Բոլիվիական լիթիումը՝ Ռուսաստանի համար
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#267Հուլիսի 2023

Բոլիվիական լիթիումը՝ Ռուսաստանի համար

վերադառնալ բովանդակությանը

Հունիսի վերջին Uranium One Group-ը (Ռոսատոմի մաս) ստորագրեց շրջանակային համաձայնագիր Բոլիվիայի պետական ​​Yacimientos de Litio Bolivianos (YBL) ընկերության հետ՝ Բոլիվիայի Պոտոսի դեպարտամենտում լիթիումի կարբոնատի արդյունահանման և արտադրության արդյունաբերական համալիրի կառուցման վերաբերյալ: Ռոսատոմի համար, որն արդեն իրականացնում է լիթիում-իոնային կուտակիչների սեգմենտ մուտք գործելու լայնածավալ ծրագրեր, սա լիթիումի արդյունահանման առաջին նման խոշոր արտասահմանյան նախագիծն է։

Մրցույթ

Համաձայնագիրը՝ լիթիումի ուղղակի սորբցիոն արդյունահանման տեխնոլոգիական մրցույթի արդյունք է, որը YLB-ն հայտարարեց 2021 թվականի ապրիլի 30-ին: Մրցույթին մասնակցել են ավելի քան 20 ընկերություններ տարբեր երկրներից։ Արդյունահանման տեխնոլոգիաները ցուցադրելու համար դրանք աղաջուր են ստացել Բոլիվիայի հայտնի հիդրո-հանքային հանքավայրերից (սալարներ)՝ Ույունիից, Պաստոս Գրանդեսից և Կոիպասից: Տեխնոլոգիական թեստավորման արդյունքներով տեխնիկական հաշվետվությունները ներկայացվել են մրցութային հանձնաժողովին, որը գնահատել է օգտակար բաղադրիչի և կեղտերի տարբեր պարունակությամբ աղաջրերից լիթիումի սորբցիոն արդյունահանման տեխնոլոգիաների արդյունավետությունը, պլանավորված նախագծերի ֆինանսական, տնտեսական, իրավական և բնապահպանական պարամետրերը:

Մասնակիցները ցուցադրեցին տեխնոլոգիայի առանձնահատկությունները՝ գործառնությունների հաջորդականությունը, սարքավորումների շահագործման ռեժիմները, տեխնոլոգիական գործընթացի պարամետրերը և այլն։ Ռուսական տեխնոլոգիան, հատուկ սորբենտի շնորհիվ, ցույց է տվել 90% լիթիումի արդյունահանում։ Այն չի օգտագործում ագրեսիվ քիմիական միացություններ, դեսորբցիայի համար օգտագործվում է քաղցրահամ ջուր։ Լիթիումի արդյունահանումից հետո աղաջրը, որի մեջ պահպանված են մնացած բոլոր սկզբնական բաղադրիչները, վերադարձվում է սալար: Տեխնոլոգիական գործընթացը ենթադրում է ջրի ցիկլային օգտագործում, ուստի դրա սպառումը նվազագույն է և չի ազդում սալարի և հարակից տարածքների ջրային հաշվեկշռի վրա: Վերջապես, տեխնոլոգիական գործընթացը լիովին ավտոմատացված է:

2022 թվականի հունիսին ավարտվեց հիմնական փուլը։ Եզրափակիչ դուրս եկավ վեց ընկերություն: YLB -ն առանձնացրել է դրանցից չորսը՝ ռուսական, ամերիկյան և երկու չինական։ 2023 թվականի հունվարին YLB-ն շրջանակային համաձայնագիր է ստորագրել չինական CBC կոնսորցիումի հետ, որը ներառում է CATL, BRUNP և CMOC, Ույունիի և Կոիպասի սալարներում լիթիումի կարբոնատի արտադրության արդյունաբերական համալիր կառուցելու համար: Բանակցությունները շարունակվել են հայտատուների հետ, որի արդյունքում YLB-ն պայմանագրեր է կնքել Uranium One Group-ի և չինական CITIC Guoan-ի հետ։

«Այսօր ստորագրված համաձայնագիրը դուռ է բացում մեծ ծրագրի իրականացման համար։ Ժամանակակից ռուսական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ նախագծի իրականացումը կապահովի Բոլիվիայի բնական հարստության խելամիտ օգտագործումը՝ ի շահ երկրի և Բոլիվիայի ժողովրդի զարգացման», — արարողության ժամանակ հայտարարել է Lithium One Bolivia (Uranium One-ի բոլիվիական դուստր ձեռնարկություն) ընկերության նախագահ Խորխե Ալբերտո Ռոկա Կաուֆմանը։

Ապագա նախագիծը

Ռուսական ընկերության հետ կնքված պայմանագիրը նախատեսում է Անդերում ծովի մակարդակից 4600 մ բարձրության վրա գտնվող Պաստոս Գրանդես սալարի հիմքի վրա տարեկան 25 հազար տոննա լիթիումի կարբոնատ հզորությամբ արտադրական օբյեկտի ստեղծում։ Նախագծում ներդրումների ծավալը 600 մլն դոլար է, որոնողական աշխատանքների արդյունքներով ձեռնարկության կարողությունները կարող են մեծացվել։

«Մենք կիսում ենք բոլիվիական կողմի շահագրգռվածությունը առաջին փուլի արագ գործարկման և պատրաստի արտադրանքի արտադրության մեկնարկի վերաբերյալ: Բացի այդ, Ռոսատոմը կապահովի որակյալ կադրերի պատրաստում»,- ասել է պետ​​կորպորացիայի զարգացման եւ միջազգային բիզնես բլոկի տնօրեն, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը։

Համագործակցության շարունակություն

Պաստոս Գրանդես սալարի զարգացումը՝ Ռոսատոմի և Բոլիվիայի համատեղ երկրորդ խոշոր նախագիծն է։ Առաջինը՝ Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնն է (ՄՀՏԿ) Էլ Ալտո քաղաքում։ ՄՀՏԿ-ն արդեն արտադրել և Բոլիվիայի կլինիկաներին է առաքել առաջին ռադիոդեղագործական դեղամիջոցները: Նախակլինիկական ցիկլոտրոն-ռադիոդեղագործական համալիրը հնարավորություն կտա լիովին ապահովել Բոլիվիային միջուկային բժշկության ռադիոդեղագործական միջոցներով՝ տարեկան ապահովելով ավելի քան 5000 հիվանդի հետազոտություն։ «Մենք վստահելի գործընկերներ ենք. ոչ քաղաքական բնույթի դժվարությունները, ոչ էլ համաճարակի խոչընդոտները մեզ չխանգարեցին Միջուկային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի նախագիծն իրականացնել մեր պայմանավորվածություններին համապատասխան», — մեկնաբանեց Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Լիթիում կուտակիչների համար

Բոլիվիական լիթիումն անհրաժեշտ է մարտկոցների սեգմենտը զարգացնելու  համար։ Ռոսատոմը զարգացնում է այս ոլորտը՝ մետաղի արդյունահանումից մինչև էլեկտրաէներգիայի պահեստավորման համակարգեր՝ էլեկտրական տրանսպորտի և էլեկտրաէներգետիկական արդյունաբերության կարիքների համար: «Ռոսատոմին ինչի՞ համար է պետք լիթիումը: Մենք օգտագործում ենք այն և նախատեսում ենք օգտագործել մեծ արդյունաբերական շղթայում: Մենք արդեն հիմնել ենք արդյունաբերական և տրանսպորտային նպատակներով էներգիայի պահեստավորման սարքերի հավաքման արտադրամասեր: Կալինինգրադում մեկնարկում է գործարանի շինարարությունը, դեռ շատ ծրագրեր կան մեծացնելու կուտակիչների և մարտկոցների արտադրությունը, առաջին հերթին՝ տրանսպորտի համար», — ասել է Ալեքսեյ Լիխաչովը։ Նոր արտադրությունը ձեռնտու է նաև Բոլիվային. թեև երկիրը մտնում է այսպես կոչված «լիթիումի եռանկյունու» մեջ (այն ձևավորում են Բոլիվիան, Արգենտինան և Չիլին, որոնք ունեն լիթիումի խոշոր պաշարներ) և տիրապետում է աշխարհի պաշարների 21,4%-ին, այնտեղ լիթիումի արդյունաբերական արտադրություն չի իրականացվում։

Լիթիումի խոշորագույն արտադրողները

Ավստրալիա (55%)

Չիլի (26%)

Չինաստան (14%)

Արգենտինա (6%).