Ռեակտորները դուրս են եկել զույգով
վերադառնալ բովանդակությանըԱպրիլի վերջին «Ատոմմաշ»-ը (Ռոսատոմի մեքենաշինական ստորաբաժանում՝«Ատոմէներգոմաշ»-ի մասը) առաքել է ատոմակայանների համար հիմնական սարքավորումների երկու հավաքածու: Ընդհանուր առմամբ, դրանք երկու ռեակտորներ են և ութ գոլորշու գեներատորներ: Այս ծավալը մեկ արտադրամասից առաքվում է առաջին անգամ համաշխարհային ատոմային էներգետիկայի պատմության մեջ։
Նախապատրաստում
Իհարկե, «Ատոմմաշ»-ը նախապես սկսեց նախապատրաստվել նման լարված աշխատանքին։ Առաջադրանքին մոտեցել են համապարփակ՝ լուծելով այն մի քանի առումներով․ արտադրական օբյեկտների արդիականացում և տեխնիկական վերազինում, արտադրական գործընթացների թվայնացում, բիզնես գործընթացների օպտիմալացում, աշխատակիցների վերապատրաստում և որակավորման բարձրացում։
2018 թվականից ի վեր «Ատոմմաշ»-ի համար ձեռք են բերվել և արդիականացվել տասնյակ միավորներ եռակցման սարքավորումներ, մետաղահատ մեքենաներ, սարքավորումներ որակի վերահսկման աշխատանքների համար։ Օրինակ, 2020 թվականին գործարանում շահագործման է հանձնվել գրեթե 600 տոննա քաշով և 40 մ երկարությամբ աշխատանքային մակերեսով ծրագրային կառավարմամբ հորիզոնական ֆրեզերային հաստոց։ Հաստոցների պարկի նորացումը թույլ է տվել արագացնել գոլորշու գեներատորների և ռեակտորների իրանների մեխանիկական մշակումը։
2016-2022 թվականներին «Ատոմմաշ»-ի աշխատակիցների թիվն ավելացել է ավելի քան 1,5 անգամ։ Նրանք ոչ միայն աշխատանքի են ընդունվել, այլև վերապատրաստվել են հատուկ ծրագրերով։ Կիրառվել է մենթորական և ակտիվ ուսուցում, որը փոխկապակցված է արտադրական օբյեկտների արդիականացման ծրագրի հետ:
«Ատոմմաշ»-ում ներդրել է արտադրանքի 3D սկանավորման տեխնոլոգիաներ՝ երկրաչափական պարամետրերը վերահսկելու համար և տեղեկատվական համակարգ՝ ներգործարանային փոխադրումը օպտիմալացնելու համար: Գոլորշու գեներատորների արտադրության հոսքում օգտագործվում է իմիտացիոն մոդելավորման համակարգ՝ արտադրական ծրագրով հաշվարկների հնարավորությամբ և տեխնոլոգիական/վերահսկողական գործարույթների փաստացի կատարման համեմատությամբ։ Թվային լուծումներն ու տեխնոլոգիաները օգտագործվում են նաև անձնակազմի վիճակի մոնիտորինգի համար (շարժումներ, առողջության հիմնական ցուցանիշներ, ԱՊՄ-ների օգտագործում և այլն):
«Ատոմմաշ»-ն օգտագործում է թվային մոդելավորման գործիքներ. արտադրանքի տեսականու ավելի քան 90%-ն ունի 3D մոդելներ՝ հավաքումը ստուգելու հնարավորությամբ։ Արտադրության կառավարումն իրականացվում է «Տնօրենի վահանակ» (web-հավելված) տեղեկատվական համակարգի միջոցով: Այն ներառում է տեղեկատվություն հիմնական սարքավորումների բեռնման, պայմանագրերի կատարման վերահսկողության, ըստ տեղամասերի ամսական ծրագրի իրականացման և այլ ցուցանիշների վերաբերյալ:
Խիտ բեռնում
Մեկ ռեակտորային կայանի համար սարքավորումների արտադրության ժամկետը երկու տարուց ավելի է: Բարդ արտադրական գործընթացն անցնում է բազմաթիվ հսկիչ կետերով։ Օրինակ, միջուկային ռեակտորային իրանի համար կա մոտ 300 այդպիսի կետ, միայն մեկ կետ անցնելուց հետո կարելի է շարունակել աշխատանքը մինչև հաջորդը։ Հաշվի առնելով այս փուլերը՝ գնահատվում է ծանրաբեռնվածությունը, իսկ օպտիմալ ժամանակացույցը կառուցվում է արդյունավետ հաջորդականության սկզբունքով։ Երբ արտադրանքը անցնում է հերթական փուլը, արտադրական հզորություննրը կարող են ընդունել հաջորդը։ Ընկերության արտադրական հնարավորությունները թույլ են տալիս զուգահեռաբար իրականացնել մի շարք գործընթացներ և մի քանի միավոր սարքավորումներ միաժամանակ հասցնել վերջնական փուլ։
Ո՞րտեղ ուղարկվեց սարքավորումը
Մեկ հավաքածուն ուղարկվեց Հնդկաստան՝ «Կուդանկուլամ» ԱԷԿ-ի տեղամաս՝ կառուցվող թիվ 5 բլոկի համար: Երկրորդը՝ Չինաստան՝ «Տյանվան» ԱԷԿ-ի թիվ 7 էներգաբլոկի համար։ Բեռի ընդհանուր քաշը 3400 տոննա է։
«Կուդանկուլամ» ԱԷԿ-ը գտնվում է Հնդկաստանի հարավում՝ Թամիլնադ նահանգում։ ԱԷԿ-ի տարածքում կառուցվում են ВВЭР-1000 ռեակտորներով չորս էներգաբլոկ՝ ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ փուլերը։ «Տյանվան» ԱԷԿ-ը գտնվում է Չինաստանի Ցզյանսու նահանգում։ Ռոսատոմը կառուցում է երկու բլոկ ВВЭР-1200 ռեակտորներով, որոնք պատկանում են անվտանգության 3+ սերնդին։
Ինչպես են փոխադրվել ռեակտորները
Նախ, բեռը ավտոտրանսպորտով հասրել էեն Ցիմլյանսկի մասնագիտացված նավամատույց: Տեղափոխել են միայն գիշերը, որպեսզի խցանումներ չստեղծվեն։ Մեծ չափերի պատճառով քաղաքային ծառայությունները փակել են ճանապարհները, անջատել էլեկտրահաղորդման գծերը։ Փոխակրիչների արագությունը կազմում էր ընդամենը 2-7 կմ/ժ։
Ապրիլի 27-ին և 29-ին նրանց տեղափոխել են նավ, իսկ գետերի երկայնքով գնացել Սանկտ-Պետերբուրգ։ Գետերի երկայնքով երթուղին կկազմի 3500 կմ։ Նավերը նավարկելու են Սարատովի, Սամարայի, Կազանի, Նիժնի Նովգորոդի, Շլիսելբուրգի և այլ քաղաքների կողքով։
Սանկտ-Պետերբուրգում նավերը Նևայի երկայնքով գիշերը կանցնեն բարձրացված կամուրջների տակով։ Սանկտ-Պետերբուրգից սարքավորումը կուղևորվի դեպի նշանակության կետեր։ Բեռը կանցնի Բալթիկ և Հյուսիսային ծովերով, Ջիբրալթարով, Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով, Կարմիր և Արաբական ծովերով։
Ռեկորդները շարունակվում են
2023 թվականին «Ատոմէներգոմաշ»-ը կշարունակի ռեկորդներ սահմանել։ Մինչև տարեվերջ մեքենաշինական ստորաբաժանման ձեռնարկությունները նախատեսում են առաքել ևս երեք միջուկային ռեակտոր (կրկին «Ատոմմաշ» գործարանից) և ատոմակայանների ու սառցահատերի ռեակտորների համար այլ առանցքային և օժանդակ սարքավորումներ, ինչպես նաև այլ արտադրանքի տասնյակ միավորներ։ Ընդհանուր առմամբ, ընկերության պատվերների պորտֆելը ներառում է տարբեր երկրների 23 էներգաբլոկի ռեակտորային սրահների համար սարքավորումներ։ Եվ դա չհաշված հեղուկ-գազային նախագծերի, նավաշինության, նավթաքիմիական, վառելիքաէներգետիկ համալիրի, մետալուրգիական և այլ ոլորտների համար սարքավորումները։
«Ատոմէներգոմաշ» (ԱԷՄ)՝ Ռոսատոմի էներգետիկ ստորաբաժանումն է և էներգետիկ սարքավորումների ռուսական խոշորագույն արտադրողներից մեկը, որն ապահովում է ինտեգրված լուծումներ միջուկային, ջերմային, նավթային, նավաշինության և մետալուրգիական արդյունաբերության սարքավորումների նախագծման, արտադրության և մատակարարման ոլորտում: