Ատոմին ավելի շատ ներդրումներ են պետք
վերադառնալ բովանդակությանըՄիջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հրապարակել է տարբեր տեսակի էներգետիկ ռեսուրսներում ներդրումների վերաբերյալ զեկույց: ՄԷԳ փորձագետները կանխատեսում են, որ 2025 թվականին էներգետիկայի ոլորտում կապիտալի ներհոսքը կաճի մինչև 3.3 տրիլիոն դոլար, ինչը 2%-ով ավելի է, քան 2024 թվականին: Վերջին հինգ տարիների ընթացքում միջուկային արդյունաբերության մեջ ներդրումները աճել են 50%-ով, ինչը պետք է ուրախացնի: Սակայն, դրանք պետք է հասնեն ընդամենը 70 միլիարդ դոլարի, ինչը ակնհայտորեն բավարար չէ կայուն ապագա ապահովելու գործում ատոմային էներգիայի ներուժը լիովին իրացնելու համար:
Ատոմի դիրքը ներդրումային ոլորտում
ՄԷԳ փորձագետների գնահատմամբ, ընդհանուր առմամբ շուրջ 2.2 տրիլիոն դոլար կներդրվի վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրության (ՎԱԷ), միջուկային էներգիայի, ցանցերի, պահեստավորման համակարգերի, ցածր արտանետումներով վառելիքի, էներգաարդյունավետության և էլեկտրաֆիկացման ոլորտներում: Սա կրկնակի ավելի է, քան հանածո վառելիքի (նավթ, գազ և ածուխ) մեջ ներդրումների ծավալը:
Ատոմային էներգիայի ոլորտում ներդրումները այս տարի կգերազանցեն 70 միլիարդ դոլարը։ Սա էներգետիկայի ոլորտում ընդհանուր ներդրումների 2 տոկոսից մի փոքր ավելին է, այն պարագայում, երբ ատոմային էներգիան կազմում է համաշխարհային էներգետիկ զամբյուղի մոտ 10%-ը։ Սա նշանակում է, որ ատոմային արդյունաբերությունը ներկայում զգալիորեն թերներդրված է։
2024 թվականին համաշխարհային էլեկտրաէներգետիկ ոլորտում ներդրումները ընդհանուր առմամբ հասել են 1.4 տրիլիոն դոլարի։ Ատոմային էներգիայի ոլորտում, մեծ հզորության էներգաբլոկների կառուցման ներդրումների շնորհիվ, նույն տարում դրանք կազմել են 72 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի կանխատեսվում է կամ պահպանել ներդրումների նույն մակարդակը, կամ նույնիսկ փոքր-ինչ նվազեցնել։
Եթե նայենք պատմական տվյալներին (վերջին 10 տարիների ներդրումների գրաֆիկը բերված է ՄԷԳ-ի զեկույցում), ակնհայտ է, որ չնայած հարաբերական աճին, բացարձակ առումով ատոմային էներգիայի արտադրության ոլորտում ներդրումների ծավալը մնացել է աննշան՝ առնվազն 10 տարի, իսկ հաշվի առնելով Ֆուկուսիմայի ատոմակայանում 2011 թվականին տեղի ունեցած վթարի հետևանքները՝ նույնիսկ ավելի երկար։
Չնայած վերջին տարիների աճին ՝ 70 միլիարդը ակնհայտորեն քիչ է. շատ ավելին է ներդրվում էներգետիկայի մյուս բոլոր ոլորտներում: Եվ նույնիսկ վերջին առաջընթացները դեռևս չեն ապահովել այս հատվածի հիմնական խաղացողների՝ երկրների մեծամասնության կառավարությունների, համաշխարհային ներդրումային բանկերի և զարգացման հաստատությունների ներդրումային վարքագծի էական փոփոխություն:
Հաշվետվությունում ներկայացված գրաֆիկից դատելով՝ ատոմային արդյունաբերության մեջ ներդրումները վերջին տարիներին աճել են Չինաստանի և «այլ զարգացող երկրների» ներդրման շնորհիվ: Կարելի է ենթադրել, որ այս էվֆեմիզմի տակ թաքնված է ամբողջ աշխարհում ռուսական նախագծով ատոմակայանների կառուցումը: Հիշեցնում ենք, որ «Ռոսատոմը» միջուկային արդյունաբերության համաշխարհային առաջատարն է, որը գործում է ավելի քան 60 երկրում: «Ռոսատոմի» պորտֆելը ներառում է մեծ հզորության 33 բլոկ 10 երկրում (22 բլոկ կառուցման փուլում է) և աշխարհի առաջին արտահանման պայմանագիրը՝ փոքր հզորության ատոմակայանների կառուցման համար՝ 6 բլոկ Ուզբեկստանում:
ՄԷԳ-ը կանխատեսում է, որ միջուկային էներգիայի ոլորտում ներդրումները կավելանան՝ հիմնականում ԱՄՆ-ում, բայց նաև Հնդկաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում խոշոր տվյալների կենտրոնների պահանջարկի շնորհիվ: Որոշ տեխնոլոգիական ընկերություններ հետաքրքրություն են հայտնել փոքր ատոմակայաններ (ՓՀԱԿ) կառուցելու հարցում, բայց կան նաև համաձայնագրեր խոշոր ատոմակայանների գծով: Ստորագրվել են էլեկտրաէներգիայի մատակարարման համաձայնագրեր, որոնք ներառում են ատոմակայանների կառուցում կամ շահագործումից հանված օբյեկտների վերագործարկում: «Ակնկալվում է, որ էներգետիկ և տեխնոլոգիական ընկերությունների միջև մի շարք նոր համաձայնագրեր, որոնք կնքվել են պետական ակտիվ աջակցությամբ, կհանգեցնեն ներդրումների աճին միջնաժամկետ հեռանկարում», — ասվում է զեկույցում:
Սակայն, հնարավոր է, որ ատոմային արտադրությունը ստիպված լինի մրցակցել հանածո վառելիքով աշխատող էլեկտրակայանների հետ՝ տվյալների կենտրոններ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների ներդրումների համար: «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ատոմային էներգիայի և հեռանկարային երկրաջերմային էներգիայի հետ կապված երկար շինարարության ժամկետները և անորոշությունները, տեխնոլոգիական ընկերությունները և տվյալների կենտրոնների օպերատորները դիմում են ավանդական, օպերատորի կողմից կառավարվող ավանդական աղբյուրներին՝ կարճաժամկետ մատակարարման անվտանգությունն ապահովելու համար: Այս պատճառով, արհեստական բանականության վրա հիմնված տվյալների կենտրոնների ծախսերի կտրուկ աճը կարող է նաև առաջացնել հանածո վառելիքի արտադրության նոր ալիք զարգացած տնտեսություններում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում», — ասվում է զեկույցում: Հնարավոր է նաև մրցակցություն գազով աշխատող էլեկտրակայանների կողմից: «Տվյալների կենտրոնների պահանջարկի սպասվող աճն արդեն իսկ հանգեցրել է գազային տուրբինների պատվերների նոր ալիքի, մասնավորապես Միացյալ Նահանգներում», — նշում են ՄԷԳ-ի փորձագետները։
Ընդհանուր առմամբ, ատոմակայաններ կառուցելու համար գումար գտնելը դեռևս խնդիր է, քանի որ խոշոր ֆինանսական հաստատությունները չեն շտապում ներդրումներ կատարել ատոմային էներգետիկայի մեջ: Միայն 2025 թվականի հունիսին Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդը համաձայնեց վերացնել ատոմային էներգիայի նախագծերի ֆինանսավորման երկարատև արգելքը: Ամսվա վերջին ՀԲ-ն համաձայնագիր ստորագրեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, որի համաձայն կազմակերպությունները կհամագործակցեն գործող ատոմակայանների կյանքի երկարաձգման և փոքր մոդուլային ռեակտորների մշակման արագացման գործում:
Սակայն այս քայլերը բավարար չեն: Նախ, պարզապես համաձայնությունը բավարար չէ, ատոմային էներգետիկային անհրաժեշտ են էժան վարկեր՝ ցածր տոկոսադրույքներով: Ցավոք, Համաշխարհային բանկի պատմության մեջ կա ատոմային արդյունաբերության հետ համագործակցության միայն մեկ օրինակ՝ այն տեղի է ունեցել դեռևս 1959 թվականին, երբ բանկը ֆինանսավորել է ատոմակայան Իտալիայում: Երկրորդը՝ աջակցության շրջանակներից դուրս է խոշոր և միջին հզորության ատոմակայանների կառուցումը: Երրորդը՝ անհայտ է, թե արդյոք այլ ֆինանսական հաստատություններ, նույնիսկ վերակառուցման և զարգացման բանկերը, որոնց միջոցով ՀԲ-ն գումար է հատկացնում, կհետևեն նրա օրինակին:
Առանց տարբեր ֆինանսական հաստատությունների աջակցության, կառավարությունները կարող են ավելի զգույշ լինել նոր ատոմակայաններ կառուցելու որոշումների հարցում՝ մեծ ու փոքր։
Միջազգային ֆինանսական հաստատություններից բացի, միջուկային էներգիայի մեջ ներդրումներ կարող են կատարել սուվերեն բարեկեցության ֆոնդերը (այդպիսիք կան, օրինակ, ասիական երկրներում) կամ կենսաթոշակային հիմնադրամները։
Ի վերջո, կա նաև իրացվելի ապրանքներով ներդրոմների տարբերակը, ինչպիսիք են արդյունաբերական կամ թանկարժեք մետաղները ։
Ներդրումներ գիտա-հետազոտական և փորձա-կոնստրուկտորային աշխատանքներում (ԳՀՓԿ)
Ատոմային գիտա-հետազոտական և փորձա-կոնստրուկտորային աշխատանքների մեջ նույնպես շատ քիչ միւոցներ են ներդրվում՝ էներգետիկայի այլ ճյուղերի համեմատ: Դրա պատճառները զեկույցում չեն նշվում: ՄԷԳ-ի փորձագետները աճի փուլում գտնվող միջուկային ստարտափներում ներդրումների 210% աճը բացատրում են տվյալների կենտրոնների հետաքրքրությամբ: Սակայն ամենամեծ աճը ցույց են տվել ջերմամիջուկային սինթեզի հատվածի ստարտափները:
