«Ռոսատոմ» և Ինդոնեզիա. ռազմավարական երկխոսություն
վերադառնալ բովանդակությանը«Ռոսատոմ»- ը զարգացնում է համագործակցությունը Ինդոնեզիայի հետ։ Մայիսին այն հասավ ամենաբարձր մակարդակի՝ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը հանդիպեց Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ։ Այն մասին, թե ինչպիսին է երկրի էներգետիկ ոլորտի ներկայիս վիճակը և համագործակցության որ ուղղություններն են հետաքրքրում կողմերին, պատմում է «Ռոսատոմ»-ի Ինդոնեզիայի գրասենյակի ղեկավար Աննա Բելոկոնևան։
— Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ինդոնեզիան հետաքրքրված ատոմային էներգիայի օգտագործմամբ։
Ինդոնեզիան ակտիվ զարգացող երկիր է՝ երիտասարդ և արագ աճող բնակչությամբ։ Տնտեսության աճին զուգընթաց ավելանում է նաև էլեկտրաէներգիայի սպառումը։ Այդ պատճառով էներգետիկ հարցը դարձել է առանցքային, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում։
Երկրում ատոմակայանների կառուցումը բազմիցս է ծրագրվել, և ոլորտի փորձառու ներկայացուցիչներն այսօր ասում են. «Մենք newcomer չենք, մենք latecomer ենք»՝ նկատի ունենալով Ինդոնեզիայի կառավարության բազմակի փորձերը՝ ներառելու ատոմային էներգետիկան երկրի էներգետիկ հաշվեկշռում։ Սակայն այսօր, կարծես, այդ ծրագրերն իրականացման բոլոր հնարավորություններն ունեն։ Ատոմային էներգետիկան ներառված է Ինդոնեզիայի պաշտոնական էներգետիկ ծրագրերում՝ ինչպես կարճաժամկետ (մինչև 2033 թվականը՝ 500 ՄՎտ), այնպես էլ երկարաժամկետ (մինչև 2060 թվականը՝ 35 ԳՎտ) հեռանկարով։ Ներկայում որոշվում է Ինդոնեզիայում ազգային ատոմային էներգետիկ ոլորտի զարգացման ճակատագիրը, և «Ռոսատոմի» փորձն ու կարողություններն առավել պահանջված են, քան երբևէ։
Ինդոնեզիայի արագ զարգացող տնտեսության ո՞ր պահանջները կարող է բավարարել ատոմային գեներացիան։
Ինդոնեզիայի համար, ինչպես ցանկացած այլ երկրի դեպքում, ատոմակայանների կառուցման նախագծերի նշանակությունը չի սահմանափակվում միայն էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Առաջին հերթին դրանք ապահովում են լրացուցիչ սոցիալ-տնտեսական արդյունքներ՝ նոր աշխատատեղերի ստեղծումից մինչև նոր գիտական ուղղությունների զարգացում, որոնք բերում են ատոմային տեխնոլոգիաները։
Երկրորդ՝ Ինդոնեզիան իր առջև նպատակ է դրել մինչև 2060 թվականը հասնել ածխածնային չեզոքության (NZE) և Կառավարությունը գիտակցում է, որ այդ նպատակին հնարավոր չէ հասնել առանց ատոմային գեներացիայի նշանակալի մասնաբաժնի, քանի որ այն ապահովում է բազային հզորություններ՝ ի տարբերություն ցածր ածխածնային էներգիայի աղբյուրների մեծամասնության։ Հենց այդ պատճառով ատոմային գեներացիան ներառվել է ազգային էներգետիկ ծրագրերում։
Երրորդ՝ ատոմային գեներացիան ազգային էներգետիկ անվտանգության հարց է, քանի որ ատոմակայանի կյանքի ցիկլը կազմում է առնվազն 60 տարի, իսկ դրա արտադրած էլեկտրաէներգիայի արժեքը շատ ավելի քիչ է կախված համաշխարհային էներգակիրների գների տատանումներից։

Ատոմի նկատմամբ հետաքրքրության ևս մեկ կարևոր պատճառ է՝ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացումը։ Ինդոնեզիայի ամբողջ տարածքում ակտիվորեն կառուցվող տվյալների մշակման կենտրոնները պահանջում են մեծ ծավալի կայուն և մաքուր էներգիա, որը կարող են ապահովել հենց ատոմակայանները։
Կարևոր է նաև հիշել, որ Ինդոնեզիան հսկայական արշիպելագ է, որը բաղկացած է ավելի քան 17 հազար կղզուց։ Հատկապես հեռավոր կղզիների համար, որտեղ էլեկտրաէներգիան հաճախ արտադրվում է թանկարժեք դիզելային վառելիքի միջոցով, «Ռոսատոմ»-ի եզակի առաջարկը՝ լողացող ատոմային էներգաբլոկները (ԼԷԲ), դառնում է իդեալական լուծում։ ԼԷԲ-ը կարելի է տեղակայել այնտեղ, որտեղ խոշոր ցամաքային ատոմակայանի կառուցումը հնարավոր չէ աշխարհագրական կամ սեյսմիկ առանձնահատկությունների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սահմանափակ պահանջարկի պատճառով։
— Ինդոնեզիան ունի՞ արդյոք ոչ էներգետիկ ոլորտներում ատոմային տեխնոլոգիաների կիրառման փորձ։
Այո, ոչ էներգետիկ միջուկային և ճառագայթային տեխնոլոգիաների ոլորտում Ինդոնեզիան նորեկ չէ։ Երկրում գործում է երեք հետազոտական ռեակտոր։ Բոլորն էլ գտնվում են Ճավա կղզում և շահագործման են հանձնվել 1965, 1979 և 1987 թվականներին։ Ինդոնեզիան ունի այդ ռեակտորների համար վառելիքի արտադրության փորձ, ինչպես նաև իզոտոպների ստացման և կիրառման ուղղությամբ ձեռքբերումներ։ Այս ոլորտներում ևս մեր ինդոնեզացի գործընկերների հետ մենք քննարկում ենք համագործակցության հնարավորությունները։
Խնդրում եմ նկարագրեք, թե ինչպիսին է ազգային ատոմային ենթակառուցվածքը։
Նախկինում գործող Ատոմային էներգիայի ազգային գործակալությունը (BATAN) ակտիվորեն զբաղվում էր ոչ էներգետիկ ոլորտներում ատոմային տեխնոլոգիաների կիրառման զարգացմամբ։ 2021 թվականին BATAN-ը դարձավ Հետազոտությունների և նորարարությունների ազգային գործակալության (BRIN) մաս, և ներկայում ատոմային հետազոտություններով զբաղվում է BRIN-ի կազմում գործող առանձին հետազոտական կազմակերպությունը՝ ORTN-ը։ Գործակալությունն ունի իզոտոպների և ռադիոդեղագործական պատրաստուկների արտադրության, ինչպես նաև արտադրանքի ճառագայթային մշակման փորձ։ Բացի այդ, երկրում գործում է ատոմային կարգավորող մարմինը՝ BAPETEN-ը, որը ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։ Ստեղծված է անհրաժեշտ կարգավորող դաշտ՝ ատոմային էներգետիկայի զարգացման համար։ Միջուկային թեմաներն ուսումնասիրվում են երկրի առաջատար բուհերում՝ ITB-ում, UGM-ում և Politek Nuklir-ում։
Երկրի կառավարությունն ակտիվորան աջակցում է ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն բազմիցս քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ընթացքում։ Այս տարվա մայիսի 12-ին Պրաբովո Սուբիանտոն հանդիպեց «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովի հետ։ Այդ հանդիպմանը, բացի նախագահից, մասնակցում էին նաև նախարարներ և երկրի միջուկային ծրագրի հիմնական շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների ղեկավարներ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը՝ ներառյալ ատոմային գեներացիայի և միջուկային ենթակառուցվածքի նախագծերը, մասնագետների պատրաստումը, ինչպես նաև ատոմային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառությունները։
— Ինչպե՞ս են Ինդոնեզիայի բնակիչները վերաբերվում ատոմին։
Ոչ բոլորն են լավ պատկերացնում ատոմային տեխնոլոգիաների առավելությունները, շատերի մոտ դեռևս առկա են որոշակի մտավախություններ և կարծրատիպեր։ Այդ պատճառով ատոմային էներգետիկայի զարգացման գործընթացում ներգրավված կողմերը հասկանում են, որ այսօր առաջնահերթ խնդիրներից մեկը բնակչության իրազեկումն է՝ ժամանակակից ատոմակայանների անվտանգության, տարածաշրջանային զարգացման վրա դրանց երկարաժամկետ ազդեցության, քաղաքացիների բարեկեցության և ազգային ինքնիշխանության ամրապնդման վերաբերյալ։
Այս համատեքստում կարևոր դեր է խաղում մեր ատոմային տեխնոլոգիաների միջազգային ճանաչվածությունն ու գործնական փորձը։ Ռուսական նոր սերնդի ատոմակայանները հաջողությամբ շահագործվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ «Ռոսատոմ»-ը կուտակել է այլ երկրներում ատոմակայանների կառուցման եզակի փորձ։
— Խնդրում եմ պատմեք Ինդոնեզիայում ատոմային տեխնոլոգիաների հանրահռչակման ուղղությամբ Ձեր աշխատանքի մասին։
Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք անձամբ համոզվել ռուսական ատոմային տեխնոլոգիաների հուսալիության մեջ։ Այդ նպատակով պարբերաբար կազմակերպում ենք այցելություններ ռուսական նախագծով կառուցված ատոմակայաններ։ Այսպես, վերջին երկու տարիների ընթացքում ինդոնեզական մի քանի պաշտոնական պատվիրակություններ այցելել են Կալինինի և Լենինգրադի ատոմակայաններ։ Ինդոնեզացի լրագրողների խմբերը երկու անգամ այցելել են Պևեկ քաղաքում գտնվող լողացող ատոմային ջերմաէլեկտրակայան (ԼԱՋԷԿ), եղել են Կալինինի ատոմակայանում, այցելել են նաև գործարան, որտեղ արտադրվում են ՌԻՏՄ փոքր մոդուլային ռեակտորները, ինչպես նաև «Ատոմ» թանգարան։
Հատկապես հիշարժան էր Ինդոնեզիայից դպրոցական Պրիա Վիչակսոնոյի և պրոֆեսոր Տոպան Սետիադիպուրայի մասնակցությունը «Գիտելիքների սառցահատ — 2025» միջազգային արկտիկական արշավախմբին, որը կազմակերպել էր «Ռոսատոմ»-ը։ 21 երկրների դպրոցականների, ուսանողների և գիտնականների հետ միասին նրանք միջուկային սառցահատով ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ։ 2025 թվականի օգոստոսի 17-ին՝ Ինդոնեզիայի անկախության 80-ամյակի օրը և իր ծննդյան օրը, Պրիան երկրի ազգային դրոշը բարձրացրեց մոլորակի «գագաթին»՝ Հյուսիսային բևեռում։

Բացի այդ, մենք Ինդոնեզիայում իրականացնում ենք նաև երիտասարդության շրջանում ատոմային տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների տարածմանն ուղղված ծրագրեր։ Այսպես, BRIN-ի և Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ 2025 թվականին անցկացվել է «Global HackAtom» միջազգային ուսանողական մրցույթի ազգային փուլը։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 39 թիմ՝ Ինդոնեզիայի տարբեր համալսարաններից։ Մրցույթի շրջանակում ռուս մասնագետները կարդացել են դասախոսություններ ռուսական ատոմային և ճառագայթային տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց՝ մարդկանց կյանքի որակի բարելավման գործում ունեցած դերի մասին։ Ուսանողները հնչեցրել են բազմաթիվ հետաքրքիր հարցեր։ Հաղթող թիմը՝ Պադջաջարան համալսարանից, մասնակցել է Մոսկվայում անցկացված հաքաթոնի եզրափակիչ փուլին և զբաղեցրել երկրորդ տեղը։
Ատոմային ոլորտին ավելի խոր ծանոթանալու ևս մեկ հնարավորություն է Ինդոնեզիայի ուսանողների ուսուցումը Ռուսաստանում՝ «ատոմային» մասնագիտություններով։ Ներկայում այդ ծրագրերում ներգրավված է 29 ուսանող: Հաջորդ ուսումնական տարվա համար հատկացվել է 13 կրթաթոշակ։ Ռուսաստանում ստացած կրթությունն ու գործնական փորձը նրանց հնարավորություն կտան հետագայում նպաստելու ռուսական ատոմային տեխնոլոգիաների նկատմամբ վստահության ամրապնդմանը։
Մենք ատոմային տեխնոլոգիաների մասին տեղեկությունը հասցնում ենք նաև հասարակության լայն շերտերին։ Այսպես, 2025 թվականին Ինդոնեզիայի Հարավարևելյան Սուլավեսի նահանգից երկու ձկնորս մասնակցել է «ատոմային» ձկնորսության միջազգային մրցույթին, որը կազմակերպում է «Ռոսատոմ»-ը։ Նախորդ տարի մրցույթն անցկացվել է Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի կառուցման վայրի մոտ, որտեղ մասնակիցները ծանոթացել են նախագծին և շփվել տեղացի բնակիչների հետ։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք իրենց տպավորություններով կիսվել են ընկերների և հարևանների հետ։ Այս տարի մրցույթը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանում՝ գործող ատոմակայաններից մեկի մոտակայքում, և մենք ակնկալում ենք նաև ինդոնեզացի ձկնորսների մասնակցությունը։
— Պատմեք, խնդրեմ, Ինդոնեզիայի մշակութային առանձնահատկությունների մասին
Ինդոնեզացիները ընդհանուր առմամբ շատ բարեհամբույր և քաղաքավարի մարդիկ են։ Նրանք հաճախ ժպտում են, ջերմորեն շփվում և հյուրասիրություն են ցուցաբերում։ Կորպորատիվ մշակույթում այստեղ ընդունված չէ կտրուկ կամ չափազանց պաշտոնական հաղորդակցություն։ Գործարար միջավայրում անընդունելի են կոպտությունը, ճնշող վարքագիծը կամ անզիջում դիրքորոշումները։ Ինչպես բանակցությունների, այնպես էլ գործնական միջոցառումների ընթացքում կողմերը ձգտում են ստեղծել հարմարավետ մթնոլորտ։
Կարևոր է վստահությունը գործընկերների միջև, որը ձևավորվում է երկարատև անձնական շփումների արդյունքում։ Հաճախ որոշումները կայացվում են համատեղ քննարկումների, բանավեճերի և փոխզիջումներ փնտրելու միջոցով։
Ինդոնեզիայում կարևոր է ճկունությունը ժամանակացույցների և ժամկետների նկատմամբ։ Տեղական մշակույթի մեկ այլ առանձնահատկությունն է՝ ուղիղ մերժման բացակայությունը։ Այդ պատճառով գործընկերների հետ վստահելի անձնական հարաբերությունները օգնում են ավելի լավ հասկանալ իրական դիրքորոշումները։ Կարևոր հմտություն է նաև ենթատեքստ կարդալը և ակնարկները ճիշտ ընկալելը։ Անհրաժեշտության դեպքում գործընկերները չեն խուսափում նույն հարցը բազմիցս քննարկելուց և ճշգրտումներ կատարելուց՝ ապահովելու փոխըմբռնումը։
Ինդոնեզիայի մշակույթի առանձնահատուկ կողմերից է՝ սեփական մշակութային ժառանգության նկատմամբ խոր հարգանքը, որը դրսևորվում է ոչ միայն խոսքում, այլ նաև առօրյա կյանքում։ Օրինակ՝ բազմաթիվ համաժողովներ սկսվում են ազգային հագուստներով պարային խմբերի ելույթներով, որոնք ներկայացնում են Ինդոնեզիայի տարբեր ժողովուրդների ավանդույթները։ Բատիկ տեխնիկայով պատրաստված ազգային նախշերով հագուստը համարվում է պաշտոնական դրես-կոդ և ընդունվում է ինչպես գործնական հանդիպումներում, այնպես էլ բարձր մակարդակի միջոցառումներում։ Նույնիսկ դպրոցներում շաբաթական մեկ օր պարտադիր է կրել բատիկ կամ կեբայա՝ ավանդական կանացի հագուստ։ Եթե օտարերկրացին բանակցությունների ժամանակ կրում է երկարաթև բատիկ, դա ընկալվում է որպես հարգանքի նշան։

