Գումար ատոմի համար
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#269Սեպտեմբերի 2023

Գումար ատոմի համար

վերադառնալ բովանդակությանը

Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնը (The Center on Global Energy Policy at Columbia University’s School of International and Public Affairs) հրապարակել է «Կրիտիկական ​​հակասություն. Ապաածխաթթվայնացման մոդելներում ատոմային էներգիայի վրա հիմնվելը և միաժամանակ դրա բացառումը կայուն ֆինանսավորման տաքսոնոմիայից» ուսումնասիրություն: Հետազոտության հիմնական ուղերձն այն է, որ չնայած միջուկային էներգիայի ապաածխաթթվայնացման գործում կարևոր դերի ճանաչմանը, ինստիտուցիոնալ ներդրողները չեն շտապում ներդրումներ կատարել դրանում։

Հետազոտության նախաբանը՝ մի քանի փաստեր է, որոնք վկայում են միջուկային էներգիայի դրական ազդեցության մասին մոլորակի արտանետումների նվազեցման հարցում: Այսպիսով, անցյալ տարվա հուլիսին Եվրամիությունն իր Տաքսոնոմիայում ներառեց ատոմային էներգիան էկոլոգիապես կայուն գործունեության շարքում: Փաստաթուղթը ուղեցույց է ներդրողների և ընկերությունների համար, թե որ գործունեությունն է համարվում կայուն, որը` ոչ:

Այնուհետև կանադական Ontario Power Generation-ը թողարկեց «կանաչ պարտատոմսեր», որոնցում առկա էր մաև ատոմային էներգետիկան: Դրանց հանդեպ պահանջարկը վեց անգամ գերազանցել է առաջարկը։

Հետազոտության հեղինակները նաև հիշեցրել են, որ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը 2022 թվականի նոյեմբերին Շարմ էլ-Շեյխում կայացած համաժողովում պնդում էր, որ միջուկային էներգիան վերադաձնում է իր նախկին դիրքերը։

Այնուամենայնիվ, ուսումնասիրելով 30 համաշխարհային համակարգային կարևոր բանկերի կանաչ և կայուն պարտատոմսերի մոդելները, հետազոտողները եզրակացրեցին, որ բանկերի դասակարգումը կա՛մ բացահայտորեն բացառում է միջուկային էներգիան, կա՛մ անհասկանալի է, թե արդյոք այն ներառված է: «Չնայած այն պոտենցիալ կարևոր դերին, որ միջուկային էներգիան կարող է խաղալ համաշխարհային տնտեսության լայնածավալ ապաածխաթթվայնացման հասնելու գործում, այն ամենից հաճախ դուրս է մնում կայուն ֆինանսավորման դասակարգումից, կամ այս հարցը տաքսոնոմիայում մեկնաբանվում է ոչ միանշանակ: Համապատասխանաբար, այն հարցի պատասխանը, թե արդյոք միջուկային էներգիան համարվում է կանաչ և կայուն, մեծապես տատանվում է կածված տարածաշրջաններից և հաստատություններից», — նշվում է ուսումնասիրության մեջ: Համակարգային նշանակություն ունեցող 30 համաշխարհային բանկերի 57%-ը իրենց տաքսոնոմիաներում հստակորեն բացառել է ատոմային էներգետիկան կայուն կամ կանաչ ֆինանսական մոդելներից, մինչդեռ ևս 40%-ը լռում է այն մասին, թե արդյոք այն ներառված է տաքսոնոմիայում, թե ոչ: Առաջիններից են՝ JP Morgan, Citi, HSBC, BNP Paribas, Bank of China, China Construction Bank, Deutsche Bank, Goldman Sachs եւ այլն։ Երկրորդների թվում են Bank of America, Barclays, Mitsubishi UFJ, Agricultural Bank of China, Crédit Agricole, ING Bank, Morgan Stanley, Royal Bank of Canada եւ այլն։

Հետազոտողները չեն հայտնաբերել ներդրումային բանկերի ռազմավարության որևէ օրինաչափություն՝ կախված երկրի տարածքային պատկանելությունից:

Այսպիսով, Գերմանիան և, որքան էլ պարադոքսալ է, Ֆրանսիան բացառել են միջուկային էներգիան վերջին ինքնիշխան կանաչ պարտատոմսերի թողարկումներից ստացված եկամուտների թույլատրելի տեսակների թվից, չնայած միջուկային էներգետիկան ներառված է ԵՄ դասակարգման մեջ: Ճիշտ է, այն նախագծերը, որոնք կարող են «կանաչ» համարվել ԵՄ Տաքսոնոմիայի համաձայն, պետք է բավարարեն բազմաթիվ պայմաններին։ Օրինակ, նոր կայանը պետք է ստանա շինարարության թույլտվություն մինչև 2045 թվականը և գտնվի մի երկրում, որը պլանավորում է ռադիոակտիվ թափոնները հեռացնել մինչև 2050 թվականը: Գործող ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով գործող ատոմակայանների արդիականացման նախագծերը կարող են գործարկվել միայն մինչև 2040 թվականը: Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ ատոմային էներգիան ազգային մակարդակով Ֆրանսիայում չի համարվում «կանաչ» և սուվերեն պարտատոմսերի վաճառքից ստացված գումարները չեն կարող օգտագործվել դրա զարգացման համար, Électricité de France-ը ներառել է միջուկային էներգետիկան կանաչ պարտատոմսերի թողարկման սեփական համակարգում:

Ըստ հետազոտության, 2021 թվականի տվյալներով Մեծ Բրիտանիայի կառավարության Կանաչ ֆինանսավորման  շրջանակային ծրագիրը ուղղակիորեն բացառում է միջուկային էներգետիկան: Սա այն դեպքում, երբ էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրում պետք է կառուցվի ութ բլոկ։ Պատճառը բազմաթիվ «կայուն» ներդրողների կողմից միջուկային բացառման չափանիշների ընդունումն է։

Ասիական Ինդոնեզիան և Հնդկաստանը (որը նույնպես զարմանալի է) բացառեցին միջուկային էներգետիկան տաքսնոմիայից: Իսկ ահա Չինաստանը դեռևս 2021 թվականին միջուկային էներգետիկան ներառեց այն ոլորտների ցանկում, որոնք երկրի կարգավորող մարմինները համարում են «կանաչ»: Հարավային Կորեան ատոմային էներգետիկան ներառեց իր K-տաքսոնոմիայի մեջ 2022 թվականի սեպտեմբերին:

Իրենց տաքսոնոմիաներից  միջուկային էներգետիկան բացառում են  Ֆինանսավորման այնպիսի զգալի աղբյուրներ, ինչպիսիք են, օրինակ, Համաշխարհային բանկը: Բացի այդ, «Պատասխանատու ներդրումների սկզբունքները» (PRI), որոնք ստորագրվել են ավելի քան 5300 ներդրումային մենեջերների և ակտիվների սեփականատերերի կողմից, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 121 տրիլիոն դոլար, քննադատում են միջուկային էներգիայի ընդգրկումը ԵՄ Տաքսոնոմիայում: Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիան (ICMA), որը սահմանում է լայնորեն կիրառվող կանաչ պարտատոմսերի սկզբունքները, նույնպես չի ներառել ատոմային էներգետիկան ընդունելի կանաչ նախագծերի ցանկում:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ «կայուն» ներդրումային ակտիվների ծավալը 2021 թվականի վերջին գնահատվել է 35 տրիլիոն դոլար։ Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը այն կաճի մինչև 50 տրիլիոն դոլար: «Կանխատեսվում է, որ կայուն ներդրումները կշարունակեն աճել պայթուցիկ տեմպերով, և ատոմային էներգետիկան, հավանաբար, կշահի, եթե ստանա հասանելիություն կապիտալի այս մասնաբաժնին», — ասում են հետազոտողները: Ատոմային էներգետիկայի մասին ներդրողների ընկալումը բարելավելու համար նրանք առաջարկում են, որ խմբերը, որոնք մշակում են կլիմայական տաքսոնոմիաներ, քննարկեն էներգաընկերությունների հետ իրենց դերը մոլորակի ապաածխաթթվայնացման գործում:

Հետազոտության հեղինակների առաջարկը հուսադրող է, սակայն հակասում է մեկ հանգամանքի. որոշ նախագծերում ներդրողները հենց էներգաընկերություններն են։ Օրինակ՝ NuScale Power ընկերության կողմից Փոքր հզորության ատոմակայնների  կառուցումը։ Եվ անցած տարվա ընթացքում նախագծի ներդրողները կարծես թե ավելի հիասթափված են. NuScale-ի բաժնետոմսերը տարվա ընթացքում էժանացել են գրեթե  երեք անգամ (15,32 դոլարից 2022 թվականի օգոստոսի 24-ին մինչև 5,97 դոլար 2023 թվականի օգոստոսի 31-ին):

