Ծովային նոր երթուղիներ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#274Փետրվարի 2024

Ծովային նոր երթուղիներ

վերադառնալ բովանդակությանը

Պետկորպորացիայի առանցքային նոր բիզնեսներից մեկը Հյուսիսային ծովային երթուղիով (ՀԾԵ) բեռնափոխադրողներին ծառայությունների մատուցումն է: Ռոսատոմը Հյուսիսային ծովային երթուղու ենթակառուցվածքային օպերատորն է, որն ապահովում է անվտանգ նավարկություն սառցահատի օգնությամբ և առանց դրա, կառուցում է նավահանգիստներ և զարգացնում փոխշահավետ լոգիստիկ համագործակցություն արտասահմանյան ընկերությունների հետ՝ Եվրոպայի և Ասիայի միջև նոր ծովային երթուղի զարգացնելու համար:

ՀԾԵ-ի վրա Ռոսատոմի հիմնական խնդիրն է ապահովել նավերի կայուն և անվտանգ նավարկությունը Եվրասիայի արևմտյան մասի և Խաղաղ օվկիանոսի միջև այս ամենակարճ ճանապարհով: Նրա երկարությունը 5,6 հազար մղոն է, Հյուսիսային ծովային ճանապարհով Մուրմանսկից մինչև Չինաստանի նավահանգիստներ ամբողջական երթուղին կազմում է 7 հազար մղոն։ Համեմատության համար, Սուեզով՝ 12,5 հազար մղոն։

Սառցահատները կարևոր պայման են ՀԾԵ-ով անվտանգ անցման համար: Նրանք ապահովում են բեռների առաքում ընդերքի օգտագործման ոլորտում ռուսական արկտիկական խոշոր նախագծերի համար՝ նավթի, գազի, ածխի և պղնձի արդյունահանման և վերամշակման համար: Սառցահատները ճանապարհ են հարթում տանկերների, գազատարների և չոր բեռնատար նավերի համար՝ արտադրված արտադրանքը արևմտյան և արևելյան ուղղություններով արտահանելու համար։ Բացի այդ, էներգիայի արտադրության հատուկ բնույթի շնորհիվ միջուկային սառցահատները օդ չեն արտանետում վառելիքի այրման թափոնները և ունեն ավելի մեծ հզորություն, այսինքն՝ անցնում են ավելի հաստ սառույցներով, քան դիզելայինները։

Հունվարի վերջին «Բալթյան գործարանում» մեկնարկեց 22220 նախագծի նոր «Լենինգրադ» սառցահատի կառուցումը։ Սառցահատն այդպես է անվանվել՝ ի հիշատակ Սանկտ-Պետերբուրգի (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Լենինգրադ) պաշտպանների և բնակիչների խիզախության՝ բլոկադայի ժամանակ։ Նոր սառցահատի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը համընկել է բլոկադայի վերացման 80-ամյակի հետ։ «Ռուսաստանն այսօր ունի եզակի, ամենամեծ սառցահատների նավատորմը աշխարհում: Եվ սա մեր հսկայական մրցակցային առավելությունն է, հսկայական հնարավորությունները լոգիստիկայի, արդյունաբերության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, արկտիկական քաղաքների և բնակավայրերի ինտեգրված զարգացման, գլոբալ նախագծերի իրականացման, մեր գործընկերների, ընկերների և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ, միջազգային համագործակցության համար»,- միջոցառման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

22220 նախագծի արդեն երեք սառցահատ՝ «Արկտիկա», «Սիբիր» և «Ուրալ», նավեր են անցկացնում ՀԾԵ-ով: Եվս երկու սառցահատ՝ «Յակուտիան» և «Չուկոտկան», կառուցման փուլում են և շահագործման կհանձնվեն համապատասխանաբար 2024 և 2026 թվականներին։ Նախատեսվում է նաև կառուցել այս նախագծի ևս մեկ սառցահատ։ Այն կմեկնարկի հաջորդ տարի։ Ռոսատոմի միջուկային սառցահատների նավատորմի մեջ մտնում են նաև «Տայմիր», «Վայգաչ», «Յամալ» և «Հաղթանակի 50-ամյակ» ատոմային սառցահատները։

Ընդհանուր առմամբ, ՀԾԵ-ի երկայնքով բեռնափոխադրումների հոսքը զգալիորեն աճել է։ Եթե ​​2013 թվականին այն ընդամենը 3,93 մլն տոննա էր, ապա անցյալ տարի այն հասել է 36,254 մլն տոննայի՝ 36 մլն տոննա պլանի դիմաց։ «Հյուսիսային ծովային երթուղու երկայնքով բեռնափոխադրումների ռեկորդային թվեր են ձեռք բերվել մեր գործընկերների շնորհիվ՝ առաջին հերթին «ՆՈՎԱՏԵԿ»-ի, որի հեղուկ բնական գազը կազմում է բեռնափոխադրումների կեսից ավելին: Փոխադրումների ծավալի մեծացման գործում մեծ դեր են խաղացել նաև «Գազպրոմ Նեֆթ»-ը և «ԼՈՒԿՕՅԼ»-ը, որոնք իրենց բեռները վերահղել են արևմտյանից արևելյան ուղղությամբ։ Արդյունքում մենք հասանք 36 մլն տոննա նպատակային ցուցանիշին մինչև Ամանոր»,- ասել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Աճել են նաև տարանցիկ փոխադրումները․ «Հյուսիսային ծովային երթուղիով տարանցիկ փոխադրումները հնարավոր է դարձել ոչ միայն վերադառձնել 2021 թվականի մակարդակին, այլև ապահովել պատմական նոր մաքսիմում», — ասաց Արկտիկայի զարգացման հարցերով Ռոսատոմի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Պանովը։ 2023 թվականին տարանցման ծավալը կազմել է գրեթե 2,13 մլն տոննա։ Հիմնական բեռներն էին նավթը, երկաթի հանքաքարի խտանյութը և ՀԲԳ։ «Տարանցիկ բեռների հոսքը Հյուսիսային ծովի երթուղու պահանջարկի ցուցանիշն է, հետևաբար դրա աճը ծովային լոգիստիկ բիզնեսի տեսանկյունից ամենակարևոր արդյունքն է»,- ընդգծել է Վլադիմիր Պանովը։

ՀԾԵ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է օտարերկրյա փոխադրողների շրջանում։ Այսպես, չինական NewNew Shipping Line ընկերությունը, օգտագործելով Հյուսիսային ծովային երթուղու համար հատուկ գնված սառցե դասի նավերը, 2023 թվականին իրականացրել է ութ չվերթ և մոտ 100 հազար տոննա բեռ է տեղափոխել Չինաստանի և Արխանգելսկի, Սանկտ -Պետերբուրգի և Մուրմանսկի նավահանգիստների միջև։

ՀԾԵ-ով սկսել են իրականացվել կանոնավոր չվերթներ. երեք կաբոտաժային չվերթ է իրականացվել Ռուսաստանի հյուսիսարևմտյան և Հեռավոր Արևելյան նավահանգիստների միջև:

 

 

Բացի այդ, «Ռոսատոմը» ծառայություններ է մատուցում Հյուսիսային ծովային երթուղու նավահանգստային ենթակառուցվածքների ստեղծման համար և այդ ուղղությամբ աշխատում է գերազանցելով պլանը։ Արկտիկայի նավահանգիստների հզորությունն ավելացել է մինչև 40 մլն տոննա։ Ռոսատոմն իրականացրել է Օբի ծոցում հատակի խորացման աշխատանքներ, մասնակցում է Սիրադայսկի ածխային հանքավայրից ածխի բեռնման տերմինալի կառուցմանը և «Բուխտա Սեվեր» նավահանգստում հատակի խորացման աշխատանքների, ինչպես նաև Նագլեյնին ծովածոցում բեռնային տերմինալի և լողացող էներգաբլոկների կայանման հանգրվանի  կառուցման պայմանագրեր է կնքել:

Ծովային օպերացիաների շտաբը, որը մտնում է Ռոսատոմի կառուցվածքի մեջ, ինտեգրում է սառցե ծածկույթի վիճակի և եղանակի մասին բոլոր մուտքային տեղեկատվությունը օպտիմալ երթուղիներ գծելու համար: Տեղեկատվության աղբյուրների թիվը կավելանա՝ ավանդական արբանյակային տվյալներին կավելացվեն բորտային համակարգեր և անօդաչու սարքեր։ Սառցահատային համալիրները կգնահատեն սառույցները այն նավի շուրջ, որի վրա դրանք տեղադրված են, իսկ անօդաչու սարքերը տեղեկատվություն կհավաքեն մինչև 100 կմ հեռավորության վրա՝ սառցահատերի հարթակից մեկնարկի կետից:

ՀԾԵ-ի երկայնքով նավերի անցումը հնարավորինս անվտանգ և հարմարավետ դարձնելու համար Ռոսատոմը ստեղծում է թվային ծառայությունների միասնական հարթակ: Այն կհավաքի և կմշակի ՀԾԵ-ի վերաբերյալ բոլոր տվյալները՝ եղանակի կանխատեսումներից մինչև նավիգացիոն թույլտվություններ, անցումների պլանավորում և արտակարգ իրավիճակների լուծում:

Անցյալ տարի ծովային օպերացիաների շտաբը տրամադրել է 1218 թույլտվություն (2022 թվականին՝ 1163)։ «Լենինգրադ» սառցահատի կառուցման մեկնարկի միջոցառմանը Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ Հյուսիսային ծովային երթուղին կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Եվ միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում աճում է կայուն, հուսալի լոգիստիկ երթուղիների պահանջարկը։ «Սա հենց այն արագ, անվտանգ, մրցակցային ճանապարհն է, որը մենք առաջարկում ենք մեր գործընկերներին»,- եզրափակեց նա։