Վերջապես, անհրաժեշտ է նշել նաև այն, ինչ չկա ՄԷԳ-ի զեկույցում: Որոշ երկրների ջանքերը, որոնք ուղղված են խոչընդոտելու Ռուսաստանի և Չինաստանի արտահանման միջուկային նախագծերի զարգացմանը՝ սա միջուկային արդյունաբերության մեջ ներդրումների թերապահովման պատճառներից մեկն է: Սակայն նախաձեռնողներն իրենք են տուժում հետևանքներից: Ահա մի քանի օրինակ: Ֆինլանդիան կրկին ստիպված կլինի անցնել ատոմակայանի կառուցման ամբողջ փաստաթղթաշրջանառության գործընթացը՝ Հանհիկիվիի փոխարեն: Ֆինլանդիան, հիշեցնենք, խզել է այս կայանի կառուցման պայմանագիրը «Ռոսատոմ»-ի հետ: Իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, փաստացի արգելափակելով Չինաստանի CGN ներդրումը Sizewell C ատոմակայանում, այլ ներդրողներ գտնելու անհաջող փորձերից հետո պարտավորվել է կայանի կառուցման համար հատկացնել 14.2 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
Ռուսաստանում
Մինչև 2050 թվականը Ռուսաստանում նախատեսվում է արտադրողական հզորությունները ներկայիս 270 ԳՎտ-ից հասցնել 330 ԳՎտ-ի: Տեղադրված հզորության 22% աճի պարագայում սպառումը, կանխատեսումների համաձայն, կաճի 34%-ով, ուստի կաճի նաև դրվացքային հզորության օգտագորժման գործակիցը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի փոխնախարար Պյոտր Կոնյուշենկոն 2025 թվականի հունիսին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) ժամանակ: Նոր շինարարության մեջ ներդրումները կկազմեն ընդհանուր առմամբ 53 տրիլիոն ռուբլի, որից 2/3-ը կներդրվի արտադրության նոր օբյեկտներում, 1/3-ը՝ էլեկտրական ցանցի զարգացման մեջ: Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում շահագործման հանձնման մակարդակը կկազմի տարեկան մոտ 5 ԳՎտ:

Ռուսաստանի բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստ են աջակցել առաջադրված խնդիրներին, դրա համար գումար կա: Ռուսաստանում էլեկտրաէներգետիկ նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների թվում են ենթակառուցվածքային պարտատոմսերը և հզորության մատակարարման պայմանագրերը:
Ռուսաստանի էներգետիկ հաշվեկշռում ատոմային արտադրության մասնաբաժինը ներկայիս գրեթե 20%-ից կաճի մինչև 25%: Մինչև 2042 թվականը էլեկտրաէներգետիկ օբյեկտների տեղակայման Գլխավոր հատակագծի համաձայն՝ «Ռոսատոմը» պետք է կառուցի տարբեր հզորությունների 38 էներգաբլոկ։ Դրա համար անհրաժեշտ կլինի մոտ 17 տրիլիոն ռուբլի։ ՄԵծ հզորության առաջիկա շինարարությունների թվում են Վլադիվոստոկի և Խաբարովսկի ատոմակայանները։
«Երկրում ԱԷԿ-ուն ներդրված յուրաքանչյուր ռուբլին կազմում է ՀՆԱ-ի 3 ռուբլի», — ՊՄՏՀ-ում ելույթ ունենալիս ատոմային արդյունաբերության մեջ ներդրումների արդյունավետությունը գնահատեց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և զարգացման և միջազգային բիզնեսի ստորաբաժանման տնօրեն Կիրիլ Կոմարովը։ Նա նաև նշեց, որ էլեկտրաէներգիայի արտադրության հաշվարկային ինքնարժեքի տեսանկյունից ատոմն արտադրության ամենաարդյունավետ տեսակներից է։
Կիրիլ Կոմարովը նաև առաջարկեց մտածել էլեկտրաէներգետիկայի մեջ ներդրումների մասին համաշխարհային համատեքստում, քանի որ էլեկտրաէներգետիկ լուծումների արտահանումը, որը ներառում է նաև ռուսական ատոմակայանները, նույնպես պահանջում է ֆինանսավորում։ «Կպահանջվի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, դրա մեջ կպահանջվեն մեծ ներդրումներ, և մենք պետք է բավականին լուրջ մտածենք այս մասին՝ մշակելով լրացուցիչ մեխանիզմներ՝ ի հավելումն արդեն իսկ մեզ մոտ առկա հուսալի և փորձարկված մեխանիզմներին», — եզրափակեց Կիրիլ Կոմարովը։
Քննարկումներն արդեն ընթանում են ։ Մինչև հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի կառավարությանը կառաջարկվեն արտոնյալ երկարաժամկետ վարկի տարբերակներ՝ արտաքին շուկայի համար ութ և Ռուսաստանի համար չորս ատոմային լողացող էներգաբլոկի կառուցման համար։