Որտեղի՞ց վերցնել գումարներ

Այնուամենայնիվ, չնայած ֆինանսական հաստատությունների մտահոգություններին, ատոմային էներգետիկան զարգանում է: Ֆինանսավորման հիմնական աղբյուրները՝ պետականերն են։ Միջուկային խոշորագույն տերությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ներդրումներ են կատարում իրենց ծրագրերի զարգացման համար։ Ճիշտ է, ծավալը տարբեր է: Այսպիսով, Չինաստանը դեռ 2021 թվականին հայտարարեց, որ 15 տարվա ընթացքում կկառուցի 150 ռեակտոր։ Նախնական հաշվարկներով՝ դրա համար կպահանջվի մոտ 440 միլիարդ դոլար, ԱՄՆ-ում ծրագրերը շատ ավելի համեստ են՝ 6 միլիարդ դոլար առաջիկա հինգ տարիների ընթացքում: Դրանցից Diablo Canyon ԱԷԿ-ն արդեն ստացել է 1,1 միլիարդը՝ շահագործման ժամկետը երկարացնելու համար։ Ֆրանսիան էլ ավելի քիչ գումար ունի միջուկային տեխնոլոգիաների համար. մոտավորապես 1,2 միլիարդ եվրո է նախատեսվել նորարարական միջուկային ռեակտորների աջակցության և զարգացման և «Ֆրանսիա 2030» ծրագրում «նոր խաղացողների» առաջացման համար:

Ռոսատոմի սեփական ներդրումներն արդեն երկրորդ տարին գերազանցում են 1 տրիլիոն ռուբլին՝ սա մոտ 14,6 միլիարդ դոլար է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 2022 թվականի միջին փոխարժեքով (68,48 ռուբլի/դոլար): Իհարկե, սա միայն ատոմակայանների բուն շինարարության մեջ ներդրում չէ։ Բայց, ամեն դեպքում, սա ատոմային արդյունաբերության և ատոմային համայնքի զարգացման վրա ծախսված գումար է։

Միջուկային ենթակառուցվածքների միջազգային բանկը (IBNI) կարող էր պոտենցիալ փողերի աղբյուր դառնալ համաշխարհային միջուկային արդյունաբերության համար: Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն կներառի միջուկային էներգիայի զարգացմամբ հետաքրքրված 50 երկիր։ «Ակնկալվում է, որ IBNI-ն կստեղծվի 2023 թվականի սկզբին, որի անդամ երկրները (առնվազն 50 ինքնիշխան երկրների կոալիցիա) սկզբում կներդնեն 50 միլիարդ դոլար բանկի բաժնետիրական կապիտալում (որից 50%-ը կամ 25 միլիարդ դոլարը կվճարվի անմիջապես, իսկ մնացածը՝ կտրամադրվի ըստ պահանջի)», — ասված է բանկի նախնական զեկույցում և գործողությունների ծրագրում: Սա միայն նախնական ծավալն է. լավագույն դեպքում, ավելի քան 30 տարվա ընթացքում, կապիտալիզացիան, ինչպես նշված է փաստաթղթում, կարող էր աճել մինչև 300 միլիարդ դոլար, իսկ բանկը կարող է դառնալ 26 տրիլիոն դոլարի ներդրումների կատալիզատոր: Նախատեսվում էր, որ IBNI նախաձեռնությունները կգլխավորեն Իրականացնող կազմակերպությունը, որը նախատեսվում էր ստեղծել 2022 թվականի սկզբին։

Սակայն, ամբողջ աշխարհում քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններից հետո IBNI-ի ստեղծման գաղափարը նախ կանգ առավ, այնուհետև արմատապես փոխակերպվեց: Այժմ բանկն ունի ակումբային ձևաչափ։ «Մենք ենթադրում ենք, որ նախնական խումբը, որը կգլխավորի բանկի ստեղծումը, կարող է ներառել յոթ երկիր՝ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, [Հարավային] Կորեա և ԱՄԷ»,- ասել է տնօրենների խորհրդի անդամ Էլինա  Թեպլինսկի Energy Intelligence պարբերականին տված հարցազրույցում։ Փոխվել են և՛ ծավալը, և՛ կապիտալիզացիայի աղբյուրները՝ 5 մլրդ դոլար պետք է ներդրվի մասնակից երկրների կողմից։ Բանկը հույս ունի ներգրավել ևս 25 միլիարդ դոլար մասնավոր ներդրողներից, ասել է IBNI ռազմավարական խորհրդատվական խմբի նախագահ Դենիել Դինը: Սպասվում է, որ COP-28-ում, որը կանցկացվի ԱՄԷ-ում այս տարվա դեկտեմբերին, կստորագրվի բանկին աջակցող համատեղ հռչակագիր։

IBNI-ի խնդիրն այն է, որ այնքան էլ պարզ չէ, թե որտեղից կգան պետական ​​ներդրումները: Ինչպես երևում է վերը նշված թվերից, այն երկրները, որոնք IBNI-ի պոտենցիալ հիմնադիրներն են, քիչ գումար ունեն նույնիսկ սեփական միջուկային նախագծերի համար, իսկ ԱՄՆ պետական ​​պարտքն արդեն 32 տրիլիոն դոլար է։ Այսպիսով, ակնհայտ հարցն այն է, թե որ երկրներում է IBNI-ի ծրագրերը ֆինանսավորելու: Մասնակի՞ց երկրներում: Բայց եթե, ինչպես երևում է ուսումնասիրությունից, խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները չեն շտապում ուղղակիորեն ներդրումներ կատարել միջուկային էներգիայի մեջ, ապա ինչո՞ւ կարող են նրանց հետաքրքրել բանկի միջոցով ներդրումներ անելու գաղափարը։ Եթե ​​դրանք այլ երկրներում ներդրումներ են, ապա այլ խնդիրներ կառաջանան։ Մասնավորապես, կծագի կոնկրետ նախագծում տեխնոլոգիական գործընկերության դերերի բաշխման խնդիր: Այն, որ սա ցավոտ կետ է IBNI-ի պոտենցիալ հիմնադիրների համար, վկայում է ամերիկյան Westinghouse-ի և հարավկորեական Kepco-ի հակամարտությունը: Westinghouse-ը հարավկորեական APR-1400 նախագիծը չի համարում արտոնագրված և ձգտում է արգելել Լեհաստանում, Չեխիայում և Սաուդյան Արաբիայում նման ռեակտորներով բլոկների կառուցման վերաբերյալ համաձայնագրերը:

Սկզբունքորեն, ատոմակայանի (թեև միայն փոքր հզորության)  կառուցման համար փողի աղբյուրը կարող է լինել մասնավոր, ավելի ճիշտ՝ անհատական ​​ներդրումները։ Համաշխարհային պրակտիկայում կա Բիլ Գեյթսի օրինակը, որը զարգացնում է նատրիումային ջերմակրիչով արագ ռեակտորով ՊՀԱԿ նախագիծ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կենսունակ ատոմակայան հավաքելը պարզ խնդիր չէ։ Այսպիսով, օգոստոսին հայտնի դարձավ, որ ընկերությունը շինարարության լիցենզիայի համար այս ամիս չի կարողանա հայտ ներկայացնել կարգավորող մարմնին (NRC): Դիմելու վերջնաժամկետը տեղափոխվել է 2024 թվականի մարտ։ Բացի այդ, բլոկի ինքնարժեքը կարող է կրկնապատկվել նախնական գնահատականների համեմատ: Սա սովորական երևույթ է պիլոտային նախագծերի համար, բայց դժվար թե հաճելի լինի ներդրողի համար:

Իրականությունն այսպիսին է. առայժմ միայն պետություններն են պատրաստ ֆինանսավորել ատոմային արդյունաբերության զարգացումը։ Ռուսաստանը աշխարհի խոշորագույն միջուկային ներդրողներից մեկն է։ Ռոսատոմն իր գործընկերներին առաջարկում է ինչպես ապացուցված տեխնոլոգիաներ, այնպես էլ զարգացում և փորձարկում է նորերը: Այս մասին ավելին կարդացեք «Ռեակտորային տեխնոլոգիաներ» բաժնում: