Լիթիումի հանդեպ ռուսաստանյան մոտեցումը
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#262Փետրվարի 2023

Լիթիումի հանդեպ ռուսաստանյան մոտեցումը

վերադառնալ բովանդակությանը

Պատժամիջոցների կիրառման արդյունքում բախվելով մատակարարումների կրճատմանը և նույնիսկ ավտոմոբիլային ապրանքանիշերի դուրս գալուն՝ Ռուսաստանը սեփական ավտոարդյունաբերությունը զարգացնելու ուղղություն է որդեգրել: Շեշտը դրվում է էլեկտրական մեքենաների վրա՝ դրանք ավելի քիչ մասեր ունեն, և դրանց արտադրությունն ավելի հեշտ է կազմակերպել։ Հիմնական բաղադրիչը մարտկոցն է: Այն արտադրում են մետաղներից, որոնք արդեն կոչվում են «մարտկոցային»՝ նիկել, կոբալտ, մանգան, պղինձ, ալյումին և, իհարկե, լիթիում։ Ռուսաստանը դժվարություններ չունի նիկելի, կոբալտի, պղնձի և ալյումինի ինքնաբավության հարցում։ Մանգանը ներմուծվում է մի քանի աղբյուրներից։ Հիմնական խնդիրը լիթիումն է։ Պատմում ենք, թե ինչպես է դա լուծում Ռուսաստանը։

Ներկայում Ռուսաստանում լիթիում չի արդյունահանվում, և դրանով ինքնաբավությունը խնդիր է, որը գիտակցվում և լուծվոում է։

Աշխարհում

Լիթիումի մեծ պահանջարկը համաշխարհային միտում է, որը պայմանավորված է էլեկտրական մեքենաների արագ զարգացմամբ, առաջին հերթին Չինաստանում: Առաջարկը դեռ չի հասնում պահանջարկին։ Բացի այդ, համաճարակի և հակառուսական պատժամիջոցների փորձի հետևանքով մտահոգություններ կան մատակարարումների շղթայի ապահովության վերաբերյալ։ Որպես արդյունք՝ 2022թ. լիթիումի գների կտրուկ աճ։ 2022 թ․ նոյեմբերի կեսերին լիթիումի գինը հասել է պատմական առավելագույնին՝ 84,500 դոլար մեկ տոննայի դիմաց: Համեմատության համար նշենք, որ 2018 թ․ լիթիումն արժեր միջինը 25 000 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ 2020 թ․ գինը ընկնում էր մեկ տոննայի դիմաց 6000 դոլարից ցածր։ Սպոդումենի  (լիթիում պարունակող հանքանյութ, որից արտադրվում է լիթիումի հիդրօքսիդ և կարբոնատ) գինը 2021 թ․ մեկ տոննայի դիմաց 598 դոլարից հասել է 2730 դոլարի՝ 2022 թ։ 2022 թ․ սեպտեմբերի կեսերին գինը մեկ տոննայի դիմաց գերազանցել է 7800 դոլարը։

Այսպիսով, կարելի է փաստել, որ տարբեր լիթիումային ապրանքների գները 2022 թ․ ընթացքում մեկ և երկու տարի առաջվա համեմատ աճել են ավելի քան մեկ կարգով։

Դժվար է ասել, թե որքան է աճել պահանջարկը, էլեկտրամոբիլների արտադրության թվերը խիստ տարբերվում են։ ՄԷԳ-ի տվյալներով՝ 2021 թ․ աշխարհում վաճառվել է 6,6 միլիոն էլեկտրական մեքենա՝ կրկնակի ավելին, քան մեկ տարի առաջ։ Ըստ ev-volumes.com պորտալի՝ 2022 թ․ առաջին կիսամյակում արտադրվել է 4,3 միլիոն էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենա՝ 2021 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 62%։ 2022 թ. վերջին Morgan Stanley-ն հայտարարեց, որ 2022 թ. էլեկտրական մեքենաների արտադրության աճը կազմել է 70%, կամ մոտ 2 միլիոն միավոր։ Սա նշանակում է, որ 2021 թ., ըստ ամերիկյան ֆինանսական կորպորացիայի գնահատականների, արտադրվել է դր շուրջ 2,86 մլն մավոր։ Կարելի է ենթադրել, որ թվերի անհամապատասխանությունը պայմանավորված է դասակարգմամբ և հաշվառմամբ։ Օրինակ՝ Morgan Stanley-ն հաշվի է առել միայն էլեկտրատրանսպորտը, իսկ ՄԷԳ՝ նաեւ հիբրիդները։

Լիթիումի արտադրություն
Արդյունահանում

Նահանջ տարիների համար աճի տեմպերը ճշգրտվելեն:
Աղբյուր՝ ԱՄՆ Երկրաբանական ծառայություն, Մեծ Բրիտանիայի Երկրաբանական ծառայություն, Հետազոտությունների և նորարարությունների բրիտանական գործակալություն, World Mining Data հաշվետվություն

Սակայն, ի պատասխան պահանջարկի, ավելացավ նաև առաջարկը։ «2019 թ․ լիթիումի շուկան էական աճ չի գրանցել, մետաղի արդյունահանումը կազմել է մոտ 300 հազար տոննա։ Նախկինում այն ​​ավելացել է տարեկան մոտ 30-50 հազար տոննայով։ Այժմ շուկան աճում է տարեկան 200 հազար տոննայով»,- անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկյան Albemarle Corp քիմիական ընկերության լիթիումային գործառնությունների ղեկավար Էրիկ Նորիսը։

2022 թ․ դեկտեմբերին հրապարակած եռամսյակային զեկույցում Ավստրալիայի կառավարությունը հաշվառկել է, որ 2022 թ․ կարբոնատով վերահաշվարկած լիթիումի համաշխարհային արտադրությունը կկազմի 691 հազար տոննա։ 2023 թ․ համար կանխատեսումը 915 հազար տոննա է, 2024 թ․՝ 1,087 միլիոն, 2022 թ․ պահանջարկը գնահատվում է 745 հազար տոննա։ 2023 թ, այն կկազմի 924 հազար տոննա, իսկ 2024 թ․՝ 1,091 միլիոն տոննա։

Այսպիսով, ըստ Ավստրալիայի կառավարության, առաջիկա երկու տարում դեֆիցիտը չի նվազի, իսկ գինը կշարունակի աճել։ Benchmark Mineral Intelligence-ը 2022 թ․ լիթիումի համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտը գնահատել է 80 հազար տոննա, արտադրության ծավալը՝ մոտ 635 հազար տոննա։ 2023 թ․, ըստ ընկերության վերլուծաբանների, դեֆիցիտը կպահպանվի, սակայն կտրուկ կնվազի մինչև 5000 տոննա։ Պատճառը 2023 թ․ մատակարարումների աճն է նախորդ տարվա համեմատ 36%, դրանց ծավալը պետք է հասնի 863 հազար տոննայի։

Սակայն, ըստ Չինաստանի էլեկտրական մեքենաներ արտադրող BYD-ի գործադիր փոխնախագահ Ստելլա Լիի, 2023 թ․ շուկան շրջադարձ կկատարի դեպի ավելցուկ, քանի որ կգործարկվեն լիթիումի նոր հանքեր, գները կկայուցվեն: Նմանատիպ գնահատական ​​է տալիս նաև S&P Global Market Intelligence-ը: Ընկերության կանխատեսման համաձայն՝ 2023 թ․ լիթիում պարունակող արտադրանքի մատակարարումը, վերահաշվարկած լիթիումի կարբոնատով, կկազմի 858 հազար տոննա՝ 2 հազար տոննայով ավելի քան պահանջարկը։

Գնահատումների համադրումը ցույց է տալիս, որ շուկայում չկա կոնսենսուս 2022 թ․ արտադրության ծավալների և 2023 թ․ գների, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ։ Միասնություն կա միայն նրանում, որ բոլորը շուկայի զգալի աճ են կանխատեսում։

2023 թ․ հունվարին լիթիումի գինը նվազել է մինչև 70,000 դոլար մեկ տոննայի դիմաց: Երկու գործոն կա։ Առաջինը՝ Չինաստանի կողմից էլեկտրամոբիլների գնման սուբսիդավորման դադարեցումն է և պահանջարկի նվազումը, չնայած պահանջարկի խթանման այլ միջոցառումներին, օրինակ հարկայինը: Երկրորդը՝ այս տարվա ընթացքում շուկա լիթիումի մատակարարման կտրուկ աճն է։ Ըստ Bloomberg-ի, անցյալ տարվա մակարդակի համեմատ այն կարող է կազմել 22-ից 42%։ Սակայն հունվարին միասնություն չկար նաև լիթիումի շուկայի դինամիկան գնահատելու հարցում։

Ավստրալիան ներկայումս լիթիումի ամենամեծ արտադրողն է։ Նրա մասնաբաժինը, ըստ visualcapitalist.com նախագծի, կազմում է 52%: Երկրորդ տեղում է Չիլին, որին բաժին է ընկնում համաշխարհային մատակարարումների մեկ քառորդը։ Երրորդ տեղում Չինաստանն է (13%), չորրորդում՝ Արգենտինան (6%)։ Եվս չորս երկիր (Բրազիլիա, Զիմբաբվե, Պորտուգալիա և ԱՄՆ) յուրաքանչյուրը արտադրում է աշխարհի լիթիումի 1%-ը։ Մնացած երկրներին բաժին է ընկնում ընդամենը 0,1%-ը։

Ռուսաստանում

Ռուսաստանի կառավարությունը երկրի կարիքները գնահատում է մոտ 3000 տոննա| այդքան է ներկրվել է 2021 թվականին տարբեր մետաղական միացությունների տեսքով։ Ճիշտ է, ներմուծման մի մասն արտահանվում է այլ միացությունների տեսքով։ Ռուսաստանի լիթիումի ներքին պահանջարկը կազմում է 400-700 տոննա։ Լիթիումը օգտագործվում է միջուկային էներգիայի արդյունաբերության մեջ, էներգիայի կուտակման համակարգեր ստեղծելու, ինչպես նաև հանքարդյունաբերության համար խառնուրդների և քսանյութերի արտադրության մեջ:

Սեփական արտադրություն հիմնելու ծրագրեր կան։ «Զավիտինսկի, Պոլմոստունդրովսկի, Կովիկտայի, Յարակտայի և Կոլմոզերսկի հանքավայրերում 2023-2030 թվականներին լիթիումի հանքաքարի արդյունահանման զարգացման նախագծերին աջակցելու միջոցառումների համալիրի արագացված իրականացումը թույլ կտա էականորեն բավարարել լիթիումի հումքի հանդեպ ներքին պահանջարկը», — ասվում է անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված մինչև 2030 թվականը Ռուսաստանի Դաշնության մետալուրգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունում:

Թվարկված բոլոր օբյեկտները բարդ են իրագործելու համար: Օրինակ, Զավիտինսկոյեն արդեն աշխատած հանքավայր է։ Լիթիումն այստեղ արդյունահանվում էր 1941-ից 1997 թվականներին։ Այժմ խոսքը գնում է արտադրական թափոններից լիթիումի արդյունահանման մասին՝ Կրասնոյարսկի քիմիամետալուրգիական կոմբինատը լիցենզիա է ձևակերպում։

Կովիկտայի հանքավայրը Ռուսաստանի արևելքում գազի ամենամեծ հանքավայրն է։ Լիթիումը պարունակում է հարակից աղաջրերում, և դրա արդյունահանման մասին խոսակցություններ են ընթացել մի քանի տարի։ 2022 թվականին գործընթացը արագացավ, և Կովիկտայի հանքավայրը շահագործման հանձնվեց 2022 թվականի դեկտեմբերի վերջին։

Ռոսատոմը նախատեսում է նաև լիթիում արդյունահանել, բայց ոչ թե աղաջրերից, այլ հանքաքարերից։ Սա տարածված պրակտիկա է՝ պեգմատիտի հանքավայրեր առկա են, օրինակ, Ավստրալիայում։ Դրանցում հիմնական միներալը սպոդումենն է։

Ռոսատոմում ամենահետաքրքիրը Կոլմոզերսկի հանքավայրն է, որը գտնվում է Մուրմանսկի շրջանում։ Ռոսատոմը նախատեսում է զարգացնել նախագիծը «Նորնիկել» -ի հետ համատեղ։ «Նորնիկելի արտադրանքը վաղուց կարևոր դեր է խաղում էներգիայի կուտակիչների ստեղծման գործում: Ընդլայնելով մետաղների տեսականին այնպիսի կարևոր և պահանջված հումքով, ինչպիսին է լիթիումը, մենք մտադիր ենք ամրապնդել մեր դիրքը որպես մարտկոցների արդյունաբերության համար առանցքային մատակարար», — 2022 թվականի ապրիլին Ռոսատոմի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ «Նորնիկել»-ի հաղորդագրությունում մեջբերվում են ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինի խոսքերը:

Հանքավայրը դեռ գտնվում է չբաշխված ֆոնդում։ Կոլմոզերսկոեի P1 կատեգորիայի ռեսուրսները (առավելագույն հիմնավորմամբ կանխատեսվող պաշարներ), ըստ կառավարության տվյալների, 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 13,5 միլիոն տոննա հանքաքար, որը պարունակում է 152,6 հազար տոննա լիթիումի օքսիդ, 1215 տոննա տանտալի պենտօքսիդ և 1485 տոննա նիոբիումի պենտօքսիդ:

2023 թվականի փետրվարի 8-ին, աճուրդային հանձնաժողովի որոշմամբ, Կոլմոզերսկի հանքավայրի ընդերքի օգտագործման իրավունքները փոխանցվել են «Ատոմրեդմետզոլոտո» և «Նորիլսկի նիկելի» համատեղ ձեռնարկության՝ «Պոլյարնի լիտիյ» ՍՊԸ-ին:

Ռոսատոմի և «Նորիլսկի նիկելի» նախնական պլաների համաձայն՝ Կոլմոզերսկի հանքավայրի հանքաքարերից լիթիումային տարբեր արտադրանքի (հիդրօքսիդներ և/կամ կարբոնատներ) արդյունահանման ծավալը կարբոնատի հաշվարկով կարող է հասնել տարեկան մինչև 45 հազար տոննայի։

Այսպիսով, մի քանի տարվա հեռանկարում Ռուսաստանում կարող է գործարկվել արդյունահանող խոշոր նախագիծ, որը կարող է ամբողջությամբ և նույնիսկ ավելցուկով փակել լիթիումի հումքի Ռուսաստանի ներկայիս կարիքները:

Լիթիում արտադրող աշխարհի առանցքային ընկերություններից մեկի՝ Rockwood Lithium-ի գնահատմամբ,  25 կՎտ/ժ ունակությամբ ավտոմոբիլային մարտկոցի համար պահանջվում է 44 ֆունտ (մոտ 20 կգ) լիթիումի կարբոնատ: Կարելի է մոտավորապես հաշվարկել, որ 4 ԳՎտ/ժ հզորությամբ ձեռնարկության համար անհրաժեշտ կլինի մոտ 3,2 հազար տոննա լիթիումի կարբոնատ։ Սա նշանակում է, որ «Կոլմոզերսկ»-ի տարեկան հզորությունը պետք է ավելի քան բավարար լինի չորս նման ձեռնարկությունների համար, ու դեռ կմնա լիթիումի որոշակի ծավալ այլ սպառողներին վաճառելու համար։

Կոլմոզերսկի հանքավայրի առանձնահատկությունները

Միներալ Հումքի Համառուսական Ինստիտուտի հրապարակած «Ռուսաստանի Արկտիկ գոտու պինդ օգտակար հանածոների հանքային ռեսուրսների բազա» կոլեկտիվ մենագրության տվյալներով:

Կոլմոզերսկի հանքավայրը ներառում է 70 պեգմատիտային երակ, որոնցից 11-ն ունեն արդյունաբերական նշանակություն։ Պեգմատիտային մարմինները մակերեսից ծածկված են մորենային նստվածքների բարակ (առաջին մետրերը) շերտով։ Հանքաքարի մարմիններն ունեն սալանման ձև, խոշոր երակների երկարությունը տատանվում է 570-1680 մ, հաստությունը՝ 10-50 մ: Երակները խմբավորված են զուգահեռ երակային գոտիների, որոնցից ամենամեծերը կազմում են երկու արդյունաբերական տեղամաս՝ Մեծ և Փոքր Պոտճևարակը։ Li2O-ի պարունակությունը տատանվում է 0,8-ից մինչև 1,3%, միջին պարունակությունը՝ 1,14% է։ Ենթադրվում է, որ հանքավայրը կշահագործվի բաց եղանակով։ Կոլմոզերսկի հանքաքարերի համար մշակվել է հարստացման գրավիտացիոն-ֆլոտացիոն տեխնոլոգիական սխեման: