Երկու բլոկների հոբելյան
վերադառնալ բովանդակությանըԱյս տարի Բելոյարսկի ԱԷԿ-ի երկու բլոկներ՝ «արագ» ռեակտորներով, նշում են հոբելյաներ: ԲՆ-600 ռեակտորով թիվ 3 բլոկը միացվել է էլեկտրացանցին 1980 թվականին: ԲՆ-800 ռեակտորով թիվ 4 բլոկը՝ 2015 թվականին: Այս բլոկները ոչ միայն հաջողությամբ են գործում, այլև նպաստում են փակ միջուկային վառելիքային ցիկլի ստեղծմանը և IV սերնդի համակարգերի հայեցակարգի իրականացմանը, որը նախատեսում է ճառագայթված վառելիքի հավաքույթների վերամշակում, դրանցից նոր վառելիքի խմբաքանակների արտադրություն, արդյունահանված ուրանի էներգետիկ ներուժի առավելագույն օգտագործում և թափոնների նվազեցում:
ԲՆ-600-ը և ԲՆ-800-ը՝ աշխարհի ամենամեծ արագ նեյտրոնային ռեակտորներն են: Երկու բլոկներում նատրիումային ջերմակրիչ է: Հուսալիության և անվտանգության առումով դրանք աշխարհի լավագույնների թվում են:
ԲՆ-600
ԲՆ-600 ռեակտորը ոչ միայն անվտանգ կերպով արտադրում է էլեկտրաէներգիա, այլև դրանում փորձարկում են նոր նյութեր և միջուկային վառելիք նոր ռեակտորների համար։
Այսպիսով, փորձարկման է պատրաստվում ՕՍ-4 ճառագայթային հավաքույթը, որը պարունակում է խառը նիտրիդային ուրան-պլուտոնիումի (ՍՆՈՒՊ) վառելիքի հիման վրա ջերմարտանետող տարրեր (տվէլ)։ Այս փորձարարական հավաքույթի ճառագայթման ընթացքում նախատեսվում է հասնել վառելիքի այրման բարձր մակարդակի։
Փորձարկման են սպասում նաև ՄՈՔՍ վառելիքի հիման վրա ԲՆ-1200 տեսակի ջերմարտանետող տարրերով երեք փորձնական ԿԷՏՎՍ-ՄԱԿ հավաքներ՝ աքսիալ շերտով։ Այս տվէլերի կառուցվաշքի առանձնահատկությունը՝ վառելիքային սյան մեջ այսպես կոչված վերարտադրող նյութով բեկորի ներմուծումն է։ Միասին բեկորները ռեակտորում կազմում են հորիզոնական շերտ՝ ակտիվ գոտին բաժանելով երկու մասի։ Այս լուծումը զգալիորեն կնվազեցնի տվէլի ծածկույթին հասցված ճառագայթային վնասը՝ պահպանելով վառելիքի այրման անհրաժեշտ խորությունը։ Լուծումը տեսականորեն արդարացված է մի քանի երկրներում, բայց այն կարող է գործնականում կիրառվել առաջին անգամ ռուսական ԲՆ-1200Մ-ում։ Սա 1200 ՄՎտ հզորությամբ «արագ» ռեակտոր է, որը կկառուցվի Բելոյարսկի ԱԷԿ-ում։
Ներկայումս ԲՆ-600-ով երրորդ բլոկը անցնում է պլանային կանխարգելիչ սպասարկում՝ արդիականացմամբ: «Մենք կիրականացնենք ԲՆ-600-ի ակտիվ գոտում 107 ջերմարտանետող հավաքույթի վերբեռնում: Փոխարինվող հավաքույթներից երեքը՝ ՍՆՈՒՊ վառելիքով: Այս ջերմարտանետող հավաքույթները գործող ռեակտորում են եղել մինչև մեկ տարի: Հետագա ուսումնասիրությունները կօգնեն տեղեկություններ ստանալ նոր տեսակի վառելիքի վարքագծի և վիճակի մասին հեռանկարային չորրորդ սերնդի էներգաբլոկներում՝ ԲՆ-1200Մ-ում և ԲՐԵՍՏ-ում», — նշում է Բելոյարսկի ԱԷԿ-ի գլխավոր ինժեների պաշտոնակատար Իլյա Ֆիլինը:
Վերաբեռնումից բացի, կարևոր խնդիր կլինի թիվ 4 գոլորշու գեներատորի ութ գոլորշիացնող մոդուլների փոխարինումը: Սա թիվ 3 էներգաբլոկի ծառայության ժամկետը մինչև 2040 թվականը երկարաձգելու աշխատանքների վերջին փուլն է՝ համաձայն Ռոստեխնաձորի պահանջների: Բլոկում նաև կիկրականացվի ռեակտորի գլխավոր շրջանառության պոմպի և նատրիումային կոնտուրի ամրանի 24 սարքերի կապիտալ նորոգումը: Էլեկտրամեխանիկական հիմքի վրա գտնվող թիվ 5 տուրբոգեներատորի հզորության ելքային սխեմայի ռելեային պաշտպանության և ավտոմատացման սարքերը կփոխարինվեն միկրոպրոցեսորների վրա տեղադրված նմանատիպ սարքերով: Վերանորոգումը նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը:
ԲՆ-800
Թիվ 4 բլոկը հատուկ նշանակություն ունի ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային ատոմային ոլորտի զարգացման համար. ներկայումս դրա արագ նեյտրոններով էներգետիկ ռեակտորը աշխարհում միակն է, որն ամբողջությամբ աշխատում է խառը ուրան-պլուտոնիումային օքսիդային (ՄՈՔՍ) վառելիքով: Բլոկը, ինչպես և ԲՆ-600-ով դրա «գործընկերը» ենթարկվում է պլանային-նախազգուշական նորոգմանը, որի ընթացքում կայանի աշխատակիցները 181 հավաքույթ կվերաբեռնեն ռեակտորի ակտիվ գոտի:

Բացի այդ, բլոկում տուրբոգեներատորի ստատորի և ռոտորի սառեցման համակարգերում կտեղադրվեն լրացուցիչ պոմպային ագրեգատներ, խողովակաշարեր և փականներ: Տեղադրումից հետո յուրաքանչյուր համակարգ կունենա երկու պահեստային պոմպ, ինչը կբարձրացնի էներգաբլոկի անվտանգությունը: Աշխատակիցները նաև կփոխարինեն միջանկյալ ջերմափոխանակիչը, գլխավոր շրջանառության պոմպի էլեկտրական շարժիչը և կկատարեն մետաղի շահագործման ստուգում:
ԲՆ-800-ը նույնպես ներգրավված է վառելիքի նոր տեսակների հիմնավորման գործում: Անցյալ տարվա հուլիսին դրա մեջ բեռնվել են երեք ջերմարտանետող հավաքույթներ՝ մինորային ակտինիդների ավելացմամբ: Ամերիցիում-241-ը և նեպտունիում-237-ը՝ ճառագայթված միջուկային վառելիքում պարունակվող ամենաերկարակյաց և ռադիոթունավոր իզոտոպներից են: ԲՆ-800 ակտիվ գոտում գտնվող հավաքույթների աշխատանքը և վիճակը պետք է փորձարարականորեն հաստատեն մինորային ակտինիդները արդյունաբերական մասշտաբով վերացնելու հնարավորությունը: «Արագ նեյտրոնային ռեակտորների այս առավելությունը թույլ է տալիս մեզ կրճատել ռադիոակտիվ թափոնների ծավալը», — նշում է Բելոյարսկի ԱԷԿ-ի տնօրեն Իվան Սիդորովը:
ԲՆ-1200
Բելոյարսկի ԱԷԿ-ի կյանքի հաջորդ փուլը նոր, հինգերորդ էներգաբլոկի կառուցումն է՝ ԲՆ-1200Մ ռեակտորով։ Այն կլինի առաջին սերիական բլոկը՝ չորրորդ սերնդի էներգահամակարգի մաս։ ԲՆ-1200Մ-ի համար մշակվում են ակտիվ գոտու երկու տարբերակ՝ տարբեր տեսակի ուրան-պլուտոնիումային միջուկային վառելիքով. օքսիդային, նման ԲՆ-800-ում օգտագործվողին, և նիտրիդային, որը նախատեսվում է բեռնել ԲՐԵՍՏ-ՈԴ-300 ռեակտորում։ Այն կառուցվում է Տոմսկի մարզի Սևերսկ քաղաքում։
Այս տարվա հուլիսին «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը մեկնարկ տվեց բլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքներին։ «5-րդ էներգաբլոկի աշխատանքների մեկնարկով Բելոյարսկի ԱԷԿ-ը ամրապնդում է իր կարգավիճակը որպես արագ ռեակտորային տեխնոլոգիաների զարգացման առաջատար։ Այս ուղղությունը մեր երկբաղադրիչ ատոմային էներգետիկայի ստեղծման առաջադեմ նախագծի անբաժանելի մասն է կազմում։ Արագ ռեակտորների ոլորտում առաջընթացը թույլ կտա մեզ ամրապնդել ռուսական միջուկային տեխնոլոգիաների առաջատարությունը աշխարհում», — այն ժամանակ ասել էր Ալեքսեյ Լիխաչյովը։ 5-րդ էներգաբլոկի գլխավոր շենքի հիմքում առաջին բետոնը նախատեսվում է լցնել 2027 թվականին։
«Նատրիումային» բլոկների աշխատանքը մեծ հետաքրքրություն է առաջացնում այլ երկրների միջուկային գիտնականների շրջանում։ Թարմ օրինակ․ այս տարվա հուլիսին Չինաստանից ժամանած պատվիրակությունը այցելեց Բելոյարսկի ԱԷԿ։ Հյուրերը այցելեցին ռեակտորային բաժանմունք, մեքենայական դահլիճ և 4-րդ էներգաբլոկի կառավարման կետ, ուսումնական կենտրոն և քննարկեցին հնարավոր համագործակցության հարցեր։

