Ռուսական ռադիոդեղագործական արտադրանքի բազմապատկում
վերադառնալ բովանդակությանըԱյս տարվա մարտին Ռոսատոմի կողմից Բոլիվիայում կառուցված ռադիոդեղագործական համալիրը սկսեց ֆտորդեզօքսիգլյուկոզա մատակարարել երկրի բուժհաստատություններին: Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Ռոսատոմի աշխատակիցները պատմել են ակտինիում-225-ի մասին, որի կիրառմամբ Ռուսաստանում արդեն բուժում են քաղցկեղը։ Պատմում ենք ռադիոդեղագործական արտադրանքի համաշխարհային շուկայում պետական կորպորացիայի ձեռքբերումների մասին։
Ռադիոդեղագործական անկախության ճանապարհին
«ֆտորդեզօքսիգլյուկոզան իրավամբ անվանում են «դարի մոլեկուլ»: Այն օգտագործվում է մարմնի օրգանների և հյուսվածքների ուսումնասիրության համար՝ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի մեթոդով, որը հաճախ զուգակցվում է համակարգչային կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետ», — ասում է «Ռուսատոմ Օվերսիզ» ընկերության նախագահ Եվգենի Պակերմանովը:
«Ռուսատոմ Օվերսիզ»-ը Բոլիվիայի Էլ-Ալտո քաղաքում կառուցում է միջուկային հետազոտական և տեխնոլոգիական կենտրոն (ՄՀՏԿ): Դրա մի մասը ցիկլոտրոնային համալիր է, որտեղ արտադրվում են ռադիոիզոտոպեր (օրինակ՝ ֆտոր-18) և արտադրվում են ռադիոդեղագործական նյութեր (օրինակ՝ ֆտորոդեզօքսիգլյուկոզա)։
Ֆտորոդեզօքսիգլյուկոզան ստերիլ, թափանցիկ լուծույթ է, որը ներարկվում է ներերակային ճանապարհով: Դրա գործառույթն է՝ ֆտոր-18 ռադիոիզոտոպով պիտակավորված բնական գլյուկոզայի մոլեկուլի անալոգը հասցնել հետազոտվող հատված։ Օրգանիզմում հայտնվելով՝ ռադիոիզոտոպը, ինչպես լապտերը, վառ լուսավորում է այն գոյացությունները, որոնցում գլյուկոզայի կլանումն ընթանում է չափազանց ինտենսիվ։ Սա չարորակ բջիջների հատկություն է, որոնք ավելի ակտիվ նյութափոխանակություն ունեն՝ համեմատած առողջների։ Գլյուկոզայի կուտակման բացակայությունը նույնպես ցուցիչ է, օրինակ՝ սրտի կաթվածից հետո սպիացմամբ պայմանավորված փոփոխությունների։
Ռենտգենաբանն իր համակարգչի վրա տեսնում է լուսավոր, մութ և նորմալ հատվածներ, մինչ հիվանդը գտնվում է տոմոգրաֆում: Մեթոդը թույլ է տալիս տեսնել ընդամենը 4-5 մմ տրամագծով պաթոլոգիական օջախներ։ Այս ճշգրտությունը էական նշանակություն ունի հիվանդին արդյունավետ հետևելու համար:
«Այժմ մենք ունենք ոչ միայն այս միջուկային բժշկության կենտրոնը ամենաժամանակակից ենթակառուցվածքով, այլ նաև քաղցկեղի ախտորոշման համար ռադիոդեղամիջոցներ ինքնուրույն արտադրելու հնարավորություն, որը մինչ այժմ ստիպված էինք ներմուծել։ Այժմ Բոլիվիան այնքան առաջադեմ տեխնոլոգիա ունի, որ մենք կարող ենք նույնիսկ արտահանել այս ռադիոդեղամիջոցը հարևան երկրներ։ Այսօրվանից մենք կկարողանանք էլ ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղի դեմ», — ասել է Բոլիվիայի նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորան առաքումների մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը։
ՄՀՏԿ-ի կողմից արտադրվող ռադիոդեղամիջոցների տեսականին ընդլայնվելու է։ «Թեստային ռեժիմում մենք արդեն թողարկել և հաստատել ենք ռադիոդեղագործական արտադրանքի գծի արդյունաբերական արտադրության հնարավորությունը՝ հիմնված ևս երեք բժշկական ռադիոիզոտոպների վրա։ Ածպածին-11-ը օգտագործվում է գլխուղեղի ուռուցքների ախտորոշման համար, տեխնեցիում-99m-ը՝ լյարդի և գլխուղեղի, իսկ յոդ-123-ը՝ վահանաձև գեղձի: Մեկնարկն արդեն տրված է, տեսնենք, թե հաջորդը ո՞ր ռադիոդեղագործական միջոց է լինելու, սա պատվիրատուի որոշումն է»,- մեկնաբանում է Եվգենի Պակերմանովը։
ՄՀՏԿ-ը տարեկան կարտադրի ռադիոդեղամիջոցներ (ՌԴՄ) ավելի քան 5000 հետազոտությունների համար: Հետագայում Բոլիվիայի միջուկային բժշկության բոլոր երեք կենտրոններն ամբողջությամբ ապահովված կլինեն տեղական արտադրության ռադիոդեղագործական միջոցներով։
ՄՀՏԿ-ի մեկ այլ հաստատություն՝ ճառագայթման բազմաֆունկցիոնալ կենտրոնը (ՃԲԿ), գտնվում է փորձնական շահագործման փուլում: Այստեղ մշակվում են տարբեր ապրանքատեսակների փորձնական խմբաքանակներ։ Արտադրողականությունը՝ օրական 70 տոննա։ «ՃԲԿ-ն պատվիրատուին փոխանցելու նախապատրաստման փուլում է, այն նախատեսվում է շահագործման հանձնել մոտակա ժամանակներում։ Որոշումը, թե որ ապրանքները կարող են մշակվել կենտրոնում, իհարկե, կայացնում է պատվիրատուն»,- նշում է Եվգենի Պակերմանովը։ Համաշխարհային պրակտիկայում դրանք հացահատիկային, բանջարեղեն, մրգեր, կոսմետիկա և բժշկական ապրանքներ են:
ՄՀՏԿ-ում կառուցվում են երրորդ և չորրորդ հերթերը: Դրանք ռադիոկենսաբանության և ռադիոէկոլոգիայի լաբորատորիաներ են և ռեակտորային համալիր՝ լողավազանային տիպի ջրա-ջրային հետազոտական ռեակտորով՝ 200 կՎտ ջերմային հզորությամբ։ Նախատեսվում է, որ այդ օբյեկտները շահագործման կհանձնվեն 2025 թվականին։
Ծանոթացե՛ք, ակտինիում-225-ին
Ռոսատոմն ընդլայնում է թողարկվող ռադիոդեղագործական միջոցների տեսականին, և ամենահետաքրքիրներից մեկը հիմնված է ակտինիում-225-ի վրա: Այն օգտագործվում է քաղցկեղի անվիրահատելի մետաստատիկ ձևերի, առաջին հերթին շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար:
2023 թվականի փետրվարի վերջին — մարտի սկզբին «Իզոտոպ Հ/Մ» ընկերությունը (Ռոսատոմի իզոտոպերի մատակարար) և Ֆիզիկա-Էներգետիկական Ինստիտուտի (Ռոսատոմում բժշկական իզոտոպերի արտադրողներից մեկը) մասնագետները հանդես են եկել շնորհանդեսներով: Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) Թիրախային ալֆա թերապիայի 12-րդ միջազգային սիմպոզիումի մասնակիցները ծանոթացան ակտինիում-225-ի վրա հիմնված դեղերի կլինիկական փորձարկումների միտումներին և արտադրության օպտիմալացմանը, ինչի շնորհիվ Ֆիզիկա-Էներգետիկական Ինստիտուտին հաջողվեց զգալիորեն մեծացնել իզոտոպի արտադրությունը։
«Այսօր սա իսկական ֆավորիտ է ալֆա-արտանետողերի շրջանում: Պետական կորպորացիան, որն աշխարհում ակտինիում-225-ի երեք հիմնական մատակարարներից է, արտադրությունն ընդլայնելու ծրագրեր ունի։ Մեզ համար կարևոր էր դա շեշտել մեր ելույթում, կիսվել ակտինիում-225-ի արտադրության և մատակարարման մեր հաջողություններով, ինչպես նաև նպաստել Ռուսաստանում և աշխարհում դրա սպառման զարգացմանը», — ասում է «Իզոտոպ Հ/Մ» մարքեթինգի բաժնի ղեկավար Օլգա Վալզդորֆը:
Նրա խոսքով, աշխարհում շատ բժշկական հաստատություններ օգտագործում են ակտինիում-225-ը, բայց միայն առանձին խմբի հիվանդությունների բուժման համար՝ չունենալով դրա օգտագործման հնարավորությունների ամբողջական պատկերացում։ Ռոսատոմը համակողմանիորեն ուսումնասիրում է այս հարցը՝ համակարգված դիտարկելով համաշխարհային փորձը։ Սա օգնում է պատշաճ կերպով զարգացնել վաճառքները և հուշել ակտինիում-225-ի պոտենցիալ գնորդներին, թե ՌԴՄ-ի որ այլ ոլորտներում նրանք կարող են զարգանալ: «Որքան շատ ոլորտներ կիրառվեն, կլինիկական հետազոտություններ իրականացվեն, այնքան ավելի շատ երաշխիքներ կան ակտինիում-225-ի կայուն պահանջարկի համար», — վստահ է Օլգա Վալզդորֆը։
Մի քանի ամերիկյան ընկերություններ, ինչպիսիք են Terra Power, Cardinal Health, Northstar ներդրումներ են կատարում ակտինիում-225-ի արտադրության մեջ։ Իսկ սիմպոզիումին, որը նախկինում հիմնականում հետաքրքրում էր գիտնականներին, մասնակցում էին խոշոր կոմերցիոն ընկերությունների ներկայացուցիչներ՝ Bayer, Сurium, Cardinal Health, Siemens և այլն։ «Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց մրցակիցների հավակնությունները մեզ համար ձեռնտու են, քանի որ իրենց գործողություններով նրանք զարգացնում են սպառողական միջավայրը, ավելի հայտնի են դարձնում իզոտոպը և նույնիսկ կարող են գնել մեր ակտինիում-225-ը պահեստային մատակարարումների համար», — նշում է Օլգա Վալզդորֆը: