Արկտիկական շարժում
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#280Օգոստոսի 2024

Արկտիկական շարժում

վերադառնալ բովանդակությանը

Ռոսատոմը զարգացնում է Հյուսիսային ծովային երթուղու (ՀԾԵ) ենթակառուցվածքը՝ որպես Հյուսիսային Եվրոպայի և Ասիայի միջև ամենակարճ բեռնափոխադրման երթուղի, միջազգային գործընկերությունը և արկտիկական նավաշինությունը: Սրանք Արկտիկայի զարգացման համար երկրի մեծ ռազմավարության մի մասն են:

Հյուսիսային ծովային երթուղով բեռնափոխադրումների զարգացում

Հուլիսի սկզբին Ռոսատոմը և չինական լոգիստիկ NewNew Shipping Line ընկերությունը գործարկել են նոր մուլտիմոդալ երթուղի՝ «Ճեպընթած ՀԾԵ №1»: Մերձմոսկովյան «Բելի Ռաստ» լոգիստիկ կենտրոնից Արխանգելսկ մեկնեց կոնտեյներներով գնացք։ Այնուհետև՝ կոնտեյներային նավի վրա բեռնում և բեռների տեղափոխում Հյուսիսային ծովային երթուղով դեպի չինական Շանհայ և Նինբո նավահանգիստներ: Իր հերթին, Չինաստանից Արխանգելսկի նավահանգիստ հասնող բեռներն այնուհետ կուղևորվեն Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։

Օգոստոսին նախատեսված է չորս չվերթ, մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 12-ի։ Երթուղու երկարությունը՝ շուրջ 1,2 հազար կմ երկաթուղով և 6,6 հազար ծովային մղոն։ «Արկտիկական ճեպընթացի մեկնարկն ունի պատմական նշանակություն Հյուսիսային ծովային երթուղու նախագծի զարգացման շրջանակներում։ Երթուղին նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև լոգիստիկայի զարգացմանը և կխթանի համագործակցությունը առևտրի ոլորտում»,- արարողության ժամանակ ասել է NewNew Shipping Line-ի ներկայացուցիչ Քե Ցզինը։

Երթուղու գործարկումն այս տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռոսատոմի և NewNew Shipping Line-ի կողմից ստորագրված համաձայնագրի իրականացման սկիզբն է։ «Մենք համագործակցում ենք Ռոսատոմի հետ և ստանում ենք առավելագույն աջակցություն։ Եվ ամենակարևորը, մենք համաձայն ենք այն ըմբռնման մեջ, որ ՀԾԵ-ով բեռնափոխադրումը կարող է նվազեցնել առաքման ժամանակը, և սա ցանկացած տրանսպորտային ընկերության հիմնական խնդիրն է», — այն ժամանակ ասաց NewNew Shipping Line-ի նախագահ Ֆան Յուսինը:

Մնացած փոխադրումները նույնպես ընթանում են սովորական ռեժիմով։ Այսպես, հուլիսի սկզբին Ժելանիա հրվանդանի տարածքում «Վայգաչ» ատոմային սառցահատը երեք նավ ուղեկցեց արևելյան ուղղությամբ։ Նրանց խնդիրն է նավթամթերք և այլ բեռներ տեղափոխել Ռուսաստանի հեռավոր շրջաններ։

Նաև հուլիսի վերջին մեկնարկեց տարվա առաջին սուբսիդավորվող կաբոտաժային չվերթը։ Այն ընթանալու է Արխանգելսկ-Նախոդկա-Մուրմանսկ երթուղիով՝ կանգ առնելով Կորսակովում, Պևեկում, Մագադանում և Պետրոպավլովսկ-Կամչատսկիում: «Lady Դ» Հեռավոր Արևելքից Մուրմանսկ կհասցնի ձկնամթերք։ Ընդհանուր առմամբ այս տարի կիրականացվի երեք նման չվերթ՝ նույնքան, ինչ նախորդ տարի։

Այսպիսով, Ռոսատոմը, չնայած պատժամիջոցներից բխող խոչընդոտներին, շարունակում է կատարել իր առանցքային խնդիրը՝ զարգացնել և ապահովել անվտանգ բեռնափոխադրումներ Հյուսիսային ծովային երթուղիով։ Դրանցից են Արկտիկայում ներդրումային նախագծերի զարգացման համար բեռները, ինչպես նաև Արկտիկայի հեռավոր բնակավայրերի կենսաապահովման բեռները, և, ամենակարևորը, բեռների արտահանումը, ներմուծումը և տարանցումը որպես ռուսական ընկերությունների առևտրային գործառնությունների մաս:

Ռոսատոմը՝ Հյուսիսային ծովային երթուղու ենթակառուցվածքային օպերատոր է: Հյուսիսային ծովային երթուղու տնօրինությունը ներառում է «Հյուսիսային ծովային երթուղու գլխավոր վարչությունը», որը թույլտվություններ է տալիս ՀԾԵ երկայնքով նավարկելու համար և տրամադրում է տեղեկատվական և նավիգացիոն աջակցության ծառայություններ ՀԾԵ երկայնքով չվերթների համար, «Ատոմֆլոտ»-ը, որի սառցահատները ուղեկցում են ՀԾԵ նավարկող նավերին և «Հիդրոգրաֆիկ ձեռնարկություն»-ը, որը զբաղվում է նավահանգստային ենթակառուցվածքների ստեղծմամբ և հողահանմամբ՝ դրանով իսկ բարելավելով նավարկության անվտանգությունը և ստեղծելով նոր հնարավորություններ Հյուսիսային ծովային երթուղիով նավերի երթևեկության համար:

Ռոսատոմը նաև Արկտիկայում զարգացնում է իր սեփական նախագծերը ընդերքի օգտագործման ոլորտում և նախագծեր փոքր միջուկային արտադրության հատվածում՝ ինչպես լողացող, այնպես էլ ցամաքային:

Միջազգային համատեքստում

Ռուսաստանը՝ Արկտիկայում ամենամեծ ներդրողն է։ Ինչպես նշվում է «Յակով և գործընկերներ» ընկերության «Ռուսաստանի Դաշնության արկտիկ գոտի (ՌԴԱԳ). ռիսկեր և զարգացման հեռանկարներ» զեկույցում, «Մինչև 2035 թ. ՌԴ Արկտիկ գոտու զարգացման և ազգային ապահովման ռազմավարությամբ» նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 187 միլիարդ դոլար: Առանցքային նպատակներն ու խնդիրները՝ ՌԴԱԳ սոցիալ-տնտեսական, գիտության և տեխնոլոգիաների համալիր զարգացումն է, ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծումը: Կարևորագույն նախագծերն են՝ Հյուսիսային ծովային երթուղու զարգացումը, էներգակիրների և մետաղական հանքավայրերի զարգացումը, ՀԲԳ գործարանների կառուցումը։

Նորվեգիան, համաձայն իր ռազմավարության, նախատեսում է ներդնել Արկտիկայում 97 մլրդ դոլար, Շվեդիան՝ 96 մլրդ դոլար, Կանադան՝ 73 մլրդ դոլար, ԱՄՆ-ը՝ 33 մլրդ դոլար: Ֆինլանդիայի, Դանիայի և Իսլանդիայի ընդհանուր ներդրումները կազմում են 35 մլրդ դոլար ։

Չինաստանը նույնպես շահագրգռված է Արկտիկայում իր ներկայության մեծացմամբ։ «Համատեղելով ներդրումային և առևտրային գործունեությունը, գիտահետազոտական ​​և հումանիտար նախագծերը, մասնակցելով տարածաշրջանային զարգացմանը և Արկտիկայի կառավարման նախաձեռնություններին, Չինաստանը համակարգված կերպով ամրապնդում է իր աշխարհաքաղաքական դիրքերն այս տարածաշրջանում՝ առանց առճակատման մեջ մտնելու Արկտիկայի երկրների հետ», — նշվում է զեկույցում։

Տարածաշրջանի տնտեսական նշանակությունը

Ռուսաստանի արկտիկական շրջանների զարգացումը շատ առումներով ուղղակիորեն կապված է ածխաջրածինների և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի զարգացման հետ՝ երկաթի հանքաքար, նիկել, ադամանդ, ածուխ, պղինձ, ոսկի և այլն: «Ընդհանուր առմամբ, մինչև 2035 թվականը Արկտիկայի նախագծերը պետք է ապահովեն տարեկան 200 միլիոն տոննա բեռների արտահանման լրացուցիչ հոսք Հյուսիսային ծովի երթուղով: Դրանց իրականացման համար հայտարարված ներդրումների ծավալը գերազանցում է 15 տրիլիոն ռուբլին: (170 միլիարդ դոլար): Լրացուցիչ 1,8 տրիլիոն ռուբլի (20 մլրդ դոլար) նախատեսվում է ներդնել Հյուսիսային ծովային երթուղու ենթակառուցվածքի զարգացման համար», — նշում են զեկույցի հեղինակները։

Հանքարդյունաբերության և վերամշակող ձեռնարկությունների կառուցումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի արտահանումը ուղղակիորեն կապված է զարգացած տրանսպորտային համակարգի առկայության հետ։ Հետևաբար, Հյուսիսային ծովային երթուղով նավագնացության զարգացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև բարեկամ երկրների հետ գործընկերության հաստատումը ռազմավարական նշանակություն ունեն երկրի տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքական ինքնիշխանության համար։

Նավաշինությունը ուշադրության կենտրոնում է

Արկտիկական դասի նավերի կառուցումը Արկտիկայի զարգացման առանցքային թեմաներից է, որը բազմիցս բարձրացվել է բոլոր խոշոր մասնագիտացված և ընդհանուր տնտեսական համաժողովներում, ներառյալ Արևելյան և Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովներ, «Նևա» ֆորումը. և այլն: Ծովային փոխադրումների ոլորտում Ռուսաստանի անկախությունն ապահովելու համար երկրում ակտիվորեն վերափոխվում է նավաշինությունը։

Ինչպես այս տարվա մայիսին ՌԴ վարչապետի հետ օպերատիվ խորհրդոկցության ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, Հյուսիսային ծովային երթուղու երկայնքով նավարկության անվտանգությունն ապահովելու համար կառուցվում են 15 վթարա-փրկարար նավ՝ ներառյալ տարբեր հզորությունների քարշակներ և բազմաֆունկցիոնալ նավեր։ Ակնկալվում է, որ առաջիկա վեց տարիներին կկնքվեն նմանատիպ ևս 30 նավի կառուցման պայմանագրեր:

«Զվեզդա» նավաշինարանն արդեն հինգ Aframax դասի նավթատար տանկեր է մատակարարել հաճախորդներին, ինչպես նաև պայմանագրեր են կնքվել տարբեր հզորությունների և նշանակության 26 նավ կառուցելու մասին: Մինչև 2037 թվականը նավաշինարանի հզորությունների ծանրաբեռնվածության պլանները ներառում են ևս 92 սառցե դասի նավ՝ տարբեր նշանակության (կոնտեյներային, չոր  բեռնատար, տանկեր):

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ որոշում կկայացվի ևս մեկ նավաշինարան կառուցելու մասին (դիտարկվում են տարբերակներ Ռուսաստանի Հյուսիս-արևմուտքում և Հեռավոր արևելքում)։ Նաև մեծ աշխատանք է տարվում նավերի համար առանցքային բաղադրիչների արտադրությունը հիմնելու ուղղությամբ, և դրանում կարևոր դեր է խաղում նաև Ռոսատոմը։

Նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվում շուկայի արտասահմանյան մասնակիցների հետ։ Այսպես, Ռոսատոմի համաձայնագիրը NewNew Shipping Line-ի հետ նախատեսում է նաև համատեղ ձեռնարկության ստեղծում՝ բարձրակարգ բեռնարկղային նավերի կառուցման և կոնտեյներային հոսքագծի կառավարման համար։

Սառցային բարձր դասի նավերը՝ Արկտիկայի զարգացման խնդիրներից են ոչ միայն Ռուսաստանի, այլ ընդհանրապես բոլորի համար, ովքեր ունեն կամ մտադիր են ինչ-որ առնչություն ունենալ Արկտիկային: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը՝ տարածք է, որտեղ կայուն և անվտանգ նավարկության համար անհրաժեշտ են հզոր սառցահատներ:

Ռուսաստանը, ի տարբերություն այլ երկրների, այս ոլորտում ունի հիմք և հսկայական առավելություն՝ միջուկային սառցահատներ։ Դրանք յոթն են, այդ թվում երեքը՝ ամենաժամանակակից  (նախագիծ 22220) «Արկտիկա», «Սիբիր», «Ուրալ»: Եվս երեքը՝ «Յակուտիան», «Չուկոտկան» և «Լենինգրադը», ակտիվորեն կառուցվում են, իսկ առաջին երկուսը գտնվում են բարձր պատրաստվածության փուլում։ «Յակուտիայի» երկու ռեակտորների համար վառելիքն արդեն արտադրվել է։ Ակնկալվում է, որ «Յակուտիան» շահագործման կհանձնվի մինչև 2024-ի տերեվերջին։ Սպասվում է, որ նույն նախագծի մեկ այլ սառցահատ՝ «Ստալինգրադ»-ի կառուցումը կմեկնարկի 2025 թվականին։

Շարունակվում է նաև 15100 («Առաջնորդ») նախագծի «Ռոսիա» սառցահատի շինարարությունը, որն ունի ավելի քան չորս մետր սառույց կոտրելու յուրահատուկ հզորություն: Դրա շահագործումը կապահովի Հյուսիսային ծովային երթուղով նավարկության հնարավորությունն ամբողջ տարվա ընթացքում: Սպասվում է, որ այն պատրաստ կլինի մինչև 2030 թվականի ավարտը։

Ընդհանուր առմամբ, ՀԾԵ-ով նավարկելով հետաքրքրվողների ջանքերի ամբողջությունը պետք է ապահովի ընդերքի օգտագործման ոլորտում ռուսական նախագծերի անվտանգությունն ու զարգացումը, բարելավի ռուսաստանցիների կյանքը արկտիկական բնակավայրերում, ապահովի ռուսական ընկերությունները և նախագծերը հենց ռուսական նավերով և նպաստի Հյուսիսային ծովային երթուղու վերածմանը ծանոթ և հասկանալի միջազգային բեռնափոխադրումների երթուղու: