնոլոգիաների համալսարանը` միջազգային գիտակրթական կենտրոն, որտեղ կստեղծվեն քվանտային և կենսաբժշկական տեխնոլոգիաներ և նոր նյութեր: Ռոսատոմը համալսարանի հիմնադիրներից է։
Հունիսին Ատոմֆլոտը Մուրմանսկի իր բազայում հյուրընկալել էր օվկիանոսային և բևեռային հետազոտական գոտիներում համագործակցության հարցերով ԲՐԻՔՍ աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հանդիպման մասնակիցներն այցելեցին «ԳլավՍևմորպուտ» ծովային օպերացիաների շտաբ, ծանոթացան միջուկային սառցահատներում կիրառվող տեխնոլոգիաներին, քննարկեցին Հյուսիսային ծովային երթուղու բնապահպանական մոնիտորինգի և արկտիկական տարածքների հետազոտման ծրագիրը։
Նույն ամսին տեղի ունեցավ միջուկային բժշկության համաժողով, իսկ հոկտեմբերին համապատասխան նախարարների հանդիպման ժամանակ ստեղծվեց միջուկային բժշկության խումբ։ Դրա նպատակն է բարելավել համագործակցությունը ռադիոդեղերի արտադրության և ախտորոշման ոլորտում: Միջոցառման կազմակերպիչներից էր Ռոսատոմը։
Համատեքստ
ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովում ամենաբարձր մակարդակով քննարկվել են կլիմայի օրակարգը, ներդրումները, էլեկտրոնային առևտուրը, պարենային անվտանգությունը և ռազմավարական համագործակցության այլ հարցեր։ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ակտիվացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում, կրթության, ռեսուրսների արդյունավետ զարգացման, առևտրի և լոգիստիկայի, ֆինանսների և ապահովագրության ոլորտներում, բազմապատկել կապիտալ ներդրումների ծավալը և առաջարկեց ստեղծել ԲՐԻՔՍ-ի նոր ներդրումային հարթակ՝ ազգային տնտեսություններին աջակցելու համար։