Կրկին շարքում
վերադառնալ բովանդակությանըՀուլիսի կեսերին կայանում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) ավարտից հետո Հայկական ԱԷԿ-ի երկրորդ բլոկը միացվեց երկրի միասնական էներգետիկ համակարգին։ Աշխատանքն իրականացվել է «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ։ Այն, ի թիվս այլ բաների, ներառել է կայանի ծառայության ժամկետի կրկնակի երկարաձգման համար անհրաժեշտ աշխատանքները։
«Ռոսատոմ»-ը հանդես է եկել որպես կապալառու՝ նախանախագծային հետազոտությունների, պահեստամասերի մատակարարման, սարքավորումների և անվտանգության համակարգերի արդիականացման առումով։ ՊՎՆ-ն ներառել է կայանի թիվ 2 էներգաբլոկի ծառայության ժամկետի կրկնակի երկարափգման համար նախապատրաստական աշխատանքների մեծ ծավալ։ Մասնավորապես, ստուգվել են Հայկական ԱԷԿ-ի շենքերն ու կառույցները, էլեկտրատեխնիկական սարքավորումները և ռեակտորում վառելիքի վերամբարձման համար նախատեսված ամբարձիչ մեքենան։ Հետագա նախագծման համար մասնագետները կատարել են նախանախագծային հետազոտություններ և հավաքագրել նախնական տվյալներ։ Շահագործման է հանձնվել նաև անվտանգության համակարգի սենյակների նոր սառնարանային համակարգ, կազմակերպվել է կայանի պահեստամասերի մատակարարումը, ինչպես նաև տրամադրվել են բարձրորակ ՊՆՎ-ի ծառայություններ։
«Ռոսատոմը» շարունակում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել երկրի միակ ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համար։ Դրանք, առաջին հերթին, վերաբերում են նրա հիմնական համակարգերի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ «Այս պահին մենք հաջողությամբ իրականացրել ենք ՊՆՎ-ն շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ատոմակայանը պատրաստում են նոր տասնամյա ծառայության», — նշել է «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի (Ռոսատոմի մաս) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։

Հայկական ԱԷԿ-ի պատմությունը
Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ երկու էներգաբլոկներով, որոնք հիմնված են սեյսմակայուն ՋՋԷՌ-440 ռեակտորների վրա։ Էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։
1988 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել Սպիտակի 6-7 մագնիտուդով երկրաշարժը։ Հայկական ԱԷԿ-ը գտնվում էր էպիկենտրոնից՝ Սպիտակ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի ժամանակ էներգաբլոկները աշխատել են անվանական հզորությամբ. 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում նախատեսված էր ռեակտորների ավտոմատ անջատում սեյսմիկ պաշտպանության ազդանշանով։ Կայանի բոլոր սարքավորումները, շենքերը և կառույցները դիմացել են հարվածին. նախագծումը հաշվարկված էր մինչև 9.5 մագնիտուդով երկրաշարժի համար։ Հիդրավլիկ ամորտիզատորները ապահովել են շենքերի ամրությունը և կանխել սարքավորումները տեշարժը ցնցումների և իներցիայի ազդեցության տակ։
Երկրաշարժից հետո հատուկ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրել է կայանը և որևէ խախտում չի հայտնաբերել ԱԷԿ-ի շենքային կառուցվածքներում, սարքավորումներում և համակարգերում: Հանձնաժողովը եզրակացրել է, որ Հայկական ԱԷԿ-ը դիմացել է 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի՝ սա ԱԷԿ-ի տարածքում գրանցված ցուցանիշն է: Այնուամենայնիվ, հանրապետական Նախարարների խորհուրդը որոշել է կանգնեցնել երկու բլոկների աշխատանքը, ինչը կատարվել է 1989 թվականի սկզբին։
1993 թվականին որոշում է կայացվել վերսկսել կայանի աշխատանքը: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել հնարավոր չէր. գոլորշու գեներատորի պատյաններում կտրվածքներ են արվել՝ հետազոտական նպատակներով մետաղական նմուշներ վերցնելու համար։
Երկրորդ էներգաբլոկը, ռուս մասնագետների տեխնիկական օգնությամբ, հաջողությամբ վերագործարկվել է 1995 թվականին՝ վեց տարվա դադարից հետո։

2014 թվականին, երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետը երկարաձգելու համար, որոշում է կայացվել իրականացնել լայնածավալ արդիականացում: Աշխատանքները սկսվել են 2015 թվականին և ղեկավարվել են «Ռոսատոմ»-ի կողմից:
Արդիականացման ընթացքում ամենաերկար պլանային նախազգուշական վերանորոգումը տևել է 156 օր: Հիմնական փուլերից մեկը ռեակտորի իրանի թրծումն էր՝ եզակի գործողություն, որը վերականգնում է մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, որոնք փոխվում են ճառագայթման ազդեցության տակ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ Հայկական ԱԷԿ-ին հաջողվել է մետաղի շահագործման բնութագրերը վերադարձնել սկզբնական մակարդակի 80-85%-ի, ինչը զգալիորեն երկարացրել է էներգաբլոկի ծառայության ռեսուրսը։
2021 թվականին էներգաբլոկի արդիականացումն ավարտվել է, դրա ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: Իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի և «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ՓԲԸ-ի (Հայկական ԱԷԿ-ի օպերատոր) միջև կնքվել է պայմանագիր՝ երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետը ևս տասը տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքներ իրականացնելու համար։
Ներկայում Հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30%-ը:

