Ատոմը աճում է, բայց չի մեծանում
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#296Դեկտեմբերի 2025

Ատոմը աճում է, բայց չի մեծանում

վերադառնալ բովանդակությանը

Նոյեմբերին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հրապարակեց իր «Աշխարհի էներգետիկ հեռանկարներ» զեկույցը, որը ներկայացնում էր տարբեր էներգետիկ ոլորտների անցյալի և ներկայի վիճակի ամփոփ նկարագրությունը, ապագայի կանխատեսումը և բացահայտում հիմնական մարտահրավերներն ու ռիսկերը: Ատոմային արդյունաբերությունը աճում է, բայց ոչ այնքան արագ, որքան մյուս էներգետիկ ոլորտները:

Իր զեկույցում ՄԷԳ-ն պնդում է, որ անկայունությունը ներկայիս համաշխարհային իրականության հիմնական առանձնահատկությունն է, և էներգետիկ անվտանգությունը՝ այն է, ինչի մասին պետքե հոգալ առաջին հերթին:

ՄԷԳ-ի առանձնացրած հիմնական ռիսկերի թվում են՝ աշխարհաքաղաքական անկայունությունը և հակամարտությունները, նավթի շուկայում պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելացման պարագայում զսպումված գները, կարևորագույն պինդ հանքանյութերի մատակարարման սահմանափակումները, կիբերսպառնալիքները, ինչպես նաև արտադրական և կլիմայական ռիսկերը: «Էներգետիկ քաղաքականությունը որոշող անձանց կողմից կայացված որոշումները կարևոր կլինեն այս ռիսկերը վերացնելու համար, բայց նրանք ստիպված են գործել ոչ միանշանակ պայմաններում», — նշվում է զեկույցում:

Աշխարհը շարունակում է էներգիայի պակասուրդ ունենալ: Էներգետիկան (ինչպես հաճախ եղել է անցյալում) ժամանակակից աշխարհաքաղաքական լարվածության կենտրոնում է: Այս պայմաններում երկրները ձգտում են ապահովել էներգետիկ անվտանգությունը և էներգառեսուրսների հասանելիությունը, սակայն դա անում են տարբեր ձևերով. «Որոշ երկրներ, այդ թվում՝ էներգառեսուրսներ ներմուծող շատ երկրներ, լուծումը տեսնում են վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման և էներգաարդյունավետության բարելավման մեջ: Մյուսները ավելի շատ կենտրոնացած են ավանդական վառելիքի բավարար մատակարարումների ապահովման վրա», — եզրակացնում են զեկույցի հեղինակները։

Էներգիայի արտադրության բոլոր տեսակները աճում են. «2024 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրները գրանցել են ներդրման ռեկորդային աճ՝ 23-րդ տարին անընդմեջ: Նավթի, բնական գազի և ածխի ապառումը, ինչպես նաև ատոմային էներգիայի արտադրությունը նույնպես հասել են պատմական առավելագույնի», — նշվում է զեկույցում։

ՄԷԳ վերլուծաբանների կողմից նկատված մեկ այլ կարևոր միտում է՝ ազգային և միջազգային մակարդակներում արտանետումները կրճատելու ջանքերի ինտենսիվության նվազումը: 2019 թվականից ի վեր ածխի պահանջարկը, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանով, աճել է 50%-ով ավելի արագ, քան հաջորդ ամենաարագ աճող բրածո վառելիքի՝ բնական գազի պահանջարկը: Սա էներգետիկայի հետ կապված արտանետումների շարունակվող աճի հիմնական շարժիչ ուժն է։

Ներկայիս վիճակը

2010 թվականից ի վեր համաշխարհային էներգիայի պահանջարկը աճել է ավելի քան 20%-ով։ 2024 թվականին այն շարունակել է աճել՝ ավելանալով 2%-ով՝ հասնելով ավելի քան 650 ԷՋ-ի։ Սա զգալիորեն ավելի բարձր է, քան 2010-2023 թվականների միջին ցուցանիշը (1.4%)։ Բրածո վառելիքը 2024 թվականին բավարարել է ընդհանուր էներգիայի պահանջարկի գրեթե 80%-ը։ Քամու և արևային էներգիայի արտադրությունը ցույց է տալիս կայուն աճ (գրեթե 700 ՏՎտ/ժ)։ Ատոմային էներգետիկայի արտադրությունը, 2010-ականների սկզբին նվազելուց հետո, հետագայում աճել է ցանցին նոր բլոկների միացման և նախկինում դադարեցված բլոկների վերագործարկման շնորհիվ։ Զեկույցում սա անվանվում է «ուժեղ աճ», սակայն էներգիայի այլ աղբյուրների համեմատ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը մնում է ցածր (ավելի ցածր է միայն կենսազանգվածը)։

Համաշխարհային ատոմային արտադրության դրվածքային հզորության աճը նույնպես չափազանց համեստ է թվում՝ վերջին 10 տարիների ընթացքում միջինը տարեկան ընդամենը 8 ԳՎտ։ Համեմատության համար, նույն ժամանակահատվածում տեղադրված արևային էներգիայի համաշխարհային հզորությունը տասնապատկվել է՝ 2024 թվականին հասնելով 540 ԳՎտ-ի։

2024 թվականին ներդրումներն էներգետիկայում կհասնեն 3.2 տրիլիոն դոլարի, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան նախորդ տասնամյակում միջինում ներդրված 2.6 տրիլիոն դոլարը։ ՄԷԳ-ի գրաֆիկը ցույց է տալիս ատոմային էներգետիկայի ներդրումների թերակատարումը ոչ միայն այնպիսի տարածված և արագ զարգացող ոլորտների համեմատ, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, վերականգնվող էներգիան և էներգիայի կուտակումը, այլև այնպիսի արդյունաբերությունների համեմատ, ինչպիսիք են նավթը, գազը և նույնիսկ ածուխը։ Վերջին հինգ տարիների ընթացքում ներդրումների 70% աճը լավ է հնչում, բայց նույն ժամանակահատվածում արևային վահանակների ներդրումների կրկնապատկման հետ համեմատելիս պարզ է, որ աճի տեմպը (հատկապես ցածր բազայի դեպքում) ցավոք սրտի ցածր է։

Եվրոպան և Միացյալ Նահանգները դադարել են առաջատար լինել ատոմային ոլորտի մեջ: «Վերջին տարիներին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում խոշոր ռեակտորների կառուցումը բախվել է զգալի ուշացումներին և նախահաշիվների գերազանցմանը. միջինում դրանք շահագործման են հանձնվել նախատեսվածից ութ տարի ուշ, իսկ արժեքը 2.5 անգամ ավելի բարձր է եղել, քան սկզբնական գնահատականները», — նշվում է զեկույցում: Այնտեղ նաև համեստորեն նշվում է, որ Ռուսաստանում, Չինաստանում և Կորեայում որոշ միջուկային նախագծեր ավարտվել են սկզբնական ժամանակացույցին և նախահաշվին մոտ։

Կանխատեսումներ էներգետիկայի համար

Ավանդաբար, ՄԷԳ-ն իր «Համաշխարհային էներգետիկ կանխատեսում» զեկույցում ներկայացրել է համաշխարհային էներգետիկ ոլորտի հնարավոր զարգացման մի քանի սցենար: Ընթացիկ քաղաքական որոշումների սցենարը (ԸՔՈ) ներկայացնում է ներկայիս քաղաքականությունների և կանոնակարգերի համառոտ նկարագրությունը և առաջարկում է էներգետիկ համակարգում նոր էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման և ինտեգրման տեմպերի զգուշավոր գնահատական: Հայտարարված քաղաքական որոշումների սցենարը (ՀՔՈ) ներառում է պաշտոնապես առաջարկված, բայց դեռևս չընդունված քաղաքական որոշումներ, ինչպես նաև էներգետիկայի զարգացման ուղղությունը նշող այլ ռազմավարական փաստաթղթեր: Այս սցենարը ենթադրում է, որ նոր տեխնոլոգիաների ներդրման խոչընդոտները ավելի ցածր են, քան ԸՔՈ սցենարում: Այս երկու սցենարները, կարծես, գնահատվում են որպես առավել հավանական: Զեկույցում ներկայացված է նաև «Զրոյական արտանետումներ մինչև 2050 թվական» սցենարը, որը ուրվագծում է մինչև 2050 թվականը համաշխարհային էներգետիկայի հետ կապված ածխածնի արտանետումները զրոյի հասցնելու ուղին, և սննդի արտադրության և էլեկտրամատակարման էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման արագացման սցենարը։

ՀՔՈ սցենարը

Այս սցենարի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի ամենուրեք։ Ամենամեծ աճը կցուցաբերեն Հնդկաստանը և Ինդոնեզիան։ Կանխատեսվում է, որ արևային ֆոտովոլտային համակարգերը և հողմաէներգետիկան մրցունակ կդառնան շատ տարածաշրջաններում, սակայն դրանց ներդրումը կբախվի մարտահրավերների, որոնք կդանդաղեցնեն աճը։ Արդյունքում, արևային ֆոտովոլտային համակարգերի տարեկան հզորության ավելացումը մինչև 2035 թվականը կկազմի միջինը 540 գիգավատ։ Այնուամենայնիվ, սա համեմատելի է 2024 թվականի տեղադրված հզորությունների հետ։ Ածուխը կմնա համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ աղբյուրը մինչև 2035 թվականը։ Նոր ատոմակայանների կառուցումը կարագանա 2030-ական թվականներին. «Ավելի քան 40 երկիր ընդունել է միջուկային ընդլայնման ծրագրեր, ներդրումները կրկնապատկվել են 2015 թվականից ի վեր, և կա մշակման փուլում գտնվող նախագծերի աճող պորտֆել։ Արդյունքում, ՀՔՈ սցենարի շրջանակներում կանխատեսման համաձայն, համաշխարհային ատոմային էներգետիկայի հզորությունը մինչև 2035 թվականը կաճի մեկ երրորդով»։ Մինչև 2050 թվականը աճը կգերազանցի 80%-ը։ ՄԷԳ-ի վերլուծաբանները, որպես աճի աղբյուրներ նշում են Ճապոնիայում ռեակտորների վերագործարկում և նոր բլոկներ Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Կորեայում և Ֆրանսիայում։

Վերականգնենք արդարությունը․ աճը, առաջին հերթին, կապահովեն բլոկներ Ռուսաստանում և Չինաստանում, ինչպես նաև այն բլոկները Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում, որոնք ներկայում կառուցում կամ պատրաստվում է կառուցման մեկնարկին «Ռոսատոմը»: Այսպես, էլեկտրաէներգիայի տեղաբաշխման գլխավոր պլանի համաձայն՝ մինչև 2042 թվականը Ռուսաստանում նախատեսվում է շահագործման հանձնել 38 ատոմային էներգաբլոկ՝ 29.3 ԳՎտ ընդհանուր հզորությամբ: Ռուսաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի բաժինը 2023 թվականի 18.9%-ից կաճի մինչև 24%՝ 2042 թվականին: «Ռոսատոմի» միջազգային պորտֆելը բաղկացած է 11 երկրներում գտնվող 41 մեծ և փոքր հզորության բլոկներից:

«Չինաստանին այժմ բաժին է ընկնում աշխարհում կառուցվող ատոմային էներգետիկ հզորությունների գրեթե կեսը, և, մինչև 2030 թվականը երկիրը պետք է դառնա ատոմակայանների ամենամեծ օպերատորը աշխարհում», — նշվում է զեկույցում:

Չնայած ատոմային էներգետիկան ՀՔՈ սցենարի համաձայն հաջորդ տասը տարիների ընթացքում կաճի մոտավորապես նույն տեմպերով, ինչ էներգիայի մյուս աղբյուրները (օրինակ՝ ածուխը), բացարձակ առումով, ցածր հիմքի պատճառով, 2035 թվականին տեղադրված միջուկային արտադրության հզորության ծավալը կմնա ամենացածրը՝ համեմատած այլ էներգիայի աղբյուրների հետ։

ՀՔՈ սցենար

Այս սցենարը մշակված է էներգետիկ համակարգի զարգացման գերիշխող ուղղությունը արտացոլելու համար, նույնիսկ եթե երկրի հատուկ կանոններն ու կարգավորումները դեռևս օրենսդրորեն չեն ամրագրվել։

Այս սցենարի համաձայն, սկսած 2030-ական թվականներից վերականգնվող էներգիայի արտադրությունը կկարողանա բավարարել ամբողջ համաշխարհային էներգիայի հավելյան պահանջարկը։ Վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ կաճի ներկայիս մեկ երրորդից մինչև կեսից ավելին մինչև 2035 թվականը և մինչև երկու երրորդ՝ մինչև 2050 թվականը, հիմնականում արևային և յողմային էներգիայի՝ մարտկոցային կուտակիչների հետ համատեղ օգտագործման շնորհիվ։ Ատոմային էներգիայի արտադրությունը կաճի 40%-ով մինչև 2035 թվականը՝ պահպանելով էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության իր մասնաբաժինը 9%-ի սահմանում։ ՄԷԳ-ն վերանայել է ատոմային գեներացիայի իր կանխատեսումը այս սցենարի համար։ Մինչև 2035 թվականը այն կանխատեսվում է 4%-ով ավելի բարձր, քան մեկ տարի առաջ էր կանխատեսվել։ 2035-ից մինչև 2050 թվականը, եթե իրագործվի ՀՔՈ սցենարը, ատոմային էներգետիկան կաճի լրացուցիչ 40%-ով, բայց դեռևս կմնա մոտ 9%-ի սահմաններում։

Երկու սցենարների դեպքում էլ, ներդրումներ ատոմային էներգետիկայում կավելանան մինչև 2035 թվականը, քանի որ մի քանի երկրներ վերջնական ներդրումային որոշումներ են կայացնում նոր խոշոր ռեակտորների վերաբերյալ: Ներդրումների մակարդակը կաճի 40%-ով ներկայիս մակարդակի համեմատ՝ տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարի՝ ՀՔՈ-ի դեպքում, և մոտավորապես 30%-ով՝ տարեկան ավելի քան 90 միլիարդ դոլարի՝ ԸՔՈ շրջանակում։ Եթե դիտարկել էներգետիկայի այլ սեգմենտներում իրականացվող ներդրումները պարզ է դառնում, որ միջուկային էներգիայի ոլորտում ներդրումների ցուցանիշները շատ ցածր են: Օրինակ՝ էլեկտրաէներգետիկ ցանցում համաշխարհային ներդրումները մինչև 2035 թվականը կավելանան մինչև մոտավորապես 715 միլիարդ դոլար՝ ԸՔՈ սցենարի դեպքում, և 730 միլիարդ դոլար՝ ՀՔՈ սցենարի դեպքում։

Որոշ եզրակացություններ

ՄԷԳ զեկույցում ներկայացված ընթացիկ իրավիճակը և առավել հավանական սցենարները ցույց են տալիս, որ ատոմային արտադրությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որը բավարարում է շրջակա միջավայրի պաշտպանության, ցածր ածխածնային արդյունավետության և կայուն արտադրության պահանջներ ին, զբաղեցնում է էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր աղբյուրների ամենափոքր բաժինը:

Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի և, ընդհանուր առմամբ, էներգակիրների սպառման ընդհանուր աճը աշխարհում, ատոմային էներգետիկան ստիպված կլինի «շատ արագ վազել»՝ նույնիսկ համաշխարհային էներգազամբյուղում իր ներկայիս բաժինը (շուրջ 9%) պահպանելու համար։

Ավելի բարձր արդյունքներին հասնելու համար այն ստիպված կլինի «վազել էլ ավելի արագ»։ Սա պահանջում է համապատասխան քաղաքական որոշումներ, տեխնոլոգիաներ, ներդրումներ և անձնակազմ։

Բարեբախտաբար, ներդրումային միջավայրը աստիճանաբար փոխվում է դեպի լավը։ Օրինակ, նոյեմբերի վերջին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) փոփոխեց իր կանոնակարգերն ու կանոնները՝ թույլ տալով ներդրումներ կատարել ատոմային էներգետիկայի նախագծերում։ ԱԶԲ-ն նաև համաձայնագիր ստորագրեց ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ համագործակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին աջակցելու հարցում, որոնք ուսումնասիրում են միջուկային էներգիայի օգտագործումը՝ որպես իրենց էներգետիկ և զարգացման ռազմավարությունների մաս։ Ավելի վաղ նման որոշում է կայացրել Համաշխարհային։

Մնում է հուսալ, որ այս որոշումներին և համաձայնագրերին կհաջորդեն նմանատիպները։ Նման ներդրումները թույլ կտան կառուցել մեծ և փոքր հզորության նոր բլոկներ ամբողջ աշխարհում՝ երկրներն ապահովելով կայուն էլեկտրաէներգիայով, մարդկանց՝ հետաքրքիր, լավ վարձատրվող աշխատանքով և նպաստելով գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։