Աֆրիկան ծանոթանում է ռուսական ատոմին
վերադառնալ բովանդակությանըՀուլիսի վերջին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար երկրորդ համաժողովը։ Ռոսատոմը՝ համաժողովի գլխավոր գործընկերն, Աֆրիկայի գործընկերների հետ ստորագրել է հինգ համաձայնագիր՝ ուղղված միջուկային տեխնոլոգիաների ճանաչմանը և ներդրմանը և մասնագետների պատրաստմանը։
Աֆրիկան՝ էներգիայի պակաս ունեցող մայրցամաք է։ Այժմ Երկրի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը աֆրիկացի է, մինչդեռ անցյալ տարի մոլորակի վրա արտադրված 30 տրիլիոն կՎտ/ժամից Աֆրիկային բաժին է ընկել 1 տրիլիոնից պակաս: Մայրցամաքի բնակչությունն աճում է. մինչև 2050 թվականը աֆրիկացիների մասնաբաժինը կաճի մինչև մոլորակի ընդհանուր բնակչության մեկ երրորդը: Եթե արտադրության ծավալը չավելանա, արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները չզարգանան, կյանքի որակը կվատթարանա, իսկ դա հղի է միգրացիայի աճով ու սոցիալական պայթյուններով։
Աֆրիկյան երկրների կառավարություններն արդեն ատոմային էներգիան համարում են արտադրության հուսալի աղբյուր: «Մենք կցանկանայինք դիտարկել ատոմային էներգիայի օգտագործումը մեր կարիքները բավարարելու համար: Երկրի բնակչության միայն մոտ 70%-ն ունի էլեկտրաէներգիայի հասանելիություն, և մենք հույս ունենք ավելացնել այս մասնաբաժինը: Մեզ պետք է հուսալիություն և կայունություն։ Ատոմային էներգիան մեզ շատ կարևոր որոշում է թվում, ուստի մենք սկսել ենք այս ճանապարհը», — ասաց Rwanda Atomic Energy Board-ի գործադիր տնօրեն Ֆիդել Նդահայոն «Միջուկային տեխնոլոգիաները Աֆրիկայի զարգացման համար» լիագումար նիստում:
Համաժողովի ընթացքում Բուրունդիի նախագահ Էվարիստ Նդայիշիմիեն որոշեց անձամբ դիտարկել, թե ինչպես են աշխատում ատոմային տեխնոլոգիաները. նա այցելեց Լենինգրադի ԱԷԿ, որտեղ ԼԱԷԿ-2 գլխավոր ինժեներ Ալեքսանդր Բելյաևը շրջայց կատարեց նրա և Բուրունդիի կառավարության անդամների համար, ցուցադրեց ВВЭР-1200 ռեակտորներով էներգաբլոկները, կառավարման վահանակը, տուրբինային սրահը և պատմեց կայանի եզակի անվտանգության համակարգերի մասին: «Մեզ մոտ էլեկտրաֆիկացված է տարածքի մեկ հինգերորդը։ Մենք ինտենսիվ հիդրոէլեկտրակայաններ ենք կառուցում, բայց երբ մեզ պատմեցին, որ ատոմակայանի յուրաքանչյուր էներգաբլոկը արտադրում է մեր տասնյակ էլեկտրակայանների էներգիան, դա ինձ ցնցեց»,- ասաց շրջայցից հետո Բուրունդիի ջրային ռեսուրսների, էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Իբրահիմ Ուվիզեյեն:
Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին, Ռոսատոմը երկու փաստաթուղթ ստորագրեց Բուրունդիի հետ։ Առաջինը ատոմային էներգետիկայի ոլորտում կադրերի կրթության և վերապատրաստման մասին հուշագիրն է: Այն նախատեսում է մասնագիտացված ուսումնական հաստատությունների փոխգործակցություն, կարճաժամկետ կրթական ծրագրերի կազմակերպում, ուսուցիչների վերապատրաստում, կրթական և գիտական գրականության մշակում։ Երկրորդ փաստաթուղթը ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու համագործակցության մասին համաձայնագիր է։ Խոսքը Բուրունդիի միջուկային ենթակառուցվածքի ստեղծման ու կատարելագործման, միջուկային և ճառագայթային անվտանգության ոլորտում կարգավորման, հիմնարար և կիրառական հետազոտությունների, ռադիոիզոտոպների արտադրության և արդյունաբերության, բժշկության և գյուղատնտեսության մեջ դրանց օգտագործման մասին է։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև ճառագայթային տեխնոլոգիաների կիրառման և միջուկային բժշկության, մասնագետների կրթության և վերապատրաստման ոլորտում։
Նման համագործակցության ևս մեկ համաձայնագիր Ռոսատոմը ստորագրել է Զիմբաբվեի կառավարության հետ։
Նույն օրը՝ հուլիսի 27-ին, Ռոսատոմը Եթովպիայի հետ ստորագրել է ճանապարհային քարտեզ՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ 2023-2025 թվականներին կողմերը կմշակեն մեծ կամ փոքր հզորության ատոմակայանի և Միջուկային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման հնարավորությունները։ Ճանապարհային քարտեզի շրջանակներում կստեղծվեն մասնագիտացված աշխատանքային խմբեր, կանցկացվեն տեխնիկական այցելություններ ու սեմինարներ, նախատեսվում է Եթովպիայում միջուկային ենթակառուցվածքի զարգացում։
Ռոսատոմի մաս կազմող «Ռուսատոմ ենթակառուցվածքային լուծումներ» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Մարոկկոյի Water And Energy Solution ընկերության հետ: Կողմերը մտադիր են համագործակցել՝ իրականացնելով աղազերծման և ջրամաքրման աշխատանքները։ «Ռուսաստանի Դաշնությունը պահում է իր խոսքը և ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ ձեռք մեկնելու և իր գիտելիքները կիսելու մեր երկրների հետ: Այն փաստը, որ Ռոսատոմը որոշել է աշխատել Մարոկկոյի Թագավորությունում, հիանալի ապացույց է, որ մենք կարող ենք և ցանկանում ենք զարգանալ միասին՝ օգնելով միմյանց և մարդկանց, ապահովելով նրանց մաքուր ջուր մատչելի գնով»,- ասել է Water And Energy Solutions ընկերության տնօրենների խորհուրդի նախագահ Մոհամեդ Ամին Շերքաուին:
Այն փաստը, որ ատոմային տեխնոլոգիաների զարգացումը բարելավում է տնտեսական և սոցիալական իրավիճակը, նպաստում է գիտելիքների կուտակմանը և որակյալ մասնագետների համար կարիերայի հեռանկարներ է ապահովում, հաստատել է Եգիպտոսի ատոմային էլեկտրակայանների վարչության տնօրենների խորհրդի նախագահ Ամգեդ Էլ-Վաքիլը։ «Նախագիծը, որը մաս է կազմում ինդուստրիալիզացիայի լայն ծրագրի, արդեն իսկ դրական ազդեցություն է ունենում Եգիպտոսի վրա՝ ընդլայնելով տեղական արդյունաբերության հնարավորությունները, ինչպես նաև ստեղծելով դրանք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար»: Այդ հնարավորություններից մեկը՝ Էլ-Դաբաայում հատուկ միջուկային դպրոցում մասնակցությունն է:
Հիշեցնենք, որ Ռոսատոմը Եգիպտոսում ВВЭР-1200 ռեակտորներով չորս բլոկանոց «Էլ-Դաբաա» ԱԷԿ է կառուցում: Սա Աֆրիկայում երկրորդ ատոմակայանն է. առաջինի բլոկները՝ Koeberg, միացվել են ցանցին 1984 և 1985 թվականներին: Ի դեպ, ՏՎԷԼ-ը (Ռոսատոմի վառելիքային ստորաբաժանումը) օգոստոսի սկզբին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հարավաֆրիկյան ատոմային էներգիայի կորպորացիայի (Nesca) հետ՝ կողմերը համագործակցելու են միջուկային վառելիքի և դրա բաղադրիչների արտադրության հարցում։ Ընդհանուր առմամբ, Ռոսատոմը համագործակցում և իրականացնում է տարբեր նախագծեր (ուրանի հետախուզման և արդյունահանման, միջուկային բժշկության, միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնների ստեղծման և այլն) աֆրիկյան երկու տասնյակ երկրներում։
Ռուսական միջուկային տեխնոլոգիաների հնարավորություններին ծանոթացան ոչ միայն աֆրիկյան երկրների ու մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները, այլեւ երիտասարդ ապագա մասնագետները։ «Ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետաքրքրում են միջուկային ֆիզիկայի հարցերը, քանի որ մեր երկիրը այս ոլորտում զգալի փորձ է կուտակել։ Ակնկալում ենք, որ մի քանի տարի անց Օբնինսկում կկազմակերպենք մեծ միջազգային կենտրոն, որը գրավիչ կետ կլինի տարբեր երկրների մարդկանց կրթության և առաջադեմ ուսուցման համար»,- «Ռուսաստան-Աֆրիկա. միջուկային կրթությունը՝ որպես տարածաշրջանի հաջող զարգացման ներուժ» երիտասարդական համաժողովի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի գիտությանը և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին։
Համաժողովի շրջանակում անցկացվել է նաև «Կանայք STEM-ում» նիստ՝ ուղղված կանանց շրջանում գիտատեխնիկական մասնագիտությունների հանրայնացմանը և նրանց մասնագիտության ընտրության հարցում աջակցմանը: Մինչ այժմ աշխարհում տիրող նախապաշարմունքների պատճառով կանայք, նույնիսկ նրանք, ովքեր ստացել են գերազանց տեխնիկական կրթություն, ոչ միշտ են գնում իրենց մասնագիտությամբ աշխատելու։
Ռուսական միջուկային արդյունաբերության հետ ծանոթության տարբեր ձևաչափերն ուղղված էին Ռուսաստանի և, մասնավորապես, Ռոսատոմի և աֆրիկյան երկրների միջև վստահելի հարաբերությունների ձևավորմանը։ «Ատոմային ոլորտում միջպետական համագործակցության հարցը մշտապես գտնվում է առաջին դեմքերի՝ պետության և կառավարության ղեկավարների օրակարգում։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կարող է հաջողությամբ իրականացվել միայն երկրների միջև վստահության լուրջ հարաբերությունների առկայության դեպքում: Ատոմային էներգիայի հզորությունը չափազանց մեծ է միայն ձեռնարկատիրական տեսանկյունից դիտարկելու համար»,- համաժողովում ելույթ ունենալով ասաց պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։