Ուղի դեպի ատոմ՝ փառատոնի միջոցով
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#281Սեպտեմբերի 2024

Ուղի դեպի ատոմ՝ փառատոնի միջոցով

վերադառնալ բովանդակությանը

Օգոստոսի կեսերին Մյանմայի մայրաքաղաք Յանգոնում տեղի ունեցավ գիտության փառատոն՝ Ռոսատոմի և Մյանմայի գիտության և տեխնոլոգիաների նախարարության համատեղ միջոցառումը: Մյանմայի ուսանողներն ու դպրոցականները երեք օրվա ընթացքում լսում էին դասախոսություններ, մրցում, ամենագլխավորը՝ ծանոթանում ռուսաստանյան ատոմային տեխնոլոգիաներին, որոնք նրանց շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում։

Գիտության փառատոնը Մյանմայում անցկացվում է երկրորդ անգամ և ավելի ու ավելի շատ մասնակից է հավաքում։ Փառատոնն անցկացվել է երեք հարթակներում՝ Ատոմային տեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոնում (ԱՏՏԿ), Յանգոնի տեխնոլոգիական համալսարանում և Սինգապուր-Մյանմա մասնագիտական ​​կրթության ինստիտուտում: Ինչպես բացման արարողության ժամանակ ասաց Մյանմայի միության գիտության և տեխնոլոգիաների միութենական նախարար, դոկտոր Միո Թեյն Չժոն, ուսանողների հետաքրքրությունը գիտության և ճարտարագիտական ​​մասնագիտությունների նկատմամբ աճում է, ինչը նպաստում է գիտության և միջուկային էներգետիկայի առնչվող ոլորտներում մարդկային ռեսուրսների զարգացմանը:

Առաջին միջոցառումներից մեկը` «Ատոմային էներգետիկան աշխարհում. առասպելներ և փաստեր» դասախոսությունն էր։ Նախ, ՄԻՖԻ Ազգային հետազոտական ​​միջուկային համալսարանի (ՄԻՖԻ ԱՀՄՀ, Ռոսատոմի առաջատար համալսարան) դասախոսները ցուցադրեցին միջուկային տեխնոլոգիայի վերաբերյալ ամենատարածված հարցերով և դրանց պատասխաններով տեսանյութը, օրինակ, ատոմակայանների նախագծման, օգտագործման մասին, իոնացնող ճառագայթուման կիրառումը գյուղատնտեսության և բժշկության մեջ, ատոմի օգտագործումը գիտության և տեխնոլոգիայի զարգացման մեջ։ Այնուհետեւ դասախոսության մասնակիցները ռուսասատանյան դասախոսներին ուղղեցին իրենց հարցերը։ Ինչպես ասաց դասախոսներից մեկը՝ Դմիտրի Սամոխինը, երիտասարդներին հետաքրքրում էր, թե որքանով են անվտանգ ատոմային արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպես նաև ինչ մեթոդներ կան փոքր հզորության ատոմակայանների շահագործման ընթացքում առաջացած թափոնների կառավարման համար։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Մյանման աշխատում են այս երկրում ՓՀԱԿ կառուցման ուղղությամբ՝ 2023 թվականի փետրվարին երկու երկրների միջև ստորագրված խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։

ՓՀԱԿ-ի թեման ավելի խորացնելու համար ուղղված էր նաև «ՀակԱտոմ»–ը։ Սա ուսանողական թիմերի միջև մրցույթ է, որը նման է հաքաթոնի, բայց ոչ թե ՏՏ, այլ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։ Այն հորինել են ՄԻՖԻ ԱՀՄՀ դասախոսները: Անցյալ տարի մասնակիցները պետք է հորինեին միջուկային տեխնոլոգիաների առաջմղման, իրենց տեսանկյունից, ամենաարդյունավետ միջոցները։ Այս տարի փառատոնի առաջին օրը ներածական դասախոսություններ անցկացվեցին ատոմային էներգիայի և ՓՀԱԿ-ի առանձնահատկությունների (իհարկե, ռուսաստանյան օրինակներով), դրանց կառուցման և շահագործման տնտեսական, բնապահպանական և սոցիալական ասպեկտների վերաբերյալ։ Հաջորդ օրը տարբեր համալսարաններից 12 թիմեր պետք է 24 ժամվա ընթացքում առաջարկեին երկրում ՓՀԱԿ-ի տեղակայման լավագույն տարբերակը (ուսանողները այն ներսից գիտեն) և հիմնավորեին իրենց ընտրությունը, ասաց «ՀակԱտոմ»-ի կազմակերպիչներից մեկը, ՄԻՖԻ ԱՀՄՀ դոցենտ Ալեքսանդր Նախաբովը։ «Իհարկե, այս խնդիրը լուծելու են լուրջ մասնագիտացված ինստիտուտներն ու կազմակերպությունները, բայց մենք ուզում էինք երեխաներին ներգրավել ու հետաքրքրել»,- պարզաբանում է գիտնականը։

Եվ դա ստացվեց: Շատ թիմեր լրջորեն աշխատել են իրենց առաջարկների վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանների ապագա էներգետիկ կարիքները, տարբեր տարածքներում սեյսմիկ վտանգները և ջրի հասանելիությունը: «Հետաքրքիր է, որ տարբեր թիմեր տարբեր հարթակներ են առաջարկել»,- նշել է Ալեքսանդր Նախաբովը։ «ՀակԱտոմ»-ի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ հաղթողները՝ մրցանակներ։

Դպրոցականները նույնպես շատ հետաքրքրված էին։ Փառատոնի շրջանակներում ՄԻՖԻ դասախոսները նրանց պատմեցին միջուկային տեխնոլոգիաների մասին։ Երեխաները խաղային և մրցակցային եղանակով իմացան, թե ինչպես կատարելագործել իրենց գիտական ​​գիտելիքները և ինչ մասնագետներ կպահանջվեն իրենց երկրում ատոմային արդյունաբերության համար:

ԱՏՏԿ-ն անցկացրեց ինտերակտիվ քվիզ դպրոցականների համար: Նրա մասնակիցները ծանոթացան խաղաղ ատոմին, ստուգեցին իրենց գիտելիքները, փորձեցին գուշակել, թե որոնք են լինելու ապագայի մասնագիտությունները և նույնիսկ դոմինոյից շղթայական ռեակցիա կառուցեցին։ Վարպետության դասին երեխաները առկա նյութերից  պատրաստեցին որոշակի չափսի նավակներ, որոնք պետք է պահեին բեռը և լողան ակվարիումում։ Մյուս միջոցառումը` «սոպրոմատ` թեյնիկների  համար»՝ թղթային շոուի տեսքով էր: «Մենք ցույց տվեցինք, օրինակ, թե ինչպես կարելի է A4 թղթից շրջանակ պատրաստել, որի միջով կարող է անցնել մարդը։ Այնուհետև երեխաները, օգտագործելով թուղթ և ինքնակպչուն ժապավեն, պետք է թիկունքով աթոռ կառուցեին, որը կարող էր պահել մարդու քաշը։ Պատրաստված աթոռների մեծ մասը կոտրվեց հենց այդ մարդու ծանրության տակ, բայց մեկը մնաց կանգուն, և ստեղծագործողների թիմը ստացավ գլխավոր մրցանակը», — ասաց Լարիսա Մատվեևան, Չելյաբինսկի ԱԷՏԿ-ի ղեկավար և Մյանմայում մրցույթների կազմակերպիչ:

ԱՏՏԿ-ում նաև տեղի ունեցավ հանրային քննարկում Մյանմայի համալսարանների դասախոսների մասնակցությամբ և ատոմային տեխնոլոգիաների վերաբերյալ պանելային քննարկում: «միջուկային տեխնոլոգիաներն անհրաժեշտ են Միանմայի զարգացման համար: Իսկ դրանք օգտագործելու համար պետք է երիտասարդների մասնակցությունը՝ երկրի գլխավոր շարժիչ ուժը։ Կարևոր է զարգացնել երիտասարդների ներուժը, որպեսզի նրանք կարողանան լայնորեն մասնակցել միջուկային տեխնոլոգիաների կիրառմանը»,- ասել է գիտության և տեխնոլոգիաների փոխնախարար Աուն Զեյան։

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև թոք-շոու կանանց մասնակցությամբ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին գիտական ​​և հետազոտական ​​գործունեությանը: Պրոֆեսոր Ի Մոն Նայը Յանգոնի տեխնոլոգիական համալսարանից և Դո Նե Զի Թիր Նաու Մանդալայի տեխնոլոգիական համալսարանից ուսանողներին և դպրոցականներին պատմեցին իրենց աշխատանքի և կարիերայի մասին:

«Գիտության փառատոնի հիմնական գաղափարն է՝ ցույց տալ ատոմային տեխնոլոգիաների հնարավորությունները մատչելի և հետաքրքիր ձևով, համախմբել ակտիվ երիտասարդներին և ոչ ֆորմալ և ընկերական մթնոլորտում հնարավորություն ընձեռել խորանալ նորարարության և գիտական ​​վացահայտումների հետաքրքրական աշխարհ: Վստահ եմ, որ փառատոնի մասնակիցների թվում կան երեխաներ, ովքեր կցանկանան դառնալ այն ինժեներներն ու կոնստրուկտորներ, ովքեր կիրականացնեն ատոմային նախագծեր, կխթանեն էներգետիկ տեխնոլոգիաները, կստեղծեն նոր նյութեր, կմասնակցեն միջուկային բժշկության զարգացմանը»,- ասաց Ռոսատոմի կապի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Տիմոնովը։

Պրակտիկան ցույց է տալիս, որ այս մոտեցումն աշխատում է: Ինչպես նշել է Ալեքսանդր Նախաբովը, անցյալ տարի «ՀակԱտոմ»-ին մասնակցած և հաղթած ուսանողներն այս տարի հայտ են ներկայացրել Ռուսաստանում սովորելու համար։

Մյանմայում ատոմային ոլորտի համար կադրեր պատրաստելու նպատակով ընդունվել է աշխատանքային սխեման, որի համաձայն ուսանողները նախ սովորում են Մյանմայի բուհերի բակալավրիատում, իսկ մագիստուրան ավարտում են Ռուսաստանում: Բացի այդ, որպես Մյանմայի համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի մաս, ռուսաստանցի դասախոսները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կանցկացնեն ինտենսիվ վերապատրաստումներ՝ դասախոսություններ կկարդան և քննություններ կընդունեն միջուկային էներգետիկայի հիմնական առարկաներից՝ կենտրոնանալով Ռոսատոմի տեխնոլոգիաների և մոդելային շարքի վրա: