ԻՏԵՌ-ում պատրաստում են փորձարկումներ
վերադառնալ բովանդակությանըՆոյեմբերի 17-ին Ռուսաստանից Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի (ԻՏԵՌ) շինհրապարակ ժամանեց փորձարկումային չորս ստենդերից առաջինը: Դրանցում, իրականին առավելագույնս մոտ պայմաններում կփորձարկվեն ախտորոշիչ համալիրների և տեխնիկական համակարգերի տեղակայման համար նախատեսված սարքեր՝ պորտպլագեր։
Փորձարկումային ստենդը պողպատե վակումային խցիկ է, որի քաշը մոտ 30 տոննա է, իսկ ծավալը՝ 40 խորանարդ մետր, որը հագեցած է վակումային համակարգով, տաքացման, կառավարման և վերահսկման համակարգերով: 2011 թվականին կնքված համաձայնագրի համաձայն՝ ռուսական կողմը արտադրում և մատակարարում է չորս նման ստենդ: Արտադրողը՝ Մեքենաշինության և գործիքաշինության ընկերությունների խումբն է (ՄԳԸԽ): ՄԳԸԽ-ն արտադրում է սարքավորումներ ջերմամիջուկային սինթեզի համար, կրիոգեն համալիրներ և ջերմավակումային փորձարարական կայանքներ, իրականացնում սարքերի բարդ փորձարկումներ։
«Այս փորձարկումային ստենդը՝ մեր պատասխանատվության ոլորտում ամենաբարդ և գիտելիքահեն համակարգերից մեկն է նախագծի շրջանակում: Այն մշակելու և արտադրելու համար մեր հիմնական մատակարարները ստեղծել են և ներդրել են առաջադեմ նորարարական լուծումներ: Ռուսաստանին հանձնարարվել է արտադրել բոլոր կայանքները, և սա մեր փորձի և տեխնոլոգիական առաջատարության արդյունքն է», — ասաց «ԻՏԵՌ» նախագծային կենտրոնի (Ռոսատոմի մաս) տնօրեն Անատոլի Կրասիլնիկովը ստենդերի ժամանման արարողության ժամանակ։
Փորձարկումներն անհրաժեշտ են
Նախագծի գործընկեր երկրների կողմից արտադրված բոլոր 46 պորտպլագերը կստուգվեն ստենդերի խցերում: Վակումային, ջերմային և ֆունկցիոնալ փորձարկումների համար ներսում կստեղծվի խորը վակում և բարձր ջերմաստիճան: Նախատեսվում է փորձարկումների երեք ցիկլ՝ 20-ից մինչև 240°C ջերմության փոփոխմամբ: Յուրաքանչյուր փուլում կանցկացվի հելիումի արտահոսքի տեստավորում՝ համակարգի հերմետիկությունը հաստատելու համար:

Ռուսաստանյան մասնագետները կմասնակցեն ԻՏԵՌ-ի հարթակում ստենդի կարգաբերման աշխատանքներին: «Մենք պատասխանատու ենք ստենդի բոլոր ենթահամակարգերով հավաքման և համապարփակ ինտեգրված փորձարկման վերահսկման համար», — «Ստրանա Ռոսատոմ» թերթին ասել է ՄԳԸԽ ԻՏԵՌ նախագծային գրասենյակի տնօրեն Օլեսյա Սոլովյովան: ՄԳԸԽ-ն այս տարի սկսել է երկրորդ ստենդի արտադրությունը: Այն նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի աշունը: Այնուհետև կհաջորդեն գործարանային փորձարկումները, և այն կուղարկվի Ֆրանսիա ձմռան սկզբին: Երրորդ և չորրորդ ստենդերը կհանձնվեն մինչև 2029 թվականի վերջը․ նման խնդիր է դրել ԻՏԵՌ միջազգային կազմակերպությունը։
Ռուսաստանի ներդրումը
Շինարարության գծով ԻՏԵՌ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերխիո Օրլանդին բարձր է գնահատել ռուսական կողմի ներդրումը. «Որպես կայանքի կառուցման նախագծի ղեկավար՝ ես շատ ուրախ եմ, որ պորտպլագինների փորձարկման համար առաջին ստենդի մատակարարումը կայացել է։ Այս կայանքը Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական կարողությունների բարձր մակարդակի օրինակ է, որը ապահովել է նախագծի ավարտը ժամանակին, անհրաժեշտ որակով և բյուջեի սահմաններում։ Ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության մասնագետներին, ովքեր իրականացրել են մասնագիտական վերահսկողություն ստենդի նախագծման, ձեռքբերման և հավաքման բոլոր փուլերում»։
Նախկինում ռուսական ատոմային փեռնարկությունները ԻՏԵՌ շինհրապարակ էին մատակարարել գերհաղորդիչներ, պոլոիդային դաշտային կծիկ և գիրոտրոնային չորս համալիր: Մյուս բաղադրիչների արտադրությունը շարունակվում է: Այս եզակի ռուսական սարքավորումների մատակարարումները ընթանում են ժամանակին՝ համաձայն ռեակտորի կառուցման ժամանակացույցի: Ընդհանուր առմամբ, ռուսական ինստիտուտներին և ընկերություններին հանձնարարվել է արտադրել և մատակարարել 25 բարձր տեխնոլոգիական համակարգ ապագա ԻՏԵՌ ձերմամիջուկային կայանքի համար:
ԻՏԵՌ-ը՝ աշխարհի առաջին միջազգային նոր սերնդի փորձարարական ջերմամիջուկային ռեակտորի նախագիծն է: Շինհրապարակը գտնվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքի մոտակայքում: Նախագծի նպատակն է՝ ցույց տալ ջերմամիջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման գիտատեխնոլոգիական իրագործելիությունը և փորձարկել դրանց հետ կապված գործընթացները: Ջերմամիջուկային սինթեզի գործնական զարգացումը թույլ կտա ապահովել մարդկանց էներգիայով առաջիկա հազարամյակների համար:
Ռուսաստանը ԻՏԵՌ նախագծի մասնակից է ԵՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների հետ միասին: Նախագծում Ռուսաստանի բնեղեն ներդրումն ապահովելու պատասխանատու՝ ԻՏԵՌ Ռուսաստանի ազգային գործակալության գործառույթները իրականացնում է ԻՏԵՌ նախագծային կենտրոնը (Ռոսատոմի մասնավոր հաստատություն):

