Եվրոպական ատոմը համալրվել է ռուսականով
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#281Հոկտեմբերի 2024

Եվրոպական ատոմը համալրվել է ռուսականով

վերադառնալ բովանդակությանը

World Nuclear Performance Report 2024 զեկույցը փաստում և վերլուծում է 2023 թվականին համաշխարհային ատոմային ոլորտում իրական վիճակը: Եվրոպան, որտեղ միջուկային արտադրությունը երկար տարիներ նվազում է, 2023 թվականին դարձավ նոր ատոմային էներգաբլոկերը ցանցին միացնելու ցուցանիշով առաջատարներից մեկը։ Երկու բլոկ սկսեց գործել Սլովակիայի «Մոխովցե» ԱԷԿ-ում և Բելառուսի ԱԷԿ-ում։ Երկուսն էլ ռուսական դիզայնի են։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականին ատոմային էներգետիկան ըստ էության չի ունեցել առաջխաղացում բոլոր հիմնական ցուցանիշներով։

Արտադրություն և շահագործում

Աշխարհի ատոմային էներգաբլոկներն անցյալ տարի արտադրել են 2602 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Սա 58 TՎտ/ժ-ով ավելի է, քան 2022-ին (2544 ՏՎտ/ժ), բայց 51 ՏՎտ/ժ-ով պակաս, քան 2021-ին (2653 ՏՎտ/ժ): Այս 58 ՏՎտ/ժ-ից ամենամեծ ներդրումն ապահովեց Ֆրանսիան, որն ավելացրեց արտադրությունը 42 ՏՎտ/ժ-ով և դրանով իսկ փոխհատուցեց ֆրանսիական էներգաբլոկերի երկարատև անջատումների հետևանքով առաջացած արտադրության կրճատման մոտ կեսը:

Արտադրությունը նույնպես շարունակեց ակտիվ աճել Ասիայում: Մյուս տարածաշրջաններում 2023 թվականի ընդհանուր արտադրությունը հիմնականում նման է նախորդ տարվան:

Շահագործվող էներգաբլոկերի ընդհանուր թիվը չի փոխվել 2022 թվականի համեմատ՝ 437: Սակայն դրանց դրվածքային հզորությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 1 ԳՎտ-ով՝ մինչև 392 ԳՎտ: Բացի այդ, որոշ բլոկեր, որոնք ունեն գործողի կարգավիճակ, էլեկտրաէներգիա չեն արտադրել, օրինակ՝ Ճապոնիայում և Հնդկաստանում: Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիա արտադրող բլոկերի հզորությունը 2023 թվականին կազմել է 368 ԳՎտ՝ 3 ԳՎտ ավելի, քան մեկ տարի առաջ։

2023 թվականին դրվածքային հզորության օգտագործման գործակիցները (ԴՀՕԳ) հիմնականում համահունչ էին նախորդ հինգ տարիների ընթացքում ձեռք բերվածներին: Միջին հաշվով ողջ ատոմային էներգետիկայի ԴՀՕԳ 2023 թվականին կազմել է 81,5% (2022 թվականին՝ 80,4%)։ Մոտավորապես այս մակարդակի վրա է 2000 թվականից։ «1970-ականներից սկսած յուրաքանչյուր տասնամյակում նկատվում է միջին տեղադրված հզորության գործակցի կայուն աճ: 2010-ականներին ձեռք բերված բարձր ցուցանիշները պահպանվել են 2020 թվականից սկսած»,- նշում են զեկույցի հեղինակները։ Արդյունաբերական արագ նատրիումի ռեակտորները և թեթև ջրային գրաֆիտի ռեակտորները (երկու տեսակներն էլ շահագործվում են միայն Ռուսաստանում) բարելավել են իրենց ցուցանիները: Մասնավորապես, թեթեւ ջրային գրաֆիտային ռեակտորների հզորության գործակիցը 2023 թվականին հատել է 80 տոկոսի սահմանը։

Ըստ զեկույցի՝ տարիքի հետ կապված միջուկային ռեակտորների արտադրողականության ընդհանուր անկում չի դիտարկվում։ Ավելին, պարզվել է, որ մինչև 20 տարեկան և 45 տարեկանից բարձր էներգաբլոկերն ունեն միջինից բարձր հզորության գործակիցներ։ «Միջին տարիքի» բլոկերը, ընդհակառակը, միջինից ցածր ԴՀՕԳ են ցուցաբերել։

Նոր միացումներ

2023 թվականին հինգ բլոկ միացվել է էլեկտրացանցին՝ մեկական Չինաստանում (Fangchenggang-3), Հարավային Կորեայում (Shin-Hanul 2), ԱՄՆ-ում (Vogtle 3), Բելառուսում (Բել ԱԷ-ի երկրորդ բլոկ) և Սլովակիայում (Մոխովցե-3)։ Մոխովցե և Բելառուսի ԱԷԿ-ի բլոկերը ռուսական նախագծման են։ Այսպես, Մոխովեցում 2023 թվականի հունվարի 31-ին ՋՋԷՌ-440 ռեակտորով թիվ 3 բլոկը համաժամեցվել է էներգացանցի հետ։ Այս տեսակի ռեակտորներն ամենից հաճախ կառուցվել են Արևելյան Եվրոպայում անցյալ դարում։ Նրա նախագծային և գործառնական հատկություններն այնքան հաջող ստացվեցին, որ չնայած 1990 թվականին շինարարության սառեցմանը, Սլովակիան երկրի համար դրական համարեց ավարտել Մոխովցեի թիվ 3 և 4 էներգաբլոկերի շինարարությունը: Շինարարությունը վերսկսվել է 2015թ.։ Չորրորդ բլոկում այս պահին ընթանում են էներգամեկնարկին նախորդող աշխատանքներ։

Բելառուսի ԱԷԿ-ում թիվ 2 էներգաբլոկի էներգամեկնարկը տրվել է 2023 թվականի մայիսի 13-ին։ Այդ բլոկում, ինչպես և առաջինում, տեղադրված է III+ սերնդի ՋՋԷՌ-1200 ռեակտոր։ Սրանք ՋՋԷՌ-1200 ռեակտորներով առաջին բլոկերն են, որոնք կառուցվել են Ռուսաստանի սահմաններից դուրս։ 2023 թվականի արդյունքներով երկու բլոկերն ապահովել են Բելառուսում էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 30%-ը (մինչ օրս այդ մասնաբաժինը հասել է 40%-ի): «2023 թվականի դեկտեմբերին էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը ասաց, որ երկիրը դիտարկում է երկրորդ ԱԷԿ-ի կամ Օստրովեցում երրորդ էներգաբլոկի կառուցման հնարավորությունը։ Հոկտեմբերին ռուսական ՏՎԷԼ ընկերությունը և «ԲելՌԱՕ» պետ​​ձեռնարկությունը համաձայնագիր են կնքել Բելառուսում ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքի զարգացման և մերձմակերևութային պահեստարանի ՛ահագործման համար անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ»,- նշվում է զեկույցում։

Կառուծման փուլում գտնվող բլոկեր

2023 թվականին սկսվել է վեց նոր բլոկի շինարարությունը։ Դրանցից մեկը՝ եգիպտական ​​«Էլ-Դաբաա» ատոմակայանի թիվ 3 բլոկը, կառուցում է Ռոսատոմը։ Եվս հինգ բլոկ կկառուցվի Չինաստանում։

«Էլ-Դաբաա»-ն քառաբլոկ ատոմակայան է՝ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով։ Հարթակը գտնվում է Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրիայից 140 կմ հեռավորության վրա։ Ներկայումս շինարարությունն ընթանում է բոլոր չորս բլոկերի վրա (թիվ 4 բլոկի առաջին բետոնը լցվել է 2024 թվականի հունվարի 4-ին)։ Օգոստոսի վերջին Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ քննարկել է շինարարության ընթացքը։ Մուստաֆա Մադբուլին ընդգծել է, որ «Էլ-Դաբաա» ատոմակայանը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ներառված է էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու պետության ծրագրում՝ ընդլայնելով էներգիայի նոր և վերականգնվող աղբյուրների օգտագործումը մինչև 2030 թվականը։ Եգիպտոսի վարչապետը հաստատել է երկրի կառավարական գերատեսչությունների պատրաստակամությունը աջակցելու նախագծին` հաշվի առնելով դրա կարևորությունը Եգիպտոսին մաքուր էլեկտրաէներգիա ապահովելու համար:

Ընդհանուր առմամբ, ըստ WNA-ի գնահատականների, շինարարության փուլում բլոկերի ընդհանուր թիվը հասել է 61-ի: Ռոսատոմը՝ արտերկրում կառուցվող բլոկերի թվով աշխարհում առաջատարն է։

Բանգլադեշում Ռոսատոմը կառուցում է երկբլոկանի «Ռուպուր» ԱԷԿ՝ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով: Թիվ 1 բլոկի շինարարությունը սկսվել է 2017 թվականի նոյեմբերին, թիվ 2 բլոկի առաջին բետոնը լցվել է 2018 թվականի հուլիսին։

Շինարարության ավարտից հետո նախատեսվում է, որ երկբլոկանի կայանը կմատակարարի երկրի էլեկտրաէներգիայի մոտ 9%-ը: 2023 թվականի հոկտեմբերին Բանգլադեշը ստացել է միջուկային վառելիք՝ առաջին բեռնման համար։ Այդ ժամանակից ի վեր «Ռուպուր» ԱԷԿ-ը դարձել է միջուկային օբյեկտ: 2024 թվականին ավարտվեց «Ռուպուր»-ում աշխատելու համար անձնակազմի նախաարտոնագրային պատրաստումը: Ներկայումս ատոմակայանում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Սպասվում է, որ թիվ 1 բլոկը կգործարկվի 2025 թվականին։

Չինաստանում Ռոսատոմը ներկայումս ներգրավված է «Թյանվան» ԱԷԿ-ի թիվ 7 և 8 էներգաբլոկերի և «Սույդապու» ԱԷԿ-ի թիվ 3 և 4 բլոկերի ստեղծմանը: Բոլոր չորս բլոկերը կառուցվում են ռուսական նախագծով՝ օգտագործելով ՋՋԷՌ-1200 ռեակտորային կայանքներ։ Ռոսատոմը իրականացնում է միջուկային կղզու համար փաստաթղթերի և սարքավորումների նախագծում և մատակարարում և մատուցում համապատասխան ծառայություններ: «Տյանվան» ԱԷԿ-ում նախկինում կառուցված ՋՋԷՌ-1000 ռեակտորներով չորս  բլոկերը հաջողությամբ էլեկտրաէներգիա են մատակարարում Չինաստանին:

Հունգարիայում Ռոսատոմը պատրաստվում է «Պակշ-2» ԱԷԿ-ում առաջին բետոնի լցմանը։ 2022 թվականի օգոստոսին Հունգարիայի ատոմային էներգիայի վարչությունը (HAEA) արտոնագիր է տրամադրել ՋՋԷՌ-1200 ռեակտորներով երկու էներգաբլոկերի կառուցման համար։ 2023 թվականի ապրիլին կառավարությունը հաստատեց նախագիծը շարունակելու իր մտադրությունը։ Նույն թվականի մայիսին Եվրամիությունը հավանություն տվեց Ռոսատոմի հետ փոփոխված պայմանագրին։ Նախապատրաստական հողային աշխատանքները տեղանքում սկսվել են 2023 թվականի հուլիսին։ Ակնկալվում է, որ «Պակշ-2»-ի առաջին բլոկի առաջին բետոնը կլցվի մինչև այս տարվա վերջ։

Հնդկաստանում Ռոսատոմը կառուցում է չորս էներգաբլոկ (թիվ 3–6) «Կուդանկուլամ» ԱԷԿ-ում։ Դրանք հագեցված են ՋՋԷՌ-1000 ռեակտորներով։ «Կուդանկուլամ»-ի առաջին փուլի բլոկերը (թիվ 1 և 2) ցանցին են միացվել համապատասխանաբար 2013 և 2016 թվականներին։

Թուրքիայում Ռոսատոմը կառուցում է «Աքքույու» ատոմակայանը երկրի հարավում՝ Մերսինից 120 կմ հարավ-արևմուտք։ Սա քառաբլոկ ատոմակայան է՝ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով։ Չորրորդ բլոկի շինարարությունը սկսվել է 2023 թվականի օգոստոսին։ Առաջին բլոկի կարգաբերման աշխատանքները սկսվել են 2024 թվականի ապրիլին: Ակնկալվում է, որ ռեակտորները  շահագործմանը կհանձնվեն 2025-ից 2028 թ․ ժամանակահատվածում:

Վերջապես, Ռոսատոմը Ռուսաստանում չորս էներգաբլոկ է կառուցում։ Սրանք Կուրսկի ԱԷԿ-ի երկու ՋՋԷՌ-1200 բլոկերն են, ՋՋԷՌ-1200 ռեակտորով մեկ բլոկ Լենինգրադի մարզում (առաջին բետոնը լցվել է 2024 թվականի մարտին) և կապարե ջերմակրիչներով արագ ռեակտորով ԲՐԵՍՏ-ՕԴ-300 բլեկը՝ Սեվերսկում։ Զեկույցում մասնավորապես նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանն ավարտել է աշխարհում առաջին լողացող ատոմակայանի՝ «Ակադեմիկ Լոմոնոսովի» առաջին վերալիցքավորումը։

Բացի այդ, 2023 թվականի հունիսին Ռոսատոմը պայմանագիր է ստորագրել «ՏՍՍ Գրուպ»-ի հետ առնվազն 100 ՄՎտ հզորությամբ մի շարք լողացող էներգաբլոկերի կառուցման վերաբերյալ՝ մինչև 60 տարի ծառայության ժամկետով՝ ԼԷԲ-ից էլեկտրաէներգիայի հետագա վաճառքով Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկյան երկրների շուկաներում:

Էներգաբլոկերի կանգ

2023 թվականին աշխարհում վերջնականապես կանգնեցվել են հինգ ռեակտոր։ Այս գործընթացում առաջատարը Գերմանիան էր, որը դադարեցրեց Emsland, Isar և Neckarwestheim ատոմակայանների վերջին երեք ռեակտորները։ Բացի այդ, Բելգիան (Tihange 2) և Չինաստանը (Kuosheng 2 Թայվան կղզում) վերջնականապես փակեցին մեկական բլոկ: Հաշվի առնելով այս տարի ցանցին միացված հինգ բլոկերը՝ գործող ատոմային էներգաբլոկերի ընդհանուր թիվը չի փոխվել։ Միացման և անջատման գրաֆիկում ակնհայտ դինամիկա (ոչ դրական, ոչ բացասական) չի նկատվում։

Ապագա պլաններ

Հաշվետվության եզրափակիչ նկատառումներում WNA-ի գլխավոր տնօրեն Սամա Բիլբաո ի Լեոնը հիշեցրեց, որ ատոմային էներգիային ուղղված քաղաքական աջակցությունն աճում է։ 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած կլիմայի փոփոխության COP28 համաժողովում 25 կառավարությունների ղեկավարները պարտավորվել են եռապատկել գլոբալ միջուկային էներգիայի հզորությունը՝ մինչև 2050 թվականը զուտ զրոյի հասնելու համար: Ավելի քան 120 ընկերություններ, այդ թվում՝ Ռոսատոմը, ստորագրել են նմանատիպ պայմանագիր։

«Պետք է զգալիորեն ավելացնել նոր միջուկային կայանքների շինարարությունը՝ եռապատկման նպատակին հասնելու համար: Շինարարության այս մակարդակը կախված է նրանից, թե արդյոք միջուկային արդյունաբերությունը կկարողանա՞ հաղթահարել ֆինանսավորման, մատակարարման շղթայի և կարգավորման հիմնախնդիրները, որոնց բախվում են նոր նախագծերը, հատկապես արևմտյան աշխարհում», — ասաց Սամա Բիլբաո ի Լեոնը:

WNA-ն ակնկալում է, որ ավելի շատ կառավարություններ և ընկերություններ կստորագրեն համաշխարհային միջուկային էներգետիկայի հզորությունը եռապատկելու հռչակագիրը: «Բացի այդ, մենք ակնկալում ենք այլ ոլորտների հետ համագործակցության աճ: Այժմ ժամանակն է, որ միջուկային արդյունաբերությունը կապիտալացնի այդ ազդակը և տրամադրի միջուկային էներգիայի ողջ ներուժը մարդկանց և մոլորակի համար», — եզրափակեց  WNA-ի ղեկավարը: