Ջերմամիջուկ. դեպի գործնական էներգետիկա
վերադառնալ բովանդակությանըՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է «Ջերմամիջուկային սինթեզ-2025» վերնագրով ակնարկը, որը ներկայացնում է հիմնական նախագծերը, ընդհանուր վիճակի միտումները, տեխնոլոգիաները, իրավական շրջանակները և ռազմավարությունները, ինչպես նաև համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա ջերմամիջուկային սինթեզի ազդեցության և ծախսերի ֆինանսական գնահատականը: Կարևորագույն միտումները՝ անցումը հետազոտությունից և գիտական մշակումներից դեպի շինարարություն և գործնական կիրառություն: Ջերմամիջուկային սինթեզի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ Ռուսաստանը ստեղծում է այս միտումները՝ մասնակցելով միջազգային նախագծերին և մշակելով իր սեփականները:
Հիմնական միտումներ
«Մենք հերթական անգամ ականատես ենք լինում ջերմամիջուկային սինթեզի էներգիային առնչվող ոլորտներում արագ փոփոխությունների: Այն, ինչը նախկինում սահմանափակվում էր միայն փորձարարական հետազոտություններով և երկարաժամկետ հեռանկարներով, այժմ ավելի հաճախ է դիտարկվում ազգային էներգետիկ ռազմավարությունների և արդյունաբերական զարգացման ծրագրերի հիմնարար տարր», — ակնարկի իր նախաբանում ասում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Հիմնական միտումները հետևյալն են. երկրները հաստատում են ջերմամիջուկային սինթեզի ոլորտում գործողությունների ռազմավարությունները: Ընկերությունները ընտրում են կայանների հարթակներ և նախագծում առաջին սերնդի լուծումներ. ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում նախատեսվում է, կառուցվում կամ գործում է ավելի քան 160 ջերմամիջուկային կայանք: Կարգավորող մարմինները հրապարակում են ուղեցույցներ՝ ջերմամիջուկային սինթեզի ոլորտում հատուկ ծրագրեր են գործում գրեթե 40 երկրներում: Վերջնական օգտագործողները քննարկում են էլեկտրաէներգիայի գնման համաձայնագրեր, էներգետիկ ընկերությունները ռազմավարական դաշինքներ են կազմում ջերմամիջուկային տեխնոլոգիաներ մշակողների հետ, իսկ առանցքային ոլորտների ներկայացուցիչները (ավտոմոբիլաշինություն, ավանդական էներգետիկա, աէրատիեզերական արդյունաբերություն և թվային ծառայություններ) ջերմամիջուկային սինթեզի ոլորտի մշակումները ներառում են իրենց երկարաժամկետ պորտֆելներում: Այս ոլորտում գլոբալ մասնավոր ներդրումները գերազանցում են $10 մլրդ։

«Գիտական մտքի, առևտրային շահերի և քաղաքական ռեսուրսների մոտեցումը նշանավորում է դարաշրջանային տեղաշարժ. ջերմամիջուկային էներգետիկան մտնում է նոր փուլ՝ ներդրում իրական պայմաններ», — մեկնաբանում է Ռաֆայել Գրոսսին:
2024 թվականին ՄԱԳԱՏԷ-ն հիմնադրեց Ջերմամիջուկային էներգիայի համաշխարհային խումբ: Այն ներառում է պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի, հետազոտական ինստիտուտների, կրթական հաստատությունների և կարգավորող մարմինների: Խմբի նպատակն է՝ փորձի փոխանակում, կապերի և փոխըմբռնման հաստատում:
Առաջընթաց ԿՋՍ-ում (Կարգավորվող ջերմամիջուկային սինթեզ)
Աշխարհի առաջատար ջերմամիջուկային նախագիծը՝ ԻՏԷՌ-ն է՝ միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորը։ Ռուսաստանը դրա նախաձեռնողն ու հիմնական մասնակիցն է։ Ռուս մասնագետները ներկայում պատրաստվում են վոլֆրամից պատրաստված առաջին պատի համար վահանակներ արտադրել (նախկինում նախատեսվում էր բերիլիում) և մշակում են դրանք բորի կարբիդով պատելու տեխնոլոգիաներ, որոնք պետք է կանխեն պլազմայի մեջ խառնուրդների ներթափանցումը։ Ռուսական հետազոտական ինստիտուտները պլանավորում են էլեկտրոնային փնջով ցիկլային ջերմային փորձարկումներ և ծածկույթի որակի ստուգում՝ օգտագործելով իմպուլսային պլազմային ճառագայթում։ Այս հետազոտությունը կարևորագույն նշանակություն ունի ԻՏԷՌ-ի համար, և նախագծի ապագան ուղղակիորեն կախված է դրանից։ Ռուսաստանը նաև կատարում է իր բոլոր պարտավորությունները՝ ԻՏԷՌ-ին իր պատասխանատվության շրջանակներում սարքավորումներ մատակարարելու համար։
Զեկույցում թվարկված են տարբեր երկրներում իրականացվող ջերմամիջուկային նախագծերը՝ համատեղ ճապոնա-եվրոպական JT-60SA-ն, չինական EAST-ը, ամերիկյան SPARC-ը և NIF-ը, գերմանական W7-X-ը և այլն։ Այս կայանքներում անցկացված փորձարկումներն արդեն իսկ կարևոր արդյունքների են հասել, այդ թվում՝ պլազմայի ջերմաստիճանի և պահպանման ժամանակի ռեկորդներ։

Ազգային ռազմավարություններ
Ինչպես նշվում է ՄԱԳԱՏԷ-ի ակնարկում, անցած տարվա ընթացքում շատ երկրներ թարմացրել են ջերմամիջուկային սինթեզի իրենց զարգացման ռազմավարությունները՝ այժմ դրանք դիրքավորելով ոչ միայն որպես գիտական ծրագրեր, այլև որպես էներգետիկ, արդյունաբերական և արտաքին քաղաքականության բաղադրիչներ: «Սա արտացոլում է ջերմամիջուկային սինթեզի վրա հիմնված էներգիայի արտադրության գործնական իրագործելիության աճող ճանաչումը: Այս ի հայտ եկող հնարավորությունները գիտակցելով՝ կառավարությունները ներդրումներ են հատկացնում և մշակում քաղաքականություն՝ ջերմամիջուկային էներգիայի ապագա ներդրմանն աջակցելու համար», — նշում են ակնարկի հեղինակները:
Ռուսաստանում «Նոր ատոմային և էներգետիկ տեխնոլոգիաներ» ազգային նախագծի շրջանակում իրականացվում է «Ջերմամիջուկային էներգէտիկայի տեխնոլոգիաներ» դաշնային նախագիծ: Դրա հիմնական նպատակն է՝ մշակել ապագա ջերմամիջուկային էներգետիկայի հիմնական տեխնոլոգիաները և անհրաժեշտ հետազոտական բազան:
Ռուսաստան
Ռուսաստանում գործում են մի քանի ջերմամիջուկային կայանքներ. օրինակ՝ T-15ՄԴ և T-11Մ տոկամակները, ինչպես նաև «Գլոբուս-Մ2» գնդաձև տոկամակը:
Ռուս գիտնականներն ավարտել են նոր սերնդի տոկամակի՝ ռեակտորային տեխնոլոգիայի տոկամակի (ՌՏՏ) էսկիզային նախագծումը, որի շինարարությունը նախատեսվում է սկսել առաջիկա տարիներին: Ակնկալվում է, որ ՌՏՏ-ի նախագիծը, որի հիմքում է մագնիսական սահմանափակմամբ ջերմամիջուկային սինթեզի ոլորտում բազմամյա ազգային փորձը, կդառնա ազգային հետազոտությունների հիմքը՝ իր ներդրումն ունենալով ջերմամիջուկային սինթեզի ոլորտում գլոբալ հետազոտություններում և մշակումներում: Ակնկալվում է, որ ՌՏՏ-ն կապահովի պլազմային ֆիզիկայի փորձերի անցկացումը, առաջադեմ նյութերի փորձարկումները և կներառվի միջազգային հետազոտական համագործակցություններում:
Իրավական բազա
«Ներկայումս չկա ջերմամիջուկային էլեկտրակայանի համաձայնեցված գլոբալ սահմանում, սակայն շատ իրավական համակարգեր ճանաչում են առևտրային նպատակներով էլեկտրաէներգիա կամ ջերմություն արտադրելու համար նախատեսված ջերմամիջուկային սարքերի համար հստակ կարգավորող բազա ստեղծելու անհրաժեշտությունը», — նշվում է ՄԱԳԱՏԷ-ի ակնարկում։
Երկրները ակտիվորեն ուսումնասիրում են ջերմամիջուկային սինթեզի ոլորտը կարգավորող մոտեցումները։ Որոշ երկրներ արդեն իսկ ներդնում են կանոնակարգեր՝ հետազոտական նշանակության ջերմամիջուկային կայանքների համար։ Դրանք ծառայում են որպես հիմք և նախադեպ՝ իրավական հիմքի և իրավական հարաբերությունների ստեղծման համար, և կարող են կիրառվել ապագա ջերմամիջուկային էլեկտրակայանների վրա անմիջապես կամ անհրաժեշտ փոփոխություններից հետո։

Ակնարկում, հավանաբար ժամանակային սահմանափակումների պատճառով, չեն ներառվել ջերմամիջուկային էներգետիկան կարգավորող Ռուսաստանի օրենսդրության փոփոխությունները։ Օգոստոսի 1-ին Ռուսաստանի նախագահը ստորագրել է թիվ 342-ФЗ դաշնային օրենքը, որով փոփոխություններ են մտցվում «Ատոմային էներգիայի օգտագործման մասին» օրենքում։ Փոփոխությունների համաձայն, ատոմային էներգիայի օգտագործումից բխող հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերն ու սկզբունքները տարածվում են նախագծվող և գործող ջերմամիջուկային կայանքների վրա, ներառյալ միջուկային նյութեր, հատուկ ոչ միջուկային նյութեր և ռադիոակտիվ նյութեր, որոնք նախատեսված են թեթև ատոմների մասնակցությամբ սինթեզի միջուկային ռեակցիայի օգտագործման համար։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Բարձր ջերմաստիճանային գերհաղորդիչներ
ՄԱԳԱՏԷ-ի հրապարակման մեջ հատուկ բաժին է նվիրված է բարձր ջերմաստիճանային գերհաղորդիչներին (ԲՋԳՀ): «Ապահովելով ավելի ուժեղ մագնիսական դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի կոմպակտ սարքեր, ԲՋԳՀ- նյութերը բացում են նոր հնարավորություններ ջերմամիջուկային սինթեզի տեխնոլոգիաների զարգացումը արագացնելու և տնտեսապես գրավիչ պատրաստի նախագծեր ստեղծելու համար», — նշում են հեղինակները: Ակնարկի մեջ նշվում են ԲՋԳՀ-մագնիսների արտադրության, տեղադրման և օգտագործման ընթացքում առաջացող մարտահրավերները. ավելի ուժեղ մագնիսական դաշտը ստեղծում է ավելի մեծ լարվածություն էլեկտրամագնիսական համակարգում, իսկ ավելի կոմպակտ երկրաչափությունը, առանց հատուկ փոխհատուցող միջոցառումների, մեծացնում է պլազմայի ջերմային հոսքերի ազդեցությունը սարքի ներքին մակերեսների վրա: Այնուամենայնիվ, չնայած դրան, նշում են հեղինակները, աճում է ԲՋԳՀ-մագնիսներ օգտագործող պետական և մասնավոր նախագծերի թիվը՝ սարքի չափը, շինարարության ծախսերը և մշակման ժամանակը կրճատելու համար:
Ջերմամիջուկային տեխնոլոգիաների ազդեցությունը էներգետիկայի և տնտեսության վրա
Ջերմամիջուկային տեխնոլոգիաները զարգացել են այնքան, որ աշխարհում սկսել են գնահատել ջերմամիջուկային էլեկտրակայանների ինքնարժեքը: Այսպիսով, ակնարկում մեջբերվում է «Միաձուլման էներգիայի դերը ապաածխածնացված էլեկտրաէներգետիկ համակարգում» (The Role of Fusion Energy in a Decarbonized Electricity System) զեկույցից մի հատված, որը պատրաստվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) էներգետիկ նախաձեռնության մասնագետների կողմից՝ MIT-ի պլազմայի և միաձուլման գիտության կենտրոնի հետ համագործակցությամբ, և հարմարեցվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակման համար։

Հետազոտողները ընդունեցին, որ դժվար է որոշել ջերմամիջուկային սինթեզի կիրառմամբ էներգիայի արտադրության ապագա ծախսերը, ուստի նրանք գնահատեցին կանխատեսվող ծախսերի միջակայքերի ազդեցությունը, ներառյալ ուսուցման կորը: Նրանք օգտագործեցին կապիտալ ծախսերի գնահատականներ՝ մեկ կՎտ տեղադրված հզորության համար, որոնք արտացոլում են Միացյալ Նահանգներում ջերմամիջուկային էլեկտրակայանների ծախսերը: Նրանք նշեցին, որ այդ ծախսերը տարբեր կլինեն այլ երկրներում և կախված կլինեն էլեկտրաէներգիայի գներից, աշխատուժի ծախսերից և կապիտալ ներդրումների դինամիկայից:
Հիմնական սցենարում ($8,000/կՎտ), հետազոտողները գնահատում են, ջերմամիջուկային սինթեզի կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը 2035 թվականի 2 ՏՎտժ-ից կաճի մինչև 375 ՏՎտժ՝ 2050 թվականին և մինչև 25,000 ՏՎտժ՝ 2100 թվականին: Ջերմամիջուկային էներգիայի մասնաբաժինը համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հիմնական սցենարի պարագայում կհասնի 15%-ի մինչև 2075 թվականը և 27%-ի՝ մինչև 2100 թվականը:
Հետազոտողները մոդելավորել նաև են ջերմամիջուկային էներգետիկայի կիրառման հնարավոր տնտեսական օգուտները. «Առանց ջերմամիջուկային էներգիայի ապաածխածնացման սցենարի համեմատ, համաշխարհային ընդհանուր ՀՆԱ-ն հիմնական սցենարի դեպքում կաճի 0.4%-ով ($8,000/կՎտ կապիտալ ծախսերով 2050 թվականին) և 0.9%-ով, երբ ծախսը կնվազի մինչև $5,600/կՎտ: Այս արդյունքները վկայում են, որ ջերմամիջուկային տեխնոլոգիաների մշակման և գործարկման մեջ ներդրումները կարող են օգուտներ բերել համաշխարհային տնտեսությանը և նպաստել ապաածխածնացման նպատակներին հասնելուն այս դարում»:

