«Ռոսատոմ»-ի 3D տպիչների նոր հնարավորությունները
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#302Հունիսի 2026

«Ռոսատոմ»-ի 3D տպիչների նոր հնարավորությունները

վերադառնալ բովանդակությանը

«Ռոսատոմ»-ն առաջին անգամ սեփական արտադրության 3D տպիչ է մատակարարել Հնդկաստան։ Այդ սարքավորման միջոցով գործընկերները կարտադրեն ավիատիեզերական արդյունաբերության համար նախատեսված դետալներ։ Այսպիսով, շուկան հաստատել է ռուսական պետական կորպորացիայի կողմից մշակված սարքավորումների նկատմամբ հետաքրքրությունը։ «Ռոսատոմ»-ը մտադիր է ընդլայնել իր ադդիտիվ արտադրանքի տեսականին։

Եռաչափ տպագրության առավելություններից են՝ բարդ ձև ունեցող արտադրանքների պատրաստումը մեկ գործողությամբ, արտադրանքի քաշի նվազեցումը, դրանց երկրաչափության կատարելագործման հնարավորությունը և օգտագործվող նյութերի ծավալի կրճատումը։ 3D տպագրության շնորհիվ, ձուլման և ֆրեզերային մշակման փուլերից հրաժարվելու, թանկարժեք համաձուլվածքների պահանջարկի նվազեցման և նյութերի վերամշակման (ռեցիկլինգի) հնարավորության շնորհիվ կրճատվում են փոքր խմբաքանակների արտադրության ժամկետներն ու ինքնարժեքը։

Մեծ RusBeam 2800

«Ռոսատոմ»-ը Տիեզարական հետազոտությունների հնդկաստանյան կազմակերպությանը մատակարարել է արդյունաբերական 3D տպագրության համար նախատեսված RusBeam 2800 կայանքը։ Տպիչն աշխատում է մետաղական լարի էլեկտրոնաճառագայթային շերտային հալեցման (EBAM) տեխնոլոգիայով։ «Մենք հաղթեցինք մրցույթում՝ առաջարկելով ոչ միայն ռուսական սարքավորում, այլ նաև մեր տեխնոլոգիական փորձը, նյութերը և սպասարկումը՝ հարմարեցված պատվիրատուի խնդիրներին», — հայտարարել է «Ռոսատոմ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Ալեքսեյ Լիխաչյովը։ Այս կերպ «Ռոսատոմ»-ը կարևոր ներդրում է կատարում Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տիեզերական ոլորտում ռազմավարական գործընկերության զարգացման գործում։

Կայանքը ապահովում է մեծ չափերի դետալների բարձր արագությամբ (մինչև 50 մմ/վ) և ճշգրիտ տպագրություն տիտանե, դժվարահալ համաձուլվածքներից և սուպերհամաձուլվածքներից։ RusBeam 2800-ը կարող է տպել մինչև 2,8 մետր բարձրությամբ և մինչև 4 տոննա քաշով նախապատրաստվածքներ, ներառյալ բարդ երկրաչափական կառուցվածքով դետալներ։ Սարքավորման արտադրողականությունը թույլ է տալիս, կախված արտադրանքի երկրաչափությունից, մոտ 50 կգ քաշով դետալ պատրաստել շուրջ 5 ժամում։ Հնդիկ պատվիրատուի համար «Ռոսատոմ»-ի մասնագետները մշակել են նաև տպիչի կառավարման համակարգի եզակի ծրագրային ապահովում։

Նախատեսվում է, որ Տտիեզերական հետազոտությունների հնդկաստանյան կազմակերպության մասնագետները RusBeam 2800-ի օգնությամբ կտպեն ապագա ուղեծրային ենթակառուցվածքների և հեռավոր տիեզերական թռիչքների համար նախատեսված սարքերի նախատիպեր և բաղադրիչներ, այդ թվում՝ «Գագանյան» տիեզերանավի, «Բհարաթիա Անտարիկշ» տիեզերակայանի և «Չանդրայան» լուսնային առաքելությունների ծրագրի շրջանակում։

Հնդկական հաճախորդի հետ համագործակցությունը ընդլայնում է «Ռոսատոմ»-ի 3D տպիչների ներկայության աշխարհագրությունը միջազգային շուկայում։ Ավելի վաղ պետկորպորացիայի սարքավորումները մատակարարվել էին Մինսկի Ադիթիվ տեխնոլոգիաների կենտրոն, (բելառուս գործընկերների հետ համատեղ ձեռնարկություն)։

«Ռոսատոմ»-ում նախատեսում են շարունակել խոշոր չափերի նախապատրաստվածքների տպագրության ուղղության զարգացումը՝ մետաղի ուղղակի շերտային հալեցման (DMD) և մետաղական լարով տպագրության (EBAM, WAAM) տեխնոլոգիաների միջոցով․ պետկորպորացիայում վստահ են, որ մեքենաշինական ընկերությունները գնալով ավելի լայնորեն կկիրառեն այս տեխնոլոգիաները։

Փոքր RusMelt 150M

Միաժամանակ «Ռոսատոմ»-ը ընդլայնում է իր արտադրած տպիչների շարքը՝ ներառելով փոքր չափերի մոդելներ։ Այս տարվա մայիսին Մոսկվայում անցկացված «Մետաղամշակում-2026» ցուցահանդեսում պետկորպորացիան ներկայացրել է RusMelt 150M տպիչը, որն աշխատում է ընտրողական լազերային հալեցման (SLM) տեխնոլոգիայով։ Տպիչը նախատեսված է բժշկության, արդյունաբերության և գիտահետազոտական գործունեության ոլորտներում կիրառման համար։ Դրա օգնությամբ հնարավոր է արտադրել բժշկական արտադրանքներ (օրինակ՝ ատամնային իմպլանտներ, ստոմատոլոգիական շրջանակներ և վերականգնողական թիթեղներ), արդյունաբերական բաղադրիչներ (վարդակներ, հենակներ, տեխնոլոգիական գործիքավորում), լաբորատոր, փորձարկման և օժանդակ սարքավորումների տարրեր (բռնակներ, ջերմափոխանակիչներ, բարդ երկրաչափությամբ մինի-ռեակտորներ և այլն)։

RusMelt 150M-ի քաշը փոքր-ինչ գերազանցում է 900 կգ-ը, ուստի դրա տեղադրման համար հատուկ հիմք չի պահանջվում։ Այն կոմպակտ է և բաղկացած է ընդամենը մեկ մոդուլից։ Տպագրական խցիկի չափերն են՝ տրամագիծ՝ 150 մմ, բարձրություն՝ 200 մմ։ Տպիչը համալրված է մեկ լազերով։ Լազերային ճառագայթի դիրքավորման ճշգրտության շեղումը չի գերազանցում 20 մկմ։

RusMelt 150M-ը արտադրում է դետալներ ժամում մոտ 15 խոր. սմ արագությամբ՝ օգտագործելով չժանգոտվող, ջերմակայուն նիկելային, կոբալտ-քրոմային համաձուլվածքներ, տիտան և ալյումին։ Տպագրության որակի վերահսկման համար համակարգը համալրված է տեսահսկման համակարգով, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել տեխնոլոգիական գործընթացին․ այն կատարում է վայրկյանում 60 կադր։

Կառուցման խցիկի փոքր չափերի և կոմպակտ կառուցվածքի շնորհիվ RusMelt 150M-ը խնայում է իներտ միջավայր ստեղծելու համար օգտագործվող գազը, էլեկտրաէներգիան, մետաղական փոշին։ Այս փոքր չափի SLM տպիչը զգալիորեն նվազեցնում է մետաղական 3D տպագրության ոլորտ մուտք գործելու շեմը, քանի որ պահանջում է համեմատաբար փոքր ներդրումներ և թույլ է տալիս արագ սկսել նախագծերի իրականացումը։