Ուժը մանրաթելում է
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#289Մայիսի 2025

Ուժը մանրաթելում է

վերադառնալ բովանդակությանը

Մայիսին պոլիակրիլոնիտրիլային (ՊԱՆ) պրեկուրսորի և ածխածնային մանրաթելի արտադրության «Ալաբուգա-Վոլոկնո» գործարանը նշում է իր 10-ամյակը։ Ձեռնարկությունը՝ «Ռոսատոմ կոմպոզիտային տեխնոլոգիաների» ստորաբաժանման (այսուհետ՝ կոմպոզիտային ստորաբաժանում) մասն է։ Վերջին 10 տարիների ընթացքում «Ալաբուգա-Վոլոկնո»-ն դարձել է կարևոր օղակ կոմպոզիտների արրտադրության շղթայում՝ ինչպես ատոմային ոլորտի, այնպես էլ շատ այլ կիրառությունների համար։

Թելերը և ՊԱՆ-պրեկուրսորները

Ածխածնային մանրաթելի արտադրության գործարանի շինարարությունը սկսվել է Թաթարստանում՝ «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում 2012 թվականին: Առաջին փուլի հզորությունը տարեկան 1,5 հազար տոննա ածխածնային մանրաթել էր:
Տեխնոլոգիական գիծը բաղկացած է կոճերի խցիկներից, ՊԱՆ-մանրաթելի ջերմային մշակման հատվածից՝ էներգաարդյունավետ օքսիդացման և ածխածնացման վառարաններով, և պատրաստի ածխածնային մանրաթելի մակերեսային մշակման և փաթաթման համակարգից։ Չնայած տեխնոլոգիական սխեմայի արտաքին պարզությանը, գիծը եզակի է՝ առնվազն այն պատճառով, որ երիտասարդ և արագ զարգացող ածխածնային կոմպոզիտային արդյունաբերության մեջ ստանդարտ լուծումներ չկան։

2015 թվականի մայիսի 15-ին պաշտոնապես բացվեց «Ալաբուգա-Վոլոկնո» գործարանը։ «Դրա մեկնարկի շնորհիվ մենք դարձանք միջազգային շուկայի խաղացող, մեզ սկսեցին ճանաչել և ընդունել արտասահմանում, և գրել մասնագիտացված ամսագրերում», — հիշում է «Ռոսատոմ կոմպոզիտային տեխնոլոգիաներ» ստորաբաժանման տեխնիկական տնօրեն – գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Սվիստունովը։ «Ալաբուգա-Վոլոկնո»-ն արտադրում է միջին և բարձր ամրության տարբեր տեսակի ածխածնային մանրաթելեր՝ կոմպոզիտային արտադրանքի համար։ Ռուսական ածխածնային մանրաթելը պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։ Այն նաև մատակարարվում է ներքին շուկա ներմուծման փոխարինման ծրագրի շրջանակներում (ածխածնային մանրաթելի կիրառման ոլորտների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները՝ ստորև):

Զուգահեռաբար, կոմպոզիտային ստորաբաժանումում աշխատում էին ՊԱՆ-պրեկուրսորների՝ ածխածնային մանրաթելի արտադրության համար հումքի արտադրության ստեղծման վրա։ 2021 թվականի նոյեմբերին այս հումքի արտադրության արտադրամասերը դարձան գործարանի անբաժանելի մասը։ ՊԱՆ-պրեկուրսորները ստեղծվում են նավթամթերքից՝ ակրիլային թթվի նիտրիլից։ Այն ձեռնարկությանը մատակարարում է «Լուկոիլ»-ը, որը Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկն է։ Տեխնոլոգիական գործընթացը սկսվում է ռեակտորում, որտեղ ստեղծվում են պոլիմերի մոլեկուլներ։ Այնուհետև պոլիմերային շիթերը դուրս են գալիս բազմաթիվ անցքերով պտտվող մետաղական ցանցերի միջով՝ ձևավորելով ամենաբարակ թելիկները։ «Նոր արտադրությունը թույլ է տալիս մեզ ձևավորել ածխածնային կոմպոզիտային նյութերի ամբողջական տեխնոլոգիական շղթա։ Ռուսական ՊԱՆ-պրեկուրսորների որակը լավագույն համաշխարհային արտադրողների մակարդակին է», — արտադրական օբյեկտի բացման ժամանակ ասաց Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Տարեկան 5 հազար տոննա հզորությամբ նոր արտադրական օբյեկտի գործարկման շնորհիվ կոմպոզիտային ստորաբաժանումը կարողացավ հրաժարվել արտասահմանյան մատակարարումներից։ Ձեռնարկությունը հումք է մատակարարում ոչ միայն «Ալաբուգա-Վոլոկնո»-յին, այլև Սարատովի մարզի Բալակովո քաղաքում գտնվող կոմպոզիտային ստորաբաժանման երկրորդ ձեռնարկությանը։ Բացի այդ, «Ռոսատոմը» հետագայում մտավ ածխածնային մանրաթելերի համաշխարհային չորս առաջատար արտադրողների շարքը, որոնք կարող են շուկային առաջարկել ապրանքների լայն տեսականի։

Կիրառման ոլորտներ

«Ալաբուգա-Վոլոկնո» արտադրանքն օգտագործվում է 17.5 մ երկարությամբ թևի կոնսոլում և նեղ կորպուսով ՄՍ-21-300 ինքնաթիռի կենտրոնական հատվածում։ Կոմպոզիտները բարելավում են թևի աերոդինամիկան, առանձին տարրերի քաշը նվազում է, ինչի արդյունքում ինքնաթիռը սպառում է ավելի քիչ վառելիք, և կրճատվում են դրա շահագործման ծախսերը։ ՄՍ-21-ի լիովին ներմուծմամբ փոխարինված տարբերակի հավաստագրման թռիչքների մեկնարկը նախատեսված է 2025 թվականի ամռանը։

Ածխածնային մանրաթելի երկրորդ հիմնական կիրառությունը ուրանի հարստացման գազային ցենտրիֆուգների ռոտորներում է։ Ռոսատոմի վառելիքային ստորաբաժանումը (ՏՎԷԼ) շատ պահանջկոտ է մանրաթելի որակի նկատմամբ, քանի որ ցենտրիֆուգները 30 տարի շարունակ աշխատում են վայրկյանում ավելի քան 1500 պտույտ արագությամբ՝ առանց կանգ առնելու։

Մեկ այլ ուղղություն է՝ տրանսպորտը։ Ածխածնային կոմպոզիտները օգտագործվում են դիմացկուն և թեթև մրցարշավային մեքենաների թափքեր, սնոուբորդներ և այլն պատրաստելու համար: Կոմպոզիտային ստորաբաժանումը համագործակցել է իտալական Kawasaki Puccetti Racing մրցարշավային թիմի հետ և մուտք գործել մոտոբաղադրիչների շուկա: Այո, ռուսական կոմպոզիտներ կարելի է գտնել սպորտային հեծանիվների թափքի վրա, ինչպես նաև սապ- և սնոուբորդներում։ Ի դեպ, մականները նույնպես պատրաստվում են ածխածնային կոմպոզիտներից։

Չորրորդ ուղղությունը՝ բարձր ճնշման բալոնների արտադրությունն է, այդ թվում՝ ջրածնի պահեստավորման և տեղափոխման համար։

Հինգերորդ ոլորտը՝ հողմաէներգետիկա. ածխածնային կոմպոզիտների մասնաբաժինը քամու շեղբերի արտադրության մեջ կազմում է մոտ 10%: Լոնժերոնների դարակների պատրաստման համար օգտագործվում են ածխածնային կոմպոզիտներ: Դարակը ածխածնային գործվածքի մի քանի շերտերից բաղկացած շերտ է, որը ձգվում է շեղբի ամբողջ երկարությամբ։ Դարակները տեղադրված են պատյանների մեջ, և ուժային տարրերը հենվում են դրանց վրա, ինչը թույլ է տալիս շեղբերին դիմակայել հողմային ծանրաբեռնվածությանը:

Վերջապես, ածխածնային կոմպոզիտները օգտագործվում են տարբեր փոքր առարկաներ և մասեր պատրաստելու համար: Այստեղ կիրառման շրջանակը սահմանափակվում է միայն ստեղծողների երևակայությամբ: Դրանց թվում են նոութբուքի պատյաններ, երաժշտական գործիքներ և շատ-շատ ավելին։