Բարի գալուստ ԲՐԻԿՍ-ի քվանտային համաժողով
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#292Օգոստոսի 2025

Բարի գալուստ ԲՐԻԿՍ-ի քվանտային համաժողով

վերադառնալ բովանդակությանը

Քվանտային տեխնոլոգիաների միջազգային համաժողովը կանցկացվի 2026 թվականին Ռուսաստանում: Այն ներառված է ԲՐԻԿՍ-ի՝ գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտի միջոցառումների օրացույցում: Ավելի վաղ՝ ԲՐԻԿՍ XVII-րդ գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ այս տարվա հուլիսի 6-7-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում, ասոցիացիայի երկրները աջակցություն են հայտնել քվանտային տեխնոլոգիաների զարգացմանը:

Քվանտային համաժողովն օրացույցում

Քվանտային տեխնոլոգիաների միջազգային համաժողովը ներառված է ԲՐԻԿՍ երկրների միջոցառումների օրացույցում:

«Ռոսատոմ»–ը` քվանտային տեխնոլոգիաների զարգացման ռուսական էկոհամակարգի հիմնական մասնակիցներից է, որը ներառում է ակադեմիական հաստատություններ, համալսարաններ, արդյունաբերական ընկերություններ և ստարտափներ: Ըստ Ռուսաստանի կառավարության հետ կնքված համաձայնագրի՝ 2020 թվականից «Ռոսատոմը» պատասխանատու է քվանտային հաշվարկների ուղղության համար, իսկ 2026 թվականից կորպորացիայի պատասխանատվության շրջանակում կընդգրկվի նաև քվանտային սենսորների մշակման ոլորտը: «Ռոսատոմի» քվանտային նախագիծը ենթադրում է համապատասխան գիտական հետազոտությունների շարունակականությունը, ինչպես նաև քվանտային նորարարությունների գործնական կիրառման զարգացումը միջուկային արդյունաբերության և այլ ոլորտներում: Նախագծի կարևոր բաղադրիչը` քվանտային կրթության զարգացումն է:

«Ռոսատոմը» հանդես է գալիս նաև քվանտային ոլորտում միջազգային համագործակցության զարգացման օգտին: «Տիրապետելով լուրջ ներուժի՝ մենք սատարում ենք բարձր տեխնոլոգիաների արդար հասանելիությունը տարբեր երկրների համար, քանի որ, վերջին հաշվով, գիտատեխնիկական առաջընթացի նպատակն է բարելավել մարդկանց կյանքի որակն ամբողջ աշխարհում: Մենք լիովին աջակցում ենք ապագա տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու ժողովուրդների ձգտումը և ԲՐԻԿՍ-ի օրակարգում քվանտային տեխնոլոգիաների ներառումը», — ասել է «Ռոսատոմ»–ի քվանտային տեխնոլոգիաների գծով տնօրեն Եկատերինա Սոլնցևան:

ԲՐԻԿՍ գիտության և կրթության նախարարների 13-րդ հանդիպման (որը տեղի է ունեցել գագաթնաժողովի շրջանակներում) եզրափակիչ հայտարարությունում նշվում է, որ քվանտային տեխնոլոգիաները դարձել են առաջնահերթություններից մեկը. «Մենք բարձր ենք գնահատում Բրազիլիայի առաջարկը՝ արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները և արդյունաբերական նորարարությունները դիտարկել որպես 2025 թվականի առաջնահերթություններ՝ առաջադեմ տեխնոլոգիաների արագ զարգացման և ազգային վերաարդյունաբերականացման գործընթացների նոր համատեքստում: Այս թեմաները շեշտադրվել են այս տարի գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ԲՐԻԿՍ-ի տարբեր երկխոսություններում և նախաձեռնություններում»: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը 2025 թվականը հայտարարել է Քվանտային գիտության և տեխնոլոգիաների միջազգային տարի:

Քվանտային էվոլյուցիան Ռուսաստանում

Ռուսաստանյան քվանտային նախագծի ակտիվացումը սկսվել է 2020 թվականին՝ քվանտային տեխնոլոգիաների վերաբերյալ մի շարք ճանապարհային քարտեզների ստորագրմամբ: «Ռոսատոմ»-ի կողմից համակարգվող «Քվանտային հաշվարկներ» ճանապարհային քարտեզի շրջանակներում, մինչև 2025 թվականի սկիզբը, ստեղծվել են գործող քվանտային համակարգիչներ բոլոր չորս առաջնահերթ հարթակներում՝ 50 քուբիթային՝ իոնների, 50 քուբիթային՝ ատոմների, 35 քուբիթային՝ ֆոտոնների և 16 քուբիթային՝ գերհաղորդիչների վրա: Բացի այդ, մշակվել է 34 քվանտային ալգորիթմ՝ քվանտային օպտիմալացման, քվանտային քիմիայի, քվանտային մոդելավորման, մեծ տվյալների մշակման և այլ թեստային և մոդելային խնդիրներ լուծելու համար: Ստեղծվել է տեղական ամպային հարթակ՝ որպես ապագա ծառայություն՝ քվանտային համակարգիչներին հասանելիությունն ապահովելու համար: Մինչև 2030 թվականը քվանտային նախագծի ուշադրության կենտրոնում կլինի քվանտային տեխնոլոգիաների գործնական կիրառումն արդյունաբերության տարբեր ճյուղերում, առաջին հերթին՝ ատոմային  ոլորտում:

Ռուս գիտնականների կողմից իրենց առջև դրված նպատակների թվում են քվանտային ռեգիստրների մասշտաբայնացումը (քուբիթների քանակի ավելացում) և գործողությունների ճշգրտության բարելավումը: Նախատեսվում է նաև քվանտային սարքերի փոքրացում: Քվանտային հաշվարկների ռուսաստանյան ծրագրի արդյունքը մինչև 2030 թվականը կլինի 300 քուբիթանոց ռուսական քվանտային պրոցեսորի ստեղծումը: Եվ ամենակարևորը՝ պետք է անցնել գործնական խնդիրների լուծմանը:

Քվանտային հաշվարկները նախատեսվում է օգտագործել օպտիմալացման խնդիրներ լուծելու, նոր նյութեր, այդ թվում՝ դեղորայքային նյութեր ստեղծելու համար, կմշակվեն անհատականացված բժշկական տեխնոլոգիաներ, իսկ լոգիստիկ գործողությունները կդառնան ավելի էժան և արդյունավետ:

Քվանտային տեխնոլոգիաները կիրառվում են նաև ատոմային ոլորտում: Այսպիսով, չորրորդ սերնդի միջուկային էներգահամակարգի ստեղծմանն ուղղված «Ճեղքում» նախագծի շրջանակներում, քվանտային-ոգեշնչված ալգորիթմների կիրառման միջոցով լուծվել է միջուկային վառելիքի երկարաժամկետ արտադրական պլանի և մատակարարման փորձարկման օպտիմալացման խնդիրը՝ արտադրական հզորությունների օպտիմալ բեռնման և սպառողների միջև միջուկային վառելիքի բաշխման համար:

«Ռոսատոմ»–ը զգուշորեն առաջ է շարժվում քվանտային հաշվարկների կիրառման հարցում։ Լոգիստիկայում, մեքենաշինությունում, միջուկային վառելիքի հետ աշխատանքում։ Եվ, իհարկե, չորրորդ սերնդի ԱԷԿ-ների նախագծերում՝ սա եզակի օրինակ է, այստեղ, մեր ընկալմամբ, զարգացումը հնարավոր չէ առանց քվանտային տեխնոլոգիաների։ Անհրաժեշտ է այսօր սովորել լուծել արդյունաբերական խնդիրներ՝ օգտագործելով քվանտային հաշվարկներ և ալգորիթմներ, որպեսզի պատրաստ լինենք պրակտիկ գործունեության՝ արդյունաբերական քվանտային համակարգչի ի հայտ գալուն պես», — ասել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը՝ ելույթ ունենալով «Քվանտային առաջընթաց. գիտության մեջ ներդրումներից մինչև բիզնես նախագծեր» բիզնես նախաճաշի ժամանակ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։