Կենսատնտեսության օգտին
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#300Ապրիլի 2026

Կենսատնտեսության օգտին

վերադառնալ բովանդակությանը

«Ռոսատոմ»-ի կողմից զարգացվաղ նոր բիզնես ուղղություններից է՝ տեխնոլոգիաներ կենսատնտեսության համար: Պետկորպորացիան այս ոլորտում իր նվաճումները ներկայացրել է մարտ ամսին «Ապագայի տեխնոլոգիաների համաժողովում» (ԱՏՀ): Այնտեղ ներկայացվել են ջրի մաքրման տեխնոլոգիաները, սրտի արհեստական փականը, էներգետիկ օբյեկտների մոդելները և այլ մշակումները:

Անցյալ տարի Զայաց անունով ճագարը իրարանցում առաջացրեց ԱՏՀ-ում, երբ իր ազդրային զարկերակում տեղադրվեց «Ռոսատոմ»-ի կենսաարտադրությունում աճեցված անոթ: Այս տարի ճագարին համաժողով չեին բերել, բայց ինչպես ցուցահանդեսի շրջայցի ժամանակ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասաց, «Զայացը ողջ է, առողջ է և զուգընկերուհի է գտել»:

Երկու համաժողովների միջև ընկած մեկ տարվա ընթացքում պետկորպորացիայի գիտնականները սովորել են ստեղծել ավելի բարդ օրգաններ, քան անոթային համարժեքները, ինչպիսին է մարդու սրտի փականը: Հաջորդ մարտահրավերը՝ ֆունկցիոնալ համակարգերին անցնելն է: Այս տարվա մարտին Ռուսաստանը ընդունեց հյուսվածքների և օրգանների համարժեքների եռաչափ կենսատպագրության ոլորտը կարգավորող առաջին ազգային ստանդարտը: Փաստաթուղթը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ին, կծառայի որպես ժամանակակից կենսաբժշկության առավել հեռանկարային ոլորտներից մեկի արագացված զարգացման հիմք։

Մարդու առողջության բարելավմանն ուղղված «Ռոսատոմ»-ի մեկ այլ մշակումն է՝ բժշկական իզոտոպերի արտադրության ցիկլոտրոնը: Այն մշակվում է Եֆրեմովի անվան էլեկտրաֆիզիկական սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ «Ռոսատոմ ՌԴՍ»-ի հետ համատեղ: Ցիկլոտրոնի եռաչափ մոդելը ներկայացվել է ԱՏՀ ցուցահանդեսում: Մինչև 2030 թվականը նախատեսվում է մի քանի ցիկլոտրոններ մատակարարել Ռուսաստանի տարածաշրջանային կլինիկաներ:

Միջուկային մարտկոցները կարող են հաջողությամբ օգտագործվել սրտի խթանիչներում և այլ նմանատիպ սարքավորումներում:

Կուտակված վնասի վերացում բնության օգտին

«Ռոսատոմը» մշակում է կենսագազի վրա հիմնված էներգետիկ լուծումներ, որոնք պահպանում են շրջակա միջավայրը: Օրինակ, պետկորպորացիայի տաղավարը ԱՏՀ-ում զարդարված էր կենսագազով տաքացվող ջերմոցներում աճեցված ծաղիկներով: Այս կենսագազը հավաքվում է Չելյաբինսկի քաղաքային աղբավայրից, որը վերականգնվել է 2021 թվականին: վերականգնումը իրականացրել է «Ռոսատոմը»: Այժմ նախկին աղբավայրի տարածքը՝ կոկիկ բլուր է: Մթնոլորտում վնասակար արտանետումները և Միաս գետ թափվող կեղտաջրերը դադարել են:

Մեկ այլ մշակումն է՝ կենսաթափոններով աշխատող էլեկտրակայանները: Նման նախագծերից մեկն իրականացվում է Ղազախստանում: Գաղափարն այսպիսին է. օրգանական թափոնները (գոմաղբ, թրիք և այլն) բեռնվում են տանկերների մեջ, որտեղ դրանք մշակվում են միկրոօրգանիզմների կողմից: Արտանետվող կենսագազն օգտագործվում է էլեկտրաէներգիա և ջերմություն արտադրելու համար: Մշակումից հետո մնացած պինդ մնացորդը արժեքավոր պարարտանյութ է:

«Ռոսատոմը» Լենինգրադի մարզի Կրասնի Բորի աղբավայրը շահագործումից հանելու իր նախագծի միջանկյալ արդյունքները ներկայացրել է ԱՏՀ–ում: Տեղադրված 13-փուլային համակարգը ջուրը մաքրում է մինչև ձկնային տնտեսության որակի: Համաժողովում ցուցադրվել են կենդանի ձկներ Տոսնա գետից, որտեղ հոսում է Կրասնի Բորից մաքրված ջուրը։ «Սա ապացուցում է, որ ջուրն իսկապես պիտանի է բնական էկոհամակարգերի հետագա զարգացման համար», — ընդգծեց Ալեքսեյ Լիխաչյովը։

Ենթակառուցվածք կենսատնտեսության համար

Մեծ տվյալների մշակումը ժամանակակից լուծումների, այդ թվում՝ կենսատնտեսության մեջ, հիմնական բաղադրիչ է: Տարածված գործիքներից մեկը՝ նեյրոնային ցանցերն են: Ֆոտոնային տեխնոլոգիաները կարող են դրանք ավելի արդյունավետ դարձնել՝ նվազեցնելով դրանց հսկայական էներգիայի սպառումը: Սա հենց այն է, ինչի վրա են աշխատում Սարովի անվան միջուկային կենտրոնի գիտնականները: Օրինակ, եթե  15 NVIDIA գրաֆիկական պրոցեսորներ պատկերի ճանաչման համար օգտագործում էին շուրջ 10 կՎտ, ապա ֆոտոնային համապրոցեսորը՝  ընդամենը մոտ 120 Վտ